Life.panorama.am-ը գրում է. Երգչուհի Ալլա Լևոնյանի ընտանիքում արդեն մի քանի օր է, ինչ իշխում է նախատոնական տրամադրությունը. բալիկները հասցրել են Ձմեռ պապիկին նամակ գրել, իսկ տոնածառն էլ ողջ ընտանիքով են զարդարել:
Կայքի հետ զրույցում երգչուհին պատմել է, որ Նոր տարին դիմավորելու անխախտ սկզբունք ունեն.
«Եթե Հայաստանում ենք լինում, Նոր տարին պարտադիր դիմավորում ենք տանը, որից հետո միայն դուրս ենք գալիս տանից: Առհասարակ, Նոր տարվա գիշերը ես ելույթ եմ ունենում, իսկ երեխաներս ու ամուսինս անպայման ուղեկցում են ինձ և միասին ուրախանում ենք ու նշում տարեմուտը»,- նշել է Ալլա Լևոնյանը:
Երգչուհու տանն արդեն տոնածառը զարդարված է.
«Արդեն հասցրել ենք զարդարել մեր տոնածառը: Գուցե անհետաքրքիր թվա, բայց մենք հատուկ երազանքներ չենք պահում տոնածառի առաջին խաղալիքի հետ, մեզ մոտ ամեն տարի տոնածառը զարդարելիս ուրախ տրամադրություն է տիրում. պարտադիր տոնածառը ողջ ընտանիքով ենք զարդարում, ընդ որում, ամեն մեկս իր պարտականությունն ունի՝ ամուսինս տոնածառն է տեղադրում, ես եւ երեխաներն էլ դրա զարդարանքներով ենք զբաղվում»,- պատմել է Ալլա Լևոնյանը:
Փոքրիկ Շաղիկը չի մասնակցել տոնածառի զարդարմանը, բայց առավոտյան նրան իսկական անակնկալ է սպասվել.
«Անկեղծ ասած, բավականին ուշ ժամ էր, երբ որոշեցինք զարդարել տոնածառը, ու Շաղիկն արդեն քնած էր: Առավոտյան, երբ արթնացավ, ասացի՝ վազիր տես հյուրասենյակում ինչ կա, ինքն էլ արագ գնաց ու տեսավ պատրաստի տոնածառը: Հավատացեք, շատ ուրախացավ, մինչ այսօր էլ գնում-գալիս լույսերն է վառում, երբեմն էլ տոնածառի խաղալիքներն է տեղափոխում, ինչից աղջիկս եւ տղաս բարկանում են»,- ծիծաղելով պատմել է Ալլան ու հավելել, որ 2.5-ամյա Շաղիկը անհամբեր սպասում է Ձմեռ պապիկին:
«Երեխաներս արդեն Ձմեռ պապիկին նամակ գրել են: Քանի որ Ժաննան եւ Հայկը արդեն մեծ են, ինքնուրույն են գրել, իսկ Շաղիկի նամակը գրել է քույրը՝ Ժաննան: Մենք դեռ չենք բացել նրանց նամակները եւ չգիտենք, թե Ձմեռ պապիկից ինչ են ուզում»,- պատմել է Ալլա Լևոնյանը և նկատել, որ ինքն էլ մտքում է իր ցանկությունները հայտնում Ձմեռ պապին՝ հուսալով, որ դրանք անպայման կիրականանան: