▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ տեսահոլովակում ես շատ գեղեցիկ եմ և շատ լավ եմ պարում. Ալլա Լևոնյանը` իր հասցեին հնչող քննադատությունների մասին

Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում է հայտնվել Ալլա Լևոնյանի նոր` «Բարև» տեսահոլովակը, սակայն դրա շուրջ քննարկումները դեռ չեն դադարում: Պատճառներից մեկը երգի մեջ տեղ գտած ռեփ հատվածն է, որը որ հնչում է հենց երգչուհու կատարմամբ: Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Ալլա Լևոնյանի հետ` պարզելու տեսահոլովակի նկարահանման մանրամասների, իր սպասելիքների, երգում տեղ կտած ռեփ հատվածի և իր վերաբերմունքի մասին` կապված իր հասցեին հնչող քննադատությունների հետ:

«Կարծում եմ, որ այս երգը շատ լավ հաղորդագրություն է բոլորին, այն բարի, լուսավոր երգ է: Եթե անկեղծ լինեմ, ապա կասեմ, որ հենց այս պահին մտադրություն չունեի տեսահոլովակ նկարահանելու, սակայն Սյոմա Կոդաբաշյանը, մրցանակաբաշխություններից մեկի ժամանակ լսելով այս երգը, զանգահարեց ինձ և ասաց, որ այս երգի հիման վրա պետք է անպայման տեսահոլովակ նկարահանվի»,- պատմեց երգչուհին` ավելացնելով, որ ինքը վերջնական արդյունքից բավական գոհ է, քանի որ աշխարհի տարբեր անկյուններից դեռ շարունակում են զանգահարել իրեն և գովասանքի խոսքեր ասել.

«Շատ երջանիկ եմ, որովհետև արձագանքները բավական ոգևորող են: Ընդամենը մի քանի օրում  «Բարև» տեսահոլովակը Youtube-ում արդեն ունի 80.000-ից ավելի դիտում: Ընդհանուր առմամբ, իմ աշխատանքը կարող եմ շահեկան համարել, քանի որ այդ ժպիտի, բարևի և ուրախության հաղորդագրությունը ստացվել է»,- նշեց Ալլան:

Հարցին`արդյո՞ք իր կողմից սպասելի էր մարդկանց նման վերաբերմունքը և թե արդյո՞ք իր սպասելիքներն արդարացան տեսահոլովակի հետ կապված, Ալլա Լևոնյանն ասաց.

«Այո, սպասելի էր, որովհետև, երբ դեռ տարիներ առաջ ես առաջին անգամ կատարեցի «Հայաստան» երգը, արդեն հաջորդ օրվանից սկսած գրեթե բոլորի շուրթերից, մեքենաներից, տներից հնչում էր այդ ստեղծագործությունը, նույնը եղավ նաև իմ «Հոյ Նար», «Սպարապետ», «Մոկաց Հարսներ» և մյուս երգերի հետ: Եվ բնականաբար, նույն վերաբերմունքը սպասում էի Նաև «Բարև»-ից հետո: Այն շատ մատչելի է մարդկանց համար և հեշտ ընկալելի, ինչն իմ կողմից հատուկ արված չէ: Առհասարակ, որևէ մի երգ գրելիս ես շատ անկեղծ եմ լինում, ինչը մարդկանց սրտերին է դիպչում և, հետևաբար, հիթ դառնում»,- անկեղծացավ երգչուհին:

Խոսելով իր տեսահոլովակում սեփական երեխաների մասնակցության մասին, Ալլա Լևոնյանը նշեց, որ դա եղել է ոչ թե իր, այլ` ռեժիսորի` Սյոմա Կոդաբաշյանի միտքը.

«Քանի որ տեսահոլովակում ես ներկայանում եմ երկու կերպարով, որոնցից մեկում մոր կերպարով եմ, Սյոման ասաց, որ անպայման պետք է հենց իմ երեխաները լինեն, որպեսզի ամբողջովին արտահայտվի իմ մայրական կերպարը և դրա հետ մեկ տեղ շատ ցայտուն լինի նաև իմ մյուս կերպարը, որը որ ծայրահեղ տարբեր էր առաջինից»,- պատմեց Ալլան` հավելելով, որ նկարահանման ընթացքում երեխաները ոչ մի դժվարություն չեն ունեցել, հակառակը` իր խնդրանքով նրանք արել են այն, ինչ-որ նրանցից պահանջվել է:

Զրույցի ընթացքում անդրադառնալով նաև համացանցում հայտնված բացասական կարծիքներին և գրառումներին, ըստ որոնց` նա նմանակում է հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչներից մեկին, որ նա արդեն այն տարիքում չէ, որ ռեփ կատարի և այլն, երգչուհին ասաց, որ ցանկություն չունի անգամ դրանց անդրադառնալու, քանի որ իր կարծիքով հազարավոր մարդկանց մեջ կգտնվեն մի քանի հոգի, որոնք կարող են չհավանել տեսահոլովակը: Ալլան նշեց, որ ինքն այդ երևույթը բնական է համարում և նորմալ է վերաբերվում դրան.

«Գիտեք ինչ, ուղղակի ծիծաղելի է այն, որ ես նմանակում եմ ինչ-որ մեկին: Եթե ես փորձեի դա անել, ապա իմ գործունեության 20 տարվա ընթացքում արդեն հաստատ հասցրած կլինեի անել դա: Ես ունեմ իմ հստակ ոճը, ինչպես Կոնստանտին Օրբելյանն էր ասում, իմ Ալլա Լևոնյանական ոճը: Իսկ ինչ վերաբերում է հագուստիս, ապա ամբողջ աշխարհում մի շարք երգչուհիներ ելույթ են ունենում այն կերպարով, որով որ ես եմ հանդես եկել: Այսինքն` ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը ինչ-որ մի երգչուհու հագուստի նման  հագուստ է կրում, ուրեմն անպայման նմականում է նրան: Ուղղակի ուզում եմ հասկանալ մարդկանց պրիմիտիվության աստիճանը: Գուցե նրանք ինձ սովոր չեն տեսնել այդ բեմական կերպարով, բայց ասեմ, որ առօրյայում ես հենց այդպիսին եմ, դա է իմ կյանքը»,- պարզաբանեց Ալլա Լևոնյանը:

Խոսելով նաև այդքան քննարկված իր ռեփ կատարման մասին, երգչուհին պատմեց, որ ի սկզբանե որոշված չի եղել, որ ռեփի այդ փոքր հատվածը կատարելու է հենց ինքը.

«Ես ում ինչ պետք է ապացուցեի, չեմ հասկանում, մենք շատ լավ ռեփերներ ունենք: Ինչ վերաբերում է իմ տարիքին, որը չգիտես ինչու առաջ է բերվում, ասեմ, որ ես շատ ավելի երիտասարդ եմ այն բոլոր 18, 20 տարեկան գրողներից, ովքեր որ հոգով են արդեն պառավ: Այս ամենն իմ մենահամերգի ժամանակ տեղի ունեցածի պրիմիտիվ շարունակությունն է: Մարդիկ առանց տեղյակ լինելու, թե ինչ էր կատարվել իրականում, սկսեցին քննադատել: Ամենակարևորն այն է, որ համացանցում այդ խոսացողների ոչ անձնական նկարն է դրված, ոչ էլ իրական անուն ազգանունն է գրված: Նրանք այնքան վախկոտ և չկայացած են, որ այսպես թաքնվելով` սկսում են դիմացինին քննադատել և ինքնահաստատվել»,- ասաց երգչուհին` ավելացնելով, որ ինքը բազմաթիվ զանգեր է ստանում ամենատարբեր ասպարեզի մարդկանցից, ովքեր շնորհավորում են և իրենց հիացմունքի խոսքերն են ասում իր հասցեին:

«Բոլորն ինձ ասում են, որ վերջապես մի բարի, լուսավոր տեսահոլովակ է հայտնվել: Ի միջիայլոց ավելացնեմ, որ ես իմ տեսահոլովակում շատ գեղեցիկ եմ և շատ լավ եմ պարում: Այնպես որ, հավատացած եղեք, 70.000-ի կամ միլիոնի մեջից եթե 50 հոգի ինչ-որ դրդապատճառներով, ինչ-որ մեկի պատվերով որևէ մի բան են անում, դա չի նշանակում, որ մենք այդ ամենը չենք հասկանում: Այն բոլոր մարդիկ, ովքեր կարծում են, որ իրավունք ունեն այդպես կոպիտ արտահայտվելու, առաջին հերթին թող նայեն իրենց, իրենց կատարած աշխատանքին, նոր հետո քննադատեն: Մենք` արտիստներս, ունենք մեզ քննադատողները, բայց այդ քննադատությունները պետք է լինեն չափի մեջ, որպեսզի մենք ինքներս էլ ընդունենք դրանք: Այդ գրողները մոռանում են, որ իրենց կողքին կան հազարավոր մարդիկ, որոնց դուր է գալիս իմ աշխատանքը և եթե պետք լինի, կրկին նման մի բան կանեմ, քանի որ ես պետք է այդ հազարավոր մարդկանց կարծիքը հաշվի առնեմ: Ինչքան էլ որ խոսեն, միևնույն է, ես անելու եմ այն գործը, ներկայացնելու եմ այն արվեստը, որը որ ես եմ ճիշտ համարում և որը որ իմ հազարավոր երկրպագուներին է դուր գալիս: Դրա ապացույցը  իմ լեփ-լեցուն դահլիճները և բազմաթիվ հյուրախաղերն են»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը  եզրափակեց Ալլա Լևոնյանը:

 

Հեղինակ` Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին