Aysor.am-ի տարեվերջյան զրուցակիցը երգչուհի Լիլիթ Կարապետյանն է: Ինչպես միշտ՝ անկեղծ ու հրապուրիչ:
-Լիլիթ, մեզ լուրեր են հասել, որ սպասում եք Ձեր երկրորդ բալիկին:
-(Ժպտում է) Ոչ, նման բան չկա: Եթե նման բան լիներ, մեծ ուրախությամբ ինքս իմ էջում կտեղադրեի:
-Իսկ մտածո՞ւմ եք նորից մայրանալու մասին:
-Ես կցանկանայի շատ բալիկներ ունենալ, բայց չգիտեմ՝ ինչպես կստացվի… Պետք է այնպիսի մեկին ընտրեմ, որ լավ հայր կլինի ոչ միայն իմ լույս աշխարհ եկող բալիկի համար, այլև ավագ որդուս՝ Կարենիս համար:
-Ընտրություն կատարելիս, փաստորեն, հաշվի եք առնելու Ձեր որդու ու ՆՐԱ հարաբերությունները:
-Անպայման:
-Այսօր շատերը, այդ թվում շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ, առանց օրինական կապերի՝ զավակներ են ունենում այս կամ այն մեծահարուստից՝ ապահովելով երեխայի անհոգ ապագան, բայց նաև չստանալով ամուսնության առաջարկ: Եթե ինքներդ էլ որևէ օլիգարխից նման առաջարկ ստանաք, ինչպե՞ս կարձագանքեք:
-Ես շատ նորմալ եմ նայում դրան, քանի որ յուրաքանչյուր մարդ վարվում է այնպես, ինչպես ճիշտ է համարում: Բայց ես նման քայլի չեմ դիմի, որովհետև երբևիցե պատահական կապեր չեմ ունեցել իմ կյանքում: Սիրուհու կարգավիճակն իմը չէ: Ես այդ հարցում «բախտիկյան» եմ, իմ կողքի տղամարդիկ միշտ ինձ հետ ամուսնանալու ցանկություն են հայտնել, ու որոշողն էլ ես եմ եղել: Պարզապես ինձ հարմար որոշումներ եմ կայացրել:
-Ամուսնության առաջարկներ ստացե՞լ եք ամուսնացած տղամարդկանցից, պատրա՞ստ են եղել հանուն Ձեզ լքել իրենց ընտանիքը:
-Ես ամուսնացած տղամարդկանց նույնիսկ «տոն» չեմ տվել, այդ մասին բոլորը գիտեն: Գուցե կողքից՝ ելնելով իմ համարձակ կերպարից, ինձ չճանաչելով նման բաներ մտածեն ու խոսեն, բայց ես տարբեր եմ: Թեև իմ մասին չեմ էլ լսել խոսակցություններ՝ կապված ամուսնացած տղամարդկանց հետ, ու նման սիրավեպեր չեմ էլ ունեցել: Ես իմ տեսակով էգոիստ եմ, իմ կողքի տղամարդը պետք է միայն իմը լինի ու ես էլ միայն իրենը: Չեմ կարող իմ երջանկությունը կառուցել ուրիշի ընտանիքի դժբախտության հաշվին: Չէ՞ որ, երբ ես դառնամ ինչ-որ մեկի կինը, ինձ էլ դուր չի գա, երբ իմ ընտանիքի հետ նման բան պատահի: Թող մեր աղջիկներից ամեն մեկն իրեն այնքա՜ն սիրի, որ մտածի՝ իր կողքի տղամարդու համար պետք է լինի միայն ինքը…
-Բայց կյանքում լինում են պահեր, որ սերն անակնկալ է այցելում՝ չհարցնելով տարիք ու կարգավիճակ:
-Իհարկե, կյանքում լինում են այնպիսի դեպքեր, որ քննադատությունն ավելորդ է դառնում: Կան չէ՞ ամուսիններ, որ միմյանց հետ սիրով ու համերաշխ ապրել են 15-16 տարի, բայց մի պահ է եկել, որ այլևս չեն կարողանում, նոր սեր են գտնում, մեկ ուրիշի համար խենթանում ու իրենց միայն նրա մոտ պատկերացնում: Դրանում ոչ-ոք մեղավոր չէ: Այդ դեպքում պետք չէ, որ նրանք հանուն երեխայի շարունակեն իրար հետ ապրել՝ տանջելով միմյանց: Ուղղակի կարելի է քաղաքակիրթ ձևով ամուսնալուծվել: Ես չեմ ցանկանա, որ իմ կողակիցն ինձ հետ ապրի միայն այն պատճառով, որ ես իր երեխաների մայրն եմ:
-Ձեր և Դավիթ Թուջարյանի բաժանությունը այդ սիրո պակա՞սն էր:
-Իհարկե ոչ: Բոլոր մեր ընկերները գիտեին մեր պատմությունը ու չէին սպասում, որ նման ավարտ կունենա: Բայց դա ամենաճիշտ որոշումն էր: Պետք է բաժանվեինք, որպեսզի նա իր հարցերը լուծի, ու ամեն ինչ, քիչ թե շատ, ընկնի իր տեղը… Կան բաներ, որոնք չեն բացատրվում: Երբեմն քեզ թվում է, թե ճիշտ ընտրություն ես կատարել, բայց հասկանալով, որ սխալվել ես՝ չես ցանկանում նման «բեռի» տակ մտնել: Չափազանց մեծ խանդը, արգելքներ սահմանելն ու նմանատպ ամեն բան կարող է բաժանման պատճառ դառնալ: Իսկ ես շատ ինքնուրույն մարդ եմ, չեմ կարող ապրել, այսպես ասած՝ «լծի» տակ:
-Լիլիթ, միշտ ասում են, որ գոնե հանուն երեխաների՝ պետք է կարողանալ անգամ բաժանությունից հետո լավ հարաբերություններ պահպանել: Ձեզ մոտ դա չստացվեց…
-Հայաստանում մեծամասամբ այդպես է: Երբ մի կողմը հրաժարվում է այդ կապից, հակառակ՝ վիրավորված կողմը չի կարողանում հաշտվել դրա հետ ու կապը լինովին խզում է: Դա շատ տհաճ ու անկիրթ բնավորություն է, չեն կարողանում քաղաքակիրթ ձևով բաժանվել: Մենք էլ ոչ առաջինն ենք, ոչ էլ վերջինը: Թղ ամեն մարդ իր խղճի առաջ պատասխան տա, թե ինքն ինչքանով կարող է ՄԱՐԴ կոչվել, ծնող կոչվել: Ես չէի կարող նույնիսկ հանուն երեխայի անառողջ մթնոլորտում ապրել, և դա առաջին հերթին երեխայի համար: Հիմա նա թեկուզ ծնողներից մեկի հետ է մեծանում, բայց հոգական աշխարհը հանգիստ է, չի խառնվում:
-Այժմ է՞լ Կարենն ու Դավիթը չեն շփվում, փոքրիկը չի՞ ցանկանում տեսնել հայրիկին:
-Արդեն ամեն ինչ այնպես է դասավորվել, որ ոչ երեխան է ցանկանում իրեն տեսնել, ոչ էլ, բնականաբար, արդեն ինքը: Այսպես ամենաճիշտն է…
-Վերջին շրջանում բավական ակտիվ ստեղծագործական կյանք ունեք, նոր երգեր, տեսահոլովակներ… Չե՞ք մտածում Ձեր եկրպագուներին նորից ուրախացնելու մասին:
-Այո, նոր երգ պատրաստել եմ արդեն, որն առաջին անգման կատարեցի օրեր առաջ «Տաշի շոու»-ի ժամանակ ու հասկացա, որ միանգամից սիրվեց: Այն կոչվում է «Քեզ հետ»: Երաժշտությունը գրել է իմ շատ լավ ընկեր Ռիչարդ Մադլենյանը, խոսքերի հեղինակն է Սվետլանա Բոսնոյանը՝ երգիչ Միստր իքսի կինը, գործիքավորել է Էդգար Ալեքսանյանը: Ռիթմիկ, պարային, «քաղցր» ելևէջներով գեղեցիկ երգ է: Ցանկություն ունեմ երգի հիման վրա նաև տեսահոլովակ նկարահանել:
-Իսկ տեսահոլովակի նկարահանո՞ւմն ում կվստահեք:
-Ճիշտն ասած՝ տեսահոլովակի սցենարն ինքս եմ գրել ու հնարավոր է՝ միայն օպերատոր հրավիրեմ նկարահանելու համար:
-Ամանորին մնացել է 2-3 օր: Ինչպե՞ս եք անցկացնելու:
-Ինչպես միշտ՝ ընկերներիս, գործընկերներիս հետ՝ աշխատավայրում: Դա ինձ համար արդեն 10-15 տարի է՝ ապրելակերպ է դարձել: Սակայն այս անգամ որոշել եմ ընտանիքիս անդամներին տանել իմ աշխատավայր: Ես ժամանակ առ ժամանակ բացակայելու եմ, տարբեր վայրերում եմ երգելու, բայց նորից կվերադառնամ իրենց մոտ:
-Փաստորեն, ավանդական հյուրընկալվելուց և հյուրընկալելուց զերծ եք մնում:
-Ոչ, միանշանակ ես էլ այդ ամենից ետ չեմ մնում: Ճիշտ է, այնքան էլ չեմ հասցնում հյուր գնալ, մեկ-երկու տեղ եմ կարողանում այցելել, բայց հյուրեր շատ եմ ընդունում ու դա ինձ դուր է գալիս: Քանի որ ես ամեն երեկո աշխատում եմ, իմ հյուրընկալվելը բարդ է ստացվում:
-Արդեն իսկ պատրաստե՞լ եք ամանորյա նվերներ:
-Իհարկե, բայց իմ պատրաստելուց բացի տղաս անակնկալներ ունի նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներից. Մտերիմներիցս մեկը զանգահարեց ու ասաց, որ ես ձմեռ պապիկի չհրավիրեմ, քանի որ ինքն է ստանձնել այդ պատասխանատվությունը: Մյուս ընկերներս էլ տարբեր նվերներ են պատրաստել որդուս համար: իսկ ես բնականաբար փոքրիկ նվերներ եմ պատրաստել մայրիկիս, մտերիմներիս, յուրաքանչյուրին կարողանում եմ մի փոքր չափով ուշադրություն դարձնել:
-Իսկ դո՞ւք ինչ նվեր կցանկանայիք Ձմեռ պապիկից:
-Ես մեծ սիրով կընդունեի նոր երգով ու տեսահոլովակով փաթեթ (ծիծաղում է): Կցանկանայի, որ աշխարհի բոլոր երեխաները, այդ թվում իմ բալիկը, առողջ լինեն ու խաղաղ երկնքի տակ ապրեն: Մնացած ամեն ինչ մենք՝ ծնողներ կանենք իրենց համար:
-Իսկ Ձեր անձնական կյանքի հետ կապված ցանկություն չունե՞ք, գուցե Նոր տարվա հրաշքով իրականանա՞:
-Ես կարծում եմ, որ յուրաքանչյուրի անձնական հաջողությունն ու անհաջողությունն իր ձեռքերում է: Ինքդ պետք է որոշես՝ ինչ քայլի դիմել: Գուցե, երբ գալիս է որոշում կայացնելու ժամանակն, այնքան էլ խելացի չես վարվում ու սխալ ընտրություն ես կատարում: Բայց, դե դրա համար մենք ենք պատասխան տալիս:
-Լիլիթ, դուք երիտասարդ, կայացած, գեղեցիկ կին եք: Չե՞ք մտածում կողակից ունենալու մասին:
-Քանի որ վերջին 2-3 արիներին շատ եմ տարվել իմ աշխատանքով, անձնականս մղվել է ոչ թե երկրորդ, այլ շատ ետին պլան: Բայց կարծում եմ, որ այդպես երկար չի շարունակվի, որովհետև ամեն մարդու շարժիչ ուժն էլ անձնական կյանքն է: Իհարկե, այնպես չի, որ անձնական կյանք չունեմ, պարզապես Աստված տա, որ ամեն ինչ լավ լինի:
-Ձեր խոսքերից կարո՞ղ եմ եզրակացնել, որ ամեն դեպքում կա այն միակը, ով լուսավորում է Ձեր կյանքը:
-Չէ, իմ կողին, իմ սրտում այս պահին ինչ-որ մեկը չկա, բայց կանխազգում եմ՝ պետք է որ լավ լինի (ժպտում է): Առաջնայինն իմ կյանքում երգարվեստը համարելով՝ չեմ կարողանում կտրուկ որոշումներ կայացնել: Գիտեմ, որ ուշ թե շուտ պետք է այդ հարցը լուծվի:
-Քանի որ Ձեզ կողակից ընտրելով նույն ասպարեզից՝ մեկ անգամ, կարելի է ասել՝ ձախողվեցիք, հարաբերությունները չստացվեցին, երկրորդ անգամ նման քայլի կդիմե՞ք, կկապե՞ք Ձեր կյանքը գերծընկերոջ հետ:
-Ես հաստատ մասնագիտությանն ուշադրություն չեմ դարձնի: Նախկինում էլ մտածել եմ, որ պետք է ընտրես բանականությամբ, մտածելակերպով, զարգացվածությամբ քեզ նման մարդու, բայց այդպես չեմ արել: Կողակիցդ պետք է զարգացած, գրագետ ու խելացի լինի, դա շատ կարևոր է: Նման դեպքում անկախ նրանից, թե ինչ ընթացք կստանան հարաբերությունները՝ հարգանքը մնում է: Բոլոր այն աղջիկներին, ովքեր նոր են պատրաստվում ընտրություն կատարել, խորհուրդ կտամ կողակցին ընտրել առաջին հերթին ուղեղով, հետո նոր սրտով: Եթե սիրտն ու ուղեղը վեճի մեջ են, սիրտն ուզում է, գիտակցությունը՝ ոչ, ապա պետք է երկրորդին լսել: Վաղ թե ուշ սիրտդ նույնպես հասկանում է, որ ուղեղդ ճիշտ էր մտածում:
-Լիլիթ, ամուսինների մեջ տարիքային տարբերությանն ինչպե՞ս եք վերաբերում:
-բնականաբար, ավելի նորմալ է ընկալվում, երբ տղամարդն է ավելի մեծ լինում: Սակայն ես կարծրատիպեր չեմ ընդունում: Եթե սեր ու հարգանք կա այդ զույգերի միջև ու իրենք որոշել են միասին իրենց ճանապարհը շարունակել, ապա տարիքն ի՞նչ կապ ունի: Շա՜տ զույգեր գիտեմ, որ տարիքային տարբերությունը չի խանգարել լինել կայացած, երջանիկ ընտանիք: Ես հպարտանում ու հիանում եմ այդքան ուժեղ մարդկանցով:
-Նախորդ տարի որոշակի աղմուկ բարձրացրեց Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի գրառումը՝ Ձեր նկարի տակ: Հետաքրքիր է, ծանո՞թ եք պատգամավորին ու ինչպե՞ս եք վերաբերում Ձեր հարաբերությունների մասին ծավալվող խոսկցություններին:
-Ոչ միայն ծանոթ եմ, այլ նաև շատ մտերիմ եմ ոչ միայն իմ շատ սիրելի Աշոտ Աղաբաբյանի, այլև այդ կարգի շատ մարդկանց հետ: Մեր հասցեին տարբեր մեկնաբանություններ գրողներին չեմ ցանկանում անդրադառնալ, նրանք անընդհատ փորձում են ինչ-որ «կեղտ» բռնել: Մարդ է, իմ նկարն իրեն դուր է եկել, ինքն էլ իմ երգի խոսքերով գեղեցիկ արտահայտություն է գրել: Ի՞նչ կա դրանում: Ես էլ, երբ նայում եմ այդ նկարիս, ակամա այդ երգի տողերն եմ մտաբերում: Պետք է ուրախանալ, որ լինելով պատգամավոր՝ այդ մարդն արվեստին շատ մոտ է կանգնած: Հասարակ, լավ ընկեր է, գեղեցիկը գնահատող: Ինչո՞ւ են դրա մեջ վատ բան տեսնում: Կարծում եմ, եթե մարդը հոռետես է, ամենալավ բանի մեջ էլ կարող է վատը գտնել:
-Ավարտենք մեր զրույցը ամանորյա շնորհավորանքով:
-Իհարկե: Թող 2016 թվականը բոլորիս առողջություն բերի, սեր ու երջանկություն, համերաշխություն: Դուք ինձ սկզբում հարցրեցիք՝ արդյոք պատրաստվում եմ մայրանալ. թող պտղաբեր լինի հաջորդ տարին, խաղաղ ու սիրառատ:
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում