«Քչերը գիտեն, որ Վենետիկի Սան Մարկո հրապարակի սյան վրա կանգնած առյուծը, որը դարեր շարունակ խորհրդանշում է Վենետիկը, իրականում հայոց վերջին թագավության՝ Կիլիկիայի առյուծն է, որն ի պահ էր տրված Վենետիկին մեր արքայության կործանումից հետո: Հայոց արքայական խորհրդանիշների ընդունման արարողությունը, որի համար դուքսը մեծ շքախմբով, նավակներով դուրս էր եկել ծով, հայ պատվիրակներին հանդիպելու համար, վերածվեց հետո աշխարհահռչակ վենետիկյան կարնավալի, որի իրական շարժառիթն արդեն վաղուց մոռացել են ե՝վ Վենետիկում, ե՝վ Հայաստանում: Մնացել է միայն դուքսի ծիսական ելքը նավակով բաց ծով, որպես կարնավալի մեկնարկի նշան, եւ ոսկե մատանի ծովի մեջ գցելու ավանդույթը, իբրեւ հայոց թագի եւ խորհրդանիշների հետ փոխանակման պատասխան նվերը՝ ծովին, քանի որ Կիլիկիան այլեւս չկա...»,-գրում է Տիգրան Խզմալյանը՝ ֆեյսբուքյան իր էջում:
Կոմիտաս վարդապետ Հովնանյանն էլ, այս առիթով, գրել է հետևյալը.« Ով Հայ Ազգ, տեր եղիր քո ազգային արժեքներին, լինի հոգևոր կամ նյութական, բավ է ցմրուր դատարկես օղու գավաթներն ու բենզինի շպրիցները… Ինչքան բան է մեզ հեռացնում մեզանից, մեր պատմությունից։ Ինչեր ենք տվել մենք այլոց և մնացել ենք այսօր ոտաբոբիկ։ Եվրոպական մի ամբողջ մշակույթ ենք փոխանցել, կարգ ու կանոն ենք փոխանցել, գիտություն ենք փոխանցել, տվել ենք բոլորին այնքան, որ այսօր մնացել ենք ձեռնունայն։ Ինչու՞։ Քանզի մենք զմեզ գնահատելուց ենք դադարել։ Ահա դրա փաստերից մեկը։ Կարդացեք, տեսեք և մտածեք։ Երեկվա հետ էլ այսօր կորցնում ենք մենք մեր արարչակերտ միտքը մարդկային փախուստի այս ջրհեղեղում։ Ստեղծեցինք «Լույս» հիմնադրամը, որ մեր մտքի ամենակարկառուն փարոսները մեկնեն այլոց նավահանգիստների փարոսները դառնալու, լուսավորելու ոչ թե Հայրենի Դրախտավայրը, այլ այլոց…։ Ինչո՞ւ։ Քանի որ մեզ համար մենք դադարել ենք ներկա արժեք լինելուց։ Նշում ենք այլոց ձեռքով իրականացված Եղեռնի 100-ամյակը, բայց չենք նշում մեր իսկ ձեռքով ճերմակ ջարդի իրականացման ամյակները։ Մինչև ե՞րբ, ասացեք եղբարք, մինչև ե՞րբ։ Մինչև ե՞րբ մեր առյուծներին տեր են լինելու օտարները, իսկ մենք` նրանց կատուներին...»: