▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չգիտեմ անգամ` իմ տաղանդը կբավականացնի՞ մրցել այնտեղի դերասանների հետ. Հովհաննես Ազոյան

Արդեն տեղեկացրել ենք այն մասին, որ փետրվարի 11-ին Մոսկվա կինոթատրոնում կայացել է ռուսական արտադրության «Ставка на любовь» («Խաղասեղանին սերն է») ֆիլմի երևանյան պրեմիերան, որի գլխավոր դերակատարը Հովհաննես Ազոյանն է: Ռուսական այս ֆիլմի հիմքում ընկած է հայկական «Poker.am» հայտնի ֆիլմը, որում հիշեցնենք, որ որպես գլխավոր դերակատար հանդես է եկել կրկին Հովհաննեսը: Asekose.am-ը կապ հաստատեց դերասանի հետ՝ ճշտելու պրեմիերայից հետո ստացած իր տպավորությունների, արձագանքների և ռուսական կինոարտադրություն մուտք գործելու իր հնարավոր մտադրությունների մասին:

«Գիտեք, ես անընդհատ մտածում էի, որ նույն կերպարն եմ մարմնավորել, բայց այս ֆիլմում նկատեցի, որ դա անհնար է: Հասկացա, որ ես ոչ թե նույն կերպարն եմ մարմնավորել, այլ ընդամենն այստեղ իմ կերպարի բնավորությունն է նույնը,- կայքի հետ զրույցում ասաց Հովհաննեսը՝ հավելելով,- ճիշտն ասած, իմ աշխատանքից ես գոհ եմ, ինչը շատ հատուկ դեպքերում է լինում: Ինձ համար աշխատանքն արտասահմանյան ընկերությունների հետ ամբողջովին նոր երևույթ էր»,- նշեց դերասանը:

Խոսելով բուն ֆիլմի  մասին՝ Հովհաննես Ազոյանը մանրամասնեց, որ այն իր բյուջով բավական մեծ և ավելի պրոֆեսիոնալ ու լուրջ մոտեցումով ֆիլմ է.

«Կարծում եմ, որ նույնիսկ ռուսական շուկայի համար է սա շատ ճաշակով ֆիլմ»,- ավցելացրեց դերասանը:

Անդրադառնալով այն նկատառմանը, թե հնարավոր է արդյո՞ք, որ հայ հանդիսատեսի մոտ ֆիլմը նայելիս տպավորություն ստեղծվի, որ դիտում են նույն՝ «Poker.am»-ը, Հովհաննես Ազոյանը տվեց հետևյալ պատասխանը.

«Այս երևույթի հնարավոր հավանականությունը գնահատում եմ 50/50, քանի որ ռուսական տարբերակի ավարտն ամբողջովին այլ է, ավելի օրիգինալ լուծում է տրված: Բայց միևնույն ժամանակ նշեմ, որ հայ հանդիսատեսը, քանի որ արդեն օրիգինալ տարբերակը՝ «Poker.am»-ը տեսել է, ավելի շատ նոր բան կստանա գեղեցիկ ֆիլմի և մասշտաբների առումով»,- հստակեցրեց Հովհաննեսը:

Ինչպես նշում է դերասանը, ֆիլմի պրեմիերայի օրը դրական կարծիքները բավականաչափ են եղել: Նրա խոսքերով՝ իրեն շատերն են ասել, որ ֆիլմում ինքն իր գործը շատ լավ է կատարել: Բացի այդ, Asekose.am-ի հետ զրույցում դերասանը նշեց, որ տվյալ ֆիլմից հետո հայկական կինորարտադրություն ստեղծողներին դժվար կլինի, քանի որ ըստ նրա՝ «Ставка на любовь» կատակերգությունը նոր նշաձող դրեց ոլորտում.

«Հայկական կինոարտադրողները խնդիրներ են ունենալու այս ֆիլմի որակից ցածր ֆիլմ նկարելու դեպքում, քանի որ այն նշաձող դրեց մեր կինորարտադրության մեջ, ինչին հասնելը շատ դժվար կլինի, թեկուզև ինձ համար՝ որպես կատակերգական ժանրում հանդես եկող դերասանի: Սրանից անորակ ֆիլմեր նկարահանելն ուղղակի ամոթ կլինի: Այն շատ բարի, գունեղ և ճաշակով ֆիլմ է՝ զերծ էժանագին հումորից: Կցանկանամ պարզապես, որ մեր հանդիսատեսը կարողանա տարբերել ճաշակով ֆիլմերը՝ անճաշակներից: Այսօր մեր էկրաններին շատ են նմանատիպ ֆիլմերը, և ես կուզեմ, որպեսզի հայ հանդիսատեսը չմոլորվի այդ անճաշակության մեջ»,- ասաց դեասանը:

Հարցին՝ արդյո՞ք այս ֆիլմը կարող է դառնալ իր այցեքարտը՝ ռուսական կինոարտադրություն մուտք գործելու համար և արդյո՞ք արդեն իսկ նոր առաջարկներ կան, դերասանը տեղեկացրեց, որ ֆիլմի նկարահանումներից հետո մի քանի պրոդյուսերական կենտրոններից առաջարկներ ստացել է, որոնց մասին նա դեռ պետք է մտածի.

«Պարզապես պետք է կարողանալ ավելի գրագետ ներկայանալ այս դաշտում, որպեսզի չձախողվես: Կոնկրետ ինձ տարբեր առաջարկներ եղել են, որոնց մասին դեռ պետք է մտածեմ: Առհասարակ այսօր շատ դժվար է ռուսական շուկա մուտք  գործելը: Այնտեղ մրցակցությունն այնքան մեծ է, որ ես չգիտեմ անգամ իմ տաղանդը կբավականացնի մրցել այնտեղի դերասանների հետ, թե՝ ոչ: Նույն մեր ֆիլմում նկարահանված դերասաններն ինձանից մի քանի անգամ տաղանդավոր և փորձառու են»,- կայքի հետ զրույցում անկեղծացավ դերասանը՝ եզրափակելով իր խոսքը:

 

Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին