Aysor.am-ը գրում է. Հանրային ճանաչում ունեցող մարդիկ երբեք ասեկոսեների պակաս չեն զգում: Շատերը դրանից նեղսրտում են, շատերն՝ անտեսում, ոմանք էլ հակադարձում: Aysor.am-ը զրուցել է Լուսինե Բադալյանի՝ բոլորին քաջածանոթ Լուլուի հետ, ով միշտ ու ցանկացած հարցի շուրջ բարձրաձայն է խոսում: Սկզբունքին հավատարիմ՝ հաղորդավարուհին անկեղծացավ և՛ գործնական, և՛ անձնական հարցերում:
-Լուսինե, բոլորովին վերջերս դուք հեռացաք հեռուստադաշտից: Այժմ միայն ռադիոյո՞ւմ եք: Սպասե՞նք Ձեր հերթական վերադարձին հեռուստաեթեր, թե՞…
-Ես հեռուստաեթերում եմ 1998 թ-ից և արդեն հասցրել եմ փոխել մի քանի հեռուստաալիք: Ամեն փոփոխությունից հետո, բնականաբար, եղել է մի փոքր դադար: Կարծում եմ՝ դա նորմալ է: Հեռուստաեթերը իմ կյանքի կարևորագույն բաղադրիչներից է:
-Առավել, քան ռադիո՞ն:
-Այդ հարցը միշտ են ինձ տվել ու ես միշտ պատասխանել եմ՝ առանց երկուսի էլ կյանքս չեմ պատկերացնում: Ռադիոկայանս՝ ռադիո «Վանը», տան պես մի բան է ինձ համար, դրա համար այստեղ աշխատում եմ 2002 թվականից: Այն կայացած է, ունի իր հստակ սկզբունքները և եթե փոփոխությունների կարիք է ունենում, բոլորս միասին փոփոխվում ենք, բայց չենք փոխարինվում: Հեռուստատեսությունը մի քիչ այլ է, այն փոխում է իր ճանապարհն ու դու սկսում ես չհամապատասխանել: Կամ էլ դու արագ աճում ես, և հեռուստակայանն է սկսում քեզ չհամապատասխանել: Հետևաբար, հարկավոր է լինում ինչ-որ բան փոխել:
-Ճիշտ է, ցանկացած բնագավառում հիասթափություններ լինում են, բայց այս բնագավառում դրանք առավել շատ են ու հաճախ: Նման հիասթափությունները հեշտությա՞մբ եք հաղթահարում:
-Ընդհանրապես, ցանկացած հիասթափություն ցանկացած բնագավառում ցավալի է, բայց՝ հաղթահարելի: Ի վերջո՝ հիասթափություններն են քեզ ստիպում անել ավելին:
-Դուք այս դաշտում արդեն կայացած եք. ժամանցային հեռուստա-ռադիոհաղորդումների պակաս այսօր չունենք: Ինչպե՞ս եք գնահատում որակային առումով, առջընթաց և՞ս ունենք:
-Գուցե ունենք, բայց ես որակային առումով այդ առաջընթացն առանձնապես չեմ տեսնում:
-Նախորդ տարի հաճախ էիք Հայաստանից մեկնում ու շատերը մտածում էին, թե շուտով ընդմիշտ կհեռանաք հայրենիքից:
-Ես միշտ երազել եմ ճանապարհորդել: Մի պահ երազանքս կատարվեց, ճամփորդելու առիթները հաջորդում էին իրար, և ես անսահման երջանիկ էի դրա համար: Ինչ վերաբերում է ընդմիշտ հեռանալուն, ապա ի՞նչ ասել է թե ընդմիշտ: Որքա՞ն է տևում այդ ընդմիշտը, եթե նույնիսկ մենք ենք ժամանակավոր այս կյանքում: Ես չեմ օգտագործում «ընդմիշտ», «երբեք» բառերը, որովհետև ամեն ինչ այս կյանքում հարաբերական է և չես իմանա, թե հաջորդ պահին կյանքն ինչ անակնկալներ քեզ կմատուցի: Այնուամենայնիվ, կցանկանայի, որ «երբեք» հայրենիքից «ընդմիշտ» հեռանալու անհրաժեշտություն չլիներ:
-Հաղորդավարներն այսօր անմասն չեն մնում նաև սերիալ, սիթքոմ, նույնիսկ կինո ասպարեզից: Փոքր-ինչ զարմանալի է, որ Ձեզ երբեք նման նախագծերում չենք տեսել: Դա սկզբո՞ւնք է, թե՞ առաջարկի բացակայություն:
-Ես միշտ կարծել եմ և շարունակում եմ մտածել, որ ամեն մարդ պետք է իր գործն անի: Գուցե հեռուստադիտողներ են ավելանում, երբ դերասանը կամ երգիչը հաղորդում են վարում, բայց իմ խորին համոզմամբ, հաղորդումը դրանից ակնհայտորեն տուժում է: Ինձանից հաստատ ավելի արհեստավարժ, մասնագիտությամբ դերասաններ կան, որ կարող են և պիտի դա անեն: Եվ հետո, ես երբեք չեմ անում այն, ինչը չէի ուզի, որ իմ նկատմամբ անեին: Ինձ դուր չի գալիս, որ այլ ոլորտի ներկայացուցիչները հաղորդում են վարում, բացառությամբ մասնագիտական հաղորդումների: Հետևաբար, ինքս չէի ցանկանա որևէ մեկի տեղը զբաղեցնել, չնայած, որ դա գուցե ինչ-ինչ հարցերում ինձ ձեռնտու կլիներ:
-Դուք այն հայտնիներից եք, ովքեր բավական ակտիվ են հասարակական հնչեղություն ունեցող հարցերում, նաև՝ համացանցում: Շատերի մոտ Ձեր ծննդյան օրվա գրառումը՝ կապված գրպանում 350 դրամ ունենալու հետ, զարմանք առաջացրեց: Արտասահմանում դա աստղերի կողմից փիար քայլ է կոչվում, Հայաստանում՝ անկեղծությո՞ւն, թե՞…
-(Ժպտում է) եթե ինձ բացատրեք, թե դրա փիարը որտեղ էր, գուցե կարողանամ պատասխանել: Երբեք չեմ կարծել, որ փիարի կարիք ունեմ և արհեստական քայլեր չեմ արել՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում: Այ ավելի հաջող փիար քայլ կլիներ սերիալում նկարահանվելը:
-Մշակույթն ու շոուն այսօր մի տեսակ խառնվել են: Ի՞նչ կասեք հայաստանյան մշակութային կյանքի մասին:
-Ես Հայաստանում մշակութային կյանք չեմ տեսնում: Գուցե ես եմ կույր, բայց ցածրորակ սերիալներով ու նողկալի երաժշտությամբ ներծծված մեր կյանքում կատարվող հատուկենտ մշակութային իրադարձությունները մի կողմից փրկություն են, մյուս կողմից՝ շատ քիչ պահանջարկ ունեն:
-Լուսինե, կապված որոշակի խնդիրների հետ՝ նախորդ տարին Ձեզ համար բավական բարդ տարի էր: Հիմա կարելի՞ է այդ բոլոր դժվարությունները անցյալում համարել:
-Փառք Աստծո, վտանգավոր մասերը հաղթահարված են, բայց նման մեծ խնդիրներն իրենց հետ բերում են բազմաթիվ այլ խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում: Ամեն ինչ մարդու համար է և հաղթահարելի: Կարևորը՝ բոլորը ողջ և առողջ լինեն:
-Մինչ այս ապրած տարիներից ո՞րն եք Ձեզ համար ճակատագրական շրջան համարում:
-Ես գուցե ոչ այնքան դյուրին, բայց հետաքրքիր կյանք եմ ապրել մինչ այս պահը՝ լի իրադարձություններով, պայքարով, հաջողություններով և անկումներով: Կդժվարանամ առանձնացել հատկապես մեկը: Ցանկացած անցք, դիպված՝ նույնիսկ աննշան, համարում եմ ճակատագրական:
-Թեև դուք կայացած ընտանիք ունեք, երկու բալիկ, սակայն ժամանակ առ ժամանակ շշուկներ են տարածվում, թե ամուսնալուծվել եք: Հիմա էլ նման խոսակցությունների պակաս չկա: Ինչո՞վ եք պայմանավորում սա:
-Այ այս հարցի վրա, եթե թույլ տաք, երկար կանգ կառնեմ…
-Խնդրեմ, սիրով:
-Գիտեք, միշտ չեմ հասկացել, թե ինչո՞ւ է մարդկանց ավելի հետաքրքրում էկրանից այն կողմ գտնվող մարդկանց անձնական կյանքը, քան այն, ինչ նրանք անում են հասարակության համար: Դիցուք, կան շատ հայտնի մարդիկ, որ ունեն նորմալ անձնական կյանք, ընտանիք, բայց այն, ինչ երգում են, վարում են, սովորեցնում են՝ ոչ միայն տհաճ է, այլև՝ նույնիսկ վտանգավոր: Եվ հակառակը՝ գիտենք շատերին, ովքեր չեն կարողացել հաջողակ կերպով, կամ ընդհանրապես դասավորել իրենց անձնական կյանքը, բայց այն, ինչ անում են եթերից, հրաշալի է և օգտակար: Եթե մեր հասարակությունը ավելի շատ կենտրոնանար հայտնի մարդկանց հասարակական գործունեության վրա, որը կոնկրետ առնչվում է իր շահերի հետ, և անձնական կյանքը համարեր երկրորդական հետաքրքրություն, ապա հայտնիներն էլ իրենց ավելի պարտավորված կզգային կատարելագործվելու և լավագույնը հասարակությանը մատուցելու գործում… Հիմա վերադառնանք իմ անձնականին. քանի որ թեման հետաքրքիր է, կպատասխանեմ. Ո՛չ, ես ամունալուծված չեմ և չեմ եղել:
Եթե անգամ լինեի, հաստատ հասարակության շշուկները կամ կարծիքը առանձնապես ինձ չէին հետաքրքրի այն պարզ պատճառով, որ դա ի՛մ ԱՆՁՆԱԿԱՆ կյանքն է: Բառն արդեն իսկ հուշում է, որ իմ անձից բացի, ոչ-ոքի դա չի վերաբերում, եթե անգամ շատ հետաքրքրում է: Իսկ այ այն, ինչ անում եմ եթերում կամ հասարակական կյանքում, վերաբերում է ինձ ճանաչող ցանկացած մարդու: Չէ՞ որ այդ դեպքում ես պատասխանատու եմ հասարակության առաջ… Ինքս որոշումներ ընդունում եմ շատ դժվար և երկար, չկա այնպիսի բան, որ ես չներեմ, չհասկանամ կամ չընդունեմ, չմտնեմ դիմացինի դրության մեջ:
Կյանքում, եթե կա որևէ հարաբերություն փրկելու նույնիսկ աննշան շանս, ես հաստատ դա կօգտագործեմ, նույնիսկ, եթե դա աններելի կամ անընդունելի է թվում: Թերևս դա է պատճառը, որ ես չեմ կորցնում մտերիմ մարդկանց: Հակառակ դեպքում, եթե այլ որոշում եմ ընդունում, նշանակում է ուրիշ տարբերակ չի եղել, հնարավոր և անհնարին ամեն ինչ փորձարկվել է: Այս ամենի մասին հիմա բարձրաձայնեցի այն պատճառով, որպեսզի հետաքրքրասեր ականջներն իմանան. անձնական կյանք չի կարելի ներխուժել, քննարկել կամ քննադատել, որովհետև նրանք այդ մարդու մաշկի մեջ չեն, չգիտեն, թե նա ինչ է զգում, ապրում, տանում: Գիտեք միայն այն, ինչ իրենց թույլ է տրվել իմանալ: Խուսափե՛ք, ուրիշին քննադատելով, մեղքերի տակ ընկնելուց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուրում