Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը միացել է Գյումրիի անօթեւան 13 ընտանիքի համար բնակարան գնելու համար դրամահավաքին:
Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ես հենց նոր ստացա այս նամակը եւ հավատում եմ, որ սա լավ գործ է մշակութային գործիչների եւ ակտիվ երիտասարդների կողմից։ Մենք նույնպես հետեւել ենք Գյումրիի տնակներում ապրող մարդկանց եւ ամեն ինչ արել ենք, որ նրանց պայմանները բարելավվեն»:
Իսկ նամակում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Սերժ, ես Գյումրիի 13 անօթեւան ընտանիքների համար տուն գնելու նախաձեռնության համահեղինակն եմ։ Մենք երիտասարդ ակտիվիստների խումբ ենք, որոնք ուզում են իրենց ավանդը ներդնել, քանի որ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո այստեղ դեռ ավելի քան 4000 ընտանիք անօթեւան է մնում եւ ապրում է սարսափելի պայմաններում։ Ալ Ջազիրան 40 րոպե ուղիղ եթերով հեռարձակել է մեր նախագիծը։
Մենք օնլայն դրամահավաք ենք կազմակերպել։ Մոտ 20 օրում 12.500 ֆունտ ենք հավաքել եւ հայ հայտնի մարդկանց պատկանող իրերի աճուրդ ենք կազմակերպել։
Եթե 110.000 ֆունտը չհավաքվի, գումարը ավտոմատ կերպով հետ կվերադարձվի»:
Նշենք, որ նախագծի նախաձեռնողը լուսանկարիչ Հայկ Բարսեղյանն է: