Արդեն տևական ժամանակ է, ինչ հաղորդավար Արտավազդ Ամիրյանը կնոջ՝ Մարիամ Ամիրյանի և 5 ամսական դսեր՝ Օվսաննայի հետ բնակվում է ԱՄՆ-ում: Հաղորդավարը ֆեյսբուքյան իր էջում փետրվարի 20-ին նշել էր, որ տեղափոխվել է Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաք։ Արտավազդի տնօրինած «SlideArt Media Holding» ընկերությունը, որը զբաղվում է հարսանեկան միջոցառումների կազմակերպմամբ, արդեն իր մասնաճյուղն ունի նաև Գլենդելում: Asekose.am-ը զրուցել է Արտավազդ Ամիրյանի հետ Հայաստանից մեկնելու պատճառների, նրա այժմյան գործունության, ԱՄՆ-ի կյանքին հարմարվելու, հոր կարգավիճակի մասին և ոչ միայն:
-Արտավա՛զդ, ի՞նչ նպատակով եք այժմ գտնվում ԱՄՆ-ում:
-Դեռևս հանգստանում ենք, վայելում մեր ազատ օրերը, իսկ թե ինչպես կլինի շարունակությունը, ժամանակը ցույց կտա:
-Որո՞նք են Ձեր՝ Հայաստանից մեկնելու պատճառները:
-Հայաստանից մեկնելու որևէ պատճառ չի եղել: Ես առաջին անգամը չէ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում եմ: Այստեղ ունեմ բազմաթիվ հարազատներ, ընկերներ, սակայն այս անգամվա այցելությունս առանձնանում էր նրանով, որ կնոջս ու փոքրիկիս հետ էի, ովքեր առաջին անգամ էին Միացյալ Նահանգներում: Մեծ ցանկություն ունեինք շրջելու, տեսնելու և ծանոթանալու այստեղի կյանքին, մշակույթին ու առօրյային:
-Արտավա՛զդ, հե՞շտ էր արդյոք հարմարվել ԱՄՆ-ի կյանքին:
- Ինձ համար միշտ էլ հեշտ է եղել հարմարվել այստեղի կյանքին, իսկ այս անգամ ամեն ինչ ավելի հեշտ եղավ, քանի որ արդեն ընտանիքիս հետ եմ, ինչն ինձ շատ մեծ ուժ է տալիս արագ հարմարվելու ամեն ինչին:
-Կա որդյո՞ք Հայաստանում մի բան, որը կարոտում եք հիմա:
- Հայաստանը շատ եմ կարոտում: Կարոտում եմ ծնողներիս, հարազատներիս, ընկերներիս, առհասարակ, կարոտում եմ այն ամենը, ինչը թանկ է ինձ համար՝ անգամ իմ աշխատասենյակն ու մեր բակը: Բայց թերևս ամենաշատը կարոտում եմ իմ Երևանը, քանի որ ինձ համար հարազատ քաղաքից լավ քաղաք չկա ու չի էլ լինի:
-Արտավա՛զդ, յուրաքանչյուր մարդու կյաքում բեկումնային է լինում երեխայի ծնունդը: Ի՞նչ է փոխվել Ձեր կյանքում դստեր ծնունդից հետո: Ի՞նչպիսի հայր եք դուք՝ ըստ Ձեզ:
-Աղջկաս ծնունդով շատ բան է փոխվել իմ կյանքում. դարձել եմ ավելի նրբանկատ, ավելի աշխատասեր, հիմա սիրում եմ ավելի շատ ժամանակ անցկացնել տանը: Այս շարքը դեռ երկար կարող եմ թվարկել, բայց ամենակարևորն այն է, որ աղջկաս ծնունդից հետո ես սկսեցի կյանքն առավել շատ սիրել, փորձել անել ավելին իր ու մեր ընտանիքի համար: Իսկ թե ինչպիսի հայր եմ ես, այդ մասին կարող են փաստել այն մարդիկ, ովքեր միշտ իմ կողքին են ու կարող են տեսնել, թե ինչքան մեծ տեղ ունի իմ Օսին իմ կյանքում:
-Ձեր կինը կրում է Ձեր ազգանունը. Հետաքրքիր է ՝ ու՞մ որոշումն է դա:
-Այո, կինս կրում էիմ ազգանունը, և դա առաջին հերթին նրա որոշումն էր: Պիտի խոստովանեմ, որ ինձ համար միշտ էլ հաճելի է եղել. երբ ընտանիքի անդամները նույն ազգանունն են կրում: Կարծում եմ՝ շատ գեղեցիկ երևույթ է:
-Արտավա՛զդ, նպատակ ունե՞ք արդյոք վերադառնալու Հայաստան և եթե այո՝ ապա երբ :
- Դեռ շատ նպատակներ ունեմ և՛ այստեղ, և՛ Հայաստանում, բայց ես, առհասարակ, չեմ սիրում ոչինչ պլանավորել: Թե երբ կվերադառնանք, չեմ կարող ասել, քանի որ դեռ չեմ պլանավորել, դա նույնպես ժամանակի հարց է: Բայց մի բան վստահ կարող եմ ասել, որ անպայման մի օր վերադառնալու ենք: