▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ շատ են օգնում լռությունը և լիարժեք հանգիստը. Մագդա Մկրտչյան

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շուտով կբեմադրվի Պուչինիի «Տոսկա» օպերան, որում ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանը հանդես կգա Տոսկայի դերերգով: Մինչ այդ Asekose.am-ը արտիստուհու հետ զրուցելու հերթական առիթ ունի: Մայիսի 4-ին Ալ. Սպենդիարյանի անվան թատրոնում տեղի ունեցավ Ս.Ռախմանինովի գլուխգործոցներից «Ալեկո» օպերան, որում Մագդա Մկրտչյանը հանդես եկավ Զեմֆիրայի կերպարում:

Պահն արդեն հասունացել էր

Ես վաղուց մտածում էի, որ մի օր Ս. Ռախմանինովի «Ալեկո» օպերայում կմարմնավորեմ Զեմֆիրայի կերպարը: Պահն արդեն հասունացել էր, և ես զգացի, որ կարող եմ հանդես գալ այդ դերում: Կազմակերպվեց լսման փուլ, որն անցնելուց հետո մաեստրo Հ. Արզումանյանը, ում հետ ես միշտ մեծ ոգևորությամբ եմ աշխատում, փորձեր նշանակեց: Ի վերջո, երբ աշխատանքն արդեն լիարժեք էր, մայիսի 4-ին այն հանձնեցինք հանդիսատեսի դատին:

Առաջին անգամ հանդես եկա ռուս կոմպոզիտորի հեղինակած օպերայում

Ամեն մի դեր ինձ համար ունի իր ուրուն նշանակությունը: Սակայն այս դերս տարբերվում է նախորդ դերերից նրանով, որ ես առաջին անգամ հանդես եկա ռուս կոմպոզիտորի հեղինակած օպերայում: «Ալեկո»-ն մեկակտանի օպերա է, քնարա-հոգեբանական ողբերգություն է. սեր, կիրք, ցասում, անձնազոհություն. ամեն ինչ ավարտվում է մեկ շնչով:

Հետաքրքիր էր աշխատել ստեղծագործական խմբի հետ

Հետաքրքիր էր աշխատել ստեղծագործական խմբի հետ, առավել ևս նման խմբի, որի անդամներից յուրաքանչյուրն իր գործն անում է բարձր պրոֆեսիանալիզմով: Նշեմ նաև, որ ինձ հետ ելույթ էին ունենում նաև օպերային թատրոնի մենակատար Հայկ Տիգրանյանը՝ ծեր գնչուի դերում, Տիգրան Օհանյանը՝ երիտասարդ գնչուի դերում: Մենք երեքս էլ առաջին անգամ էինք հանդես գալիս «Ալեկո» օպերայում, և երեքս էլ համարում ենք, որ սա մեզանից յուրքանչյուրի պրեմիրերան է: Ալեկոյի դերում հանդես եկավ ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, իսկ ծեր գնչուհու դերում՝ Լիլիթ Հակոբյանը: Բոլորն էլ փայլուն ելույթ ուենցան և արժանացան բուռն ծափահարությունների: Օպերան ղեկավարում էր մաեստրո Հ. Արզումանյանը, ով անթերի ղեկավարեց ներկայացումը:

Օպերա երգելը հեշտ բան չէ, կարելի է ասել՝ սթրես է

Օպերա երգելը հեշտ բան չէ, կարելի է ասել՝ սթրես է (ժպտում է): Երգիչը միաժամանակ մտածում է և՛ իր , և՛ կերպարի, և՛ արտիստիզմի, և՛ վոկալ-տեխնիկական բարդությունների մասին՝ ինչպես ներքևի կամ վերևի նոտան լիարժեք պայլուն երգել, այս կամ այն երաժշտական ֆրազան հասցնել ճիշտ ավարտին: Խոսքն ու առոգանությունը շատ կարևոր են, դրանք պետք է հստակ լինեն, ինտոնացիան՝ մաքուր: Յուրաքանչյուր մանրուք այս դեպքում շատ կարևոր է.սա նշանակում է, որ նախքան հանդիսատեսի դատին ներկայանալը ներկայացման մասնակիցներն անցնում են երկար ու բարդ ճանապարհ, նույնիսկ փորձերի ընթացքում ամեն ինչ արվում է այնպես, ինչպես դա պետք է լինի բուն ներկայացման ժամանակ:

Ինձ շատ են օգնում լռությունը և լիարժեք հանգիստը

Օպերային երգեցողությունը երաժշտական արվեստի ամենաբարդ տեսակներից մեկն է: Այն պահանջում է ահռելի ֆիզիկակական և հուզական պատրաստվածություն, նվիրում և անձնազոհություն, ամենօրյա փորձեր: Երբ ավարտվում են բոլոր փորձերը, արտիստին պետք է լռություն և հանգիստ, լիարժեք քուն, ոչ մի կողմանկի սթրես: Այդ հանգիստը շատ կարևոր է երգչի փայլուն ելույթի համար: Մենք ներկայացումներից առաջ չենք կարող մեզ թույլ տալ ձայնի չարաշահում, նույնիսկ սնունդն է պետք ճիշտ օգտագործել: Իմ դեպքում ինձ շատ է օգնում լռությունը և լիարժեք հանգիստը: 

Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան

Լուսանկարները՝ Սերգեյ Մանվելյանի

Կարդացեք նաև՝ Չեմ շտապում ամուսնանալ. Մագդա Մկրտչյան

Ամենակարևոր ձեռքբերումն ուսուցիչներս են՝ Գոհար Գալաչյանը և Պավարոտտին. Մագդա Մկրտչյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին