Ալ. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանն իր հզոր ձայնով հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրների հռչակավոր բեմերում: Իր ուսուցիչներին՝ Գոհար Գալաչյանին և Պավարոտտիին կյանքում ամենակարևոր ձեռքբերում համարող օպերային երգչուհու համար Օհան Դուրյանի հետ հանդիպումը ճակատագրական եղավ. 23 տարեկանում նա երգեց Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգը: Asekose.am-ը զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստուհի Մագդա Մկրտչյանի հետ Հայաստանում օպերային արվեստի զարգացման, ստեղծագործական գործունեության, ապագա պլանների և այլ թեմաների շուրջ:
-Այսօր, ի տարբերություն էստրադային աստղերի, օպերային աստղերն ու օպերային արվեստը ստվերում են, ինչը կապված է նաև ֆինանսական կողմի հետ: Ի՞նչ եք Դուք մտածում այս ամենի վերաբերյալ: Արդյո՞ք Հայաստանում օպերային արվեստի զարգացման հեռանկարներ կան:
-Օպերային արվեստն իր տեսակով թանկ արվեստ է, այս դեպքում նույնիսկ 1 կամ 2 հովանավորներն էլ չեն կարողանա այնպես անել, որ Հայաստանում արվեստի այս տեսակն այնքան զարգանա, որ կարողանա կանգնել այլ ժողովուրդների արվեստի կողքին: Մենք ունենք հզոր թատրոն, դեռ սովետական ժամանակներից լավագույն 3-ի մեջ ենք ընդգրկված եղել: Մենք էլի կարող ենք այդ բարձունքին լինել, այսինքն՝ Հայաստանում օպերային արվեստի զարգացման հեռանկարներ կան, սակայն դրա համար անհրաժեշտ է ֆինանսական հզոր աջակցություն:
-Մագդա՛, Դուք ելույթ եք ունեցել աշխարհի տարբեր երկրների բեմերում: Արդյո՞ք նկատել եք տարբերություններ հայ և օտարազգի հանդիսատեսի միջև:
-Կարող եմ հստակ ասել, որ բոլոր վայրերում էլ հանդիսատեսը գալիս է մի նպատակով՝ որակյալ երաժշտություն ունկնդրելու, սակայն արձագանքները տարբեր են լինում, տարբեր կերպ են ծափահարում: Օրինակ՝ Գերմանիայում հանդիսատեսը իր հիացմունքն արտահայտում է րոտքերի հարվածներով, ինչն ինձ համար զարմանալի էր, սակայն հետո ինձ ասացին, որ դա լավագույն գնահատակնն էր, որ ին ես կարող էի արժանանալ: Հայերն ավելի զուսպ են այս առումով, ավելի շատ սիրում են բեմում տեսնել ապրումների մեջ գտնվող արտիստի, ով իր հույզերն արտահայտում է բարձր ձայնով: Այդ պահերին նրանք ուժեղ ծափահարում են, իսկ երբ երգը պահանջում է նուրբ ելևէջներ, այս դեպքում հայերը ծափահարությունների առումով դառնում են «զուսպ»:
- Ի՞նչ եք կարծում` արտերկրում որքանո՞վ են ծանոթ հայկական մշակույթին, և ի՞նչ է պետք անել այն մասսայականացնելու համար:
-Մեր հայկական մշակույթն արտերկրում տարածելու միակ տարբերակն այն անընդհատ պրոպագանդելն է, և այս դեպքում կապ չունի արվեստի ճյուղը: Ես շատ ուրախ եմ, որ մեր հայ արտիստները մեծ ու լուրջ նախագծերի շրջանակներում հնարավորություն են ունենում հանդես գալու միջազգային լավագույն բեմերում:Մենք ունենք գեղեցիկ մշակույթ, որը գրավում է օտարերկրացիներին: Միայն տեսնել էր պետք, թե ինչ հիացմունքվ էին լսում օտարերկրացիները մեր երգերը, երբ 2006թ. Բենեդիկտոս 16-րդ պապի և Մխիթարյան միաբանների ներկայությամբ ես կատարում էի հայկական միջնադարյան շարականները, որոնք յուրահատուկ են իրենց բնույթով: Դա նրանց համար նորություն ու թարմություն էր: Այդ պահին ես ինձ հպարտ էի զգում, բոլոր զգացմունքներս իրար էին խառնվել:
-Ինչպե՞ս եք հաղթահարում այն դժվարությունները, որոնց բախվում եք Ձեր ստեղծագործական գործունեության ընթացքում: Կա ՞ արդյոք կարգախոս, որով առանջնորդվում եք Ձեր կյանքում:
-Ես երբեք չեմ հուսահատվում: Յուրաքանչյուր նոր օր ինձ համար ինչ-որ նոր բանի հասնելու սկիզբ է: Ճիշտ է, դժվարություններ միշտ էլ լինում են, բայց փորձում եմ դրանք հաղթահարել ու գնալ նպատակիս հասնելու ճանապարհով: Ես ապրում եմ ներկայով ու փորձում եմ կյանքիս յուրաքանչյուր օրը դարձնել ուրախ ու իմաստալից:
-Կա՞ն արդյոք դերեր, որոնց մասին երազում եք:
- Իհարկե, կան այդպիսի դերեր, օրինակ՝ Դոն Կառլոսի Ելիզավետայի դերերգը: Դեռ երիտասարդ եմ ու համոզված եմ, որ հանդես կգամ այդ դերերում: Երազել եմ Աիդայի դերի մասին և շատ ուրախ եմ, որ այսօր հնարավորություն ունեմ հանդես գալու այդ դերում, որի մասին շատ օպերային երգչուհիներ են երազում:
-2014թ. Ձեզ շնորհվեց վաստակավոր արտիստի կոչում, ինչքանո՞վ էր դա կարևոր Ձեզ համար:
- Շնորհակալ եմ այս կոչման համար, որովհետև դրա շնորհիվ լցվել եմ նոր լիցքերով ու մեծ պատասխանատվությամբ: Ուրախ եմ, որ դրա շնորհիվ ինձ գնահատված եմ զգում:
-Դուք նաև դասավանդում եք Կոնսերվատորիայում: Ո՞րն է այն խորհուրդը, որը միշտ տալիս եք ձեր ուսանողներին:
- Առհասարակ, մեր երեխաները շատ որակյալ կրթություն են ստանում : Ես ուրախ եմ, որ կրթութոյւնս ստացել եմ հենց Հայաստանում, թեև բազմաթիվ հնարավորություններ եմ ունեցել արտերկրում լինելու: Մենք շատ լավ ձայն ունեցող երեխաներ ունենք: Ես միշտ իմ ուսանողներին առաջին հերթին խորհուրդ եմ տալիս ճիշտ որոշել իր ձայնի հնարավորությունները, ըստ այդմ էլ ՝ճիշտ ընտրել երգացանկը: Սակայն առաջին հերթին ես նրանց փորձում եմ դաստիարակել որպես ազնիվ ու լավ մարդ:
- Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ ձեզ որպես արվեստագետ և որպես իգական սեռի ներկայացուցիչ:
-Առաջին հերթին ես ինձ ուժեղ մարդ եմ համարում, միշտ հասնում եմ իմ առջև դրված նպատակներին: Ես կարող եմ փխրուն լինել, սակայն հարկ եղած դեպքում շատ վճռական եմ դառնում: Առհասարակ, ես ինձ ներդաշնակ մարդ եմ համարում թե՛ որպես արվեստագետ, թե՛ որպեոս իգական սեռի ներկայացուցիչ:
-Աշխարհի բազմաթիվ երկրների ամենահեղինակավոր բեմերում եք եղել, արժանացել եք բազմաթիվ մրցանակների, ՀՀ վաստակավոր արտիստուհի եք, Կոնսերվատորիայի դասախոս, ի վերջո կայացած մարդ: Իսկ ի՞նչն է ձեզ պակասում այսօր կատարյալ երջանիկ զգալու համար:
- Մի բան կարող եմ ասել կինն առաջին հերթին պետք է մայր լինի: Այս պահին իմ կյանքի միակ բացը համարում եմ իմ սեփական ընտանքի բացակայությունը, որը, հուսով եմ, շուտով կլրացնեմ: Իսկ առհասարակ այս առումով չեմ շտապում: Կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ ունի իր ճակատագիրն ու ընտրություն անելու ճիշտ ժամանակը:
Հեղինակ՝ Լիլիթ Նավասարդյան