Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Մագդա Մկրտչյանն իր թովիչ ձայնով աշխարհի ամենահեղինակավոր բեմերն է նվաճել: Ճանաչված երգչուհին մենահամերգներով հանդես է եկել Dorothy Chandler Pavilion-ում, (ԱՄՆ), Konzerthause-ում ( Բեռլին), Nicolaisaal-ում, (Պոտսդամ), Handel Hоuse-ում (Հալլե), Դոժերի Պալատում ( Իտալիա), Ջուստինյան Պալատում ( Իտալիա), Դ.Շոստակովիչի անվան պետական ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում (Սանկտ-Պետերբուրգ) և այլն, արժանացել բուռն ու հոտնկայս ծափերի: 1999թ-ից Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մենակատար է:Վերապատրաստվել է Լ. Պավարոտիի և Մ. Մերիգգոյի դասարաններում: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ այդ թվում՝ Hildegard Pabelic-ի անվան միջազգային մրցույթի Գրան Պրի (2000թ.) և Ջ.Վերդիի «Ռեքվիեմ»-ի լավագույն կատարման համար ոսկե մեդալ (2001թ.):
Հատկանշական է, որ նախորդ տարի նշանավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն, լսելով Մագդա Մկրտչյանի կատարումը, չէր կարողացել թաքցնել հուզմունքը:
Ստեղծագործական հաջողությունների, ամենահետաքրքիր դրվագների, օպերային արվեստի առանձնահատկությունների, ոլորտի խնդիրների և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակցիը զրուցել է Մագդա Մկրտչյանի հետ:
-Սիրելի՛ Մագդա, նախ շնորհավորում եմ հաջողված ելույթի առիթով և նախքան զրույցին անցնելը խնդրում ՝ պատմեք վերջին ելույթի մասին:
-Շնորհակալ եմ: Սեպտեմբերի 10-ին տեղի ունեցավ «Աիդա» օպերան՝ թատրոնի 81-րդ թատերաշրջանի բացման շրջանակներում: Ես երգեցի Աիդայի դերերգը: Ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ: Բուռն ծափահարություններ, ջերմ ընդունելություն, լավ տպավորություններ… Շնորհակալ եմ Աստծուն այս հաջողության համար:
-Աշխարհի ամենահեղինակավոր բեմերում ելույթներ եք ունեցել, արժանացել ջերմ ընդունելության ու գնահատանքի: Այնուամենայնիվ, ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Ինձ համար ամենակարևոր ձեռքբերումն իմ ուսուցիչներն են՝ իմ առաջին ուսուցչուհին՝ հայտնի երգչուհի, ժողովրդական արտիստուհի մեցցո-սոպրանո Գոհար Գալաչյանը և Լուչիանո Պավարոտտին, ում մոտ վերապատրաստվել եմ: Երկուսի ուժը, դասը, դպրոցն ինձ ամուր կանգնելու հող են տվել: Իմ հաջողություններն ուսուցիչներիս շնորհիվ են: Շատ ուսուցիչներ եմ ունեցել, շատ երգիչների հետ եմ աշխատել՝ Բարսեղ Թումանյանի, Արաքս Դավթյանի, Գալինա Վիշնևսկայայի, Մարիո Մերիգգոյի և այլն, վարպետության դասերի եմ մասնակցել, սակայն իմ ուսուցիչները Գոհար Գալաչյանը և Լուչիանո Պավարոտտին են:
-Ի՞նչ հետաքրքիր դեպք կհիշեք Պավարոտիի մասին:
-Շատ պարզ, հասարակ, ջերմ մարդ էր: Դասերից հետո միշտ ասում էր՝ մնա, գնանք խոհանոց, ես իմ սիրելի ուտեստը պատրաստեմ: Եվ իսկապես Պավարոտտին նաև լավ խոհարար էր:
Իր պարզույթունը, մաքրությունն ամեն ինչ էր ինձ համար: Իսկ տված դասերն անգնահատելի դեր են ունեցել: Միշտ խորհուրդ էր տալիս պարզ երգել: Շատ երգիչներ ցանկանում են ցույց տալ իրենց ձայնը… ինքը շեշտը դնում էր պարզության վրա: Իր գեղեցիկ առանձնատունն եմ հիշում՝ ամբողջովին ապակեպատ էր և ծովը երևում էր: Տպավորիչ էր, երբ այնտեղ Չիո Սան արիան էի կատարում և նայում ծովին. չէ որ հերոսուհին սպասում էր իր հերոսին, ով պետք է նավով գար: Միշտ ասում էի՝ այդ արիան այդ վայրում պեքտ է երգեմ (Ժպտում է ):
-Կարո՞ղ եք հիշել Ձեր ամենատպավորիչ ելույթը:
-Երկու ելույթ կարող եմ առանձնացնել՝ Պոտսդամի Nicolaisaal և Բեռլինի Konzerthause դահլիճներում: Բեռլինում ելույթից հետո ծափահարությունները ոտքերով սկսվեցին… դա ինձ նույնիսկ վախեցրեց: Ես ցնցված դուրս եկա: Ետնաբեմում ասացին՝ մի վախեցեք, դա հիացմունքի նշան է, գնացեք և խոնարհվեք: Դա երբեք չեմ մոռանում: Եվ երկրոդը՝ Հռոմի պապի առջև ելույթս է:
- Ցանկացած ասպարեզում դեպի կայացում տանող ճանապարհը փշոտ է. ո՞րն է եղել Ձեզ հանդիպած ամենամեծ դժվարությունը:
- Իմ դժվարությունը, ցավոք, կապված է դերաբաշխման հետ: 1999 թվականից ես թատրոնում եմ և միշտ այդ առումով դժվարություն եմ ունեցել: Ինձ միշտ դժվարությամբ էին դեր տալիս: Սա անտարբերության հետևանք էր ու չուզենալու: Դա ինձ միշտ խանգարել է:
-Ներկայիս վիճակն ինչպիսի՞ն է այդ առումով:
-Մենք նոր տնօրեն ունենք, ով ձգտում է, որ ամեն ինչ լավ ու արդար լինի: Վերջին ատեստացիան շատ գեղեցիկ անցկացրեց: Ամենակարևորը՝ ձգտում տեսնում եմ և վստտահ եմ, որ կստացվի:
- Ո՞րն է եղել Ձեր կյանքի կարևրագույն հանդիպումը:
- Իմ ամենկարևոր հանդիպումն Օհան Դուրյանի հետ էր, ով ինձ բարձրացրեց, ճանապարհս հարթեց ու ամենակարևորը՝ ինձ հավատաց: Նա ինձ վստահեց երգել դժվարագույն դերերգերից մեկը՝ դեռ 23 տարեկանում՝ Վերդիի «Տրուբադուր» օպերայում Լեոնորայի դերերգը: ես Օհան Դուրյանի հետ գնացի ԱՄՆ և երգեցի ամենահեղինակավոր բեմերից մեկում: Կատարեցի Վերդիի Ռեքվիեմը ես արժանացա ոսկե մեդալի՝ որպես լավագույն ռեքվիեմ կատարող: Հավելեմ, որ ձայնասկավառակ եմ պատրաստել՝ Օհան Դուրյանի 13 ռոմանսները: Կցանկանայի, որ թողարկվեր, քանի որ մշակութային արժեքներ են և ժողովուրդը պիտի ճանաչի դրանք:
- Վատիկանում Բենեդիկտ Պապ 16-րդի ներկայությամբ ներկայացրել եք մեր միջնադարյան շարականները..
- Այո, դա 2006-ին էր: Ներկայացրեցի հայկական շարականներ: Իտալական Տելեպաչե հեռուստաընկերության մշակութային ծրագրի շրջանակներում ինձ հրավիրել էին հայկական մշակույթը ներկայացնելու: Հեռարձակվեց աշխարհի 27 երկներում: Ներկա էին Հռոմի պապը, բոլոր կարդինալները, Մխիթարյան միաբանության վարդապետները: Երգեցի նաև Մխիթար աբբահոր շարականներից մեկը: Հայկական շարականները ջերմ ընդունելության արժանացան: Հիացմունքով ասում էին՝ մենք չենք լսել նման բան, ձեր շարականներն աղոթքի նման էին, բարձրանցում էին վեր:
-Մասնակցել եք նաև Ելենա Օբրազցովայի ծննդյան 70-ամյակի համերգին: Կմանրամասնե՞ք:
-2009 թվականին հրավիրվեցի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Ելենա Օբրազցովայի ծննդյան 70-ամյակի համերգին: Լեգենդար երգիչներ էին մասնակցում, որոնց ես հին ձայներիզներով էի լսել: Երբեք չէի մտածել, որ նրաց հետ կկանգնեմ կողք կողքի: Փորձի ժամանակ ինձ թվում էր՝ գնացել եմ իրենց լսելու: Դիրիժորը Ջուզեպպե Սաբատինին էր, ով նաև երգում էր Լա Սկալայում: Կատարեցի Վագներ՝ Իզոլդայի մահվան տեսարանը: Եվ, իհարկե, որպես հայուհի՝ նաև հայկական շարական կատարեցի:
- Օպերային արվեստի ոլորտում ի՞նչ ակնառու խնդիրներ կան:
-Ամենահրատապ խնդիրներից մեկն այն է, որ օպերային թատրոնը պետք է հովանավորներ ունենա: Չենք կարող ուղղակի որոշել և ներկայացում անել, դժվարություններ կան: Կան շատ «հարուստ» օպերաներ, որոնք պետք է անպայման լինեն երգացանկում՝ «Կարմեն», «Տոսկա», «Դոն Կառլոս», «Մակբեթ» և այլն: Մեր հայկական օպերաներն էլ կարելի է ավելի ճոխ բեմադրել: Առաջնահերթ երգացանկն է պետք փոխել: Դա փաստորեն նաև արտիստի աշխատանքն է: Ինձ համար յուրաքանչյուր ներկայացում տոն է: Իսկ այդ տոնը պետք է շատ լինի:
-Այսօր Հայաստանում Ձեր ոլորտում կայանալու համար կա՞ն անհրաժեշտ պայմաններ:
-Ես կարծում եմ պետք է շատ մենեջերների ներգրավել, ովքեր պրոֆեսիոնալ են և լուրջ կապեր ունեն թատրոնների հետ: Նամակ ես էլ կարող եմ գրել, ասեն՝ արի քեզ լսենք: Մենեջերը պետք է հզոր մեկը լինի, որ իր երգչին ներկայացնի: Դա է մեր խնդիրները: Մյուս կողից՝ անընդհատ կան լսումներ, իսկ մենք այդ հնարավորությունը չունենք գնալու և մասնակցելու: Գոնե այդ մարդկանց կարելի լիներ բերել այստեղ, որ մեր երգիչներին էլ լսեն այս կամ այն դերերի համար: Իսկ CD ուղարկելու դեպքում կարող են պարզապես չլսել և նետել: Պետք է անպայման դրսից մասնագետներ բերեն: Օրինակ՝ ինչպես զարգացավ «Большой театр»-ը: Իտալացի մասնագտներին հրավիրեցին, նրանք էլ իրենց հերթին ռուս երգիչներին տարան Լա սկալա: Մենք ևս պիտի համագործակցենք: ԽՍՀՄ տարիներին մեր թատրոնը երրորդն էր: Պատկերացնու՞մ եք ինչ հարուստ երգացանկ է ունեցել, ինչ հյուրախաղեր...
-Դասավանդում եք Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Ինչ կասեք երիտասարդ սերնդի մասին:
-Մենք շատ լավ երեխաներ ունենք՝ հրաշալի ձայներ ունեցող: Վերջերս արտերկրից դիրիժոր էր եկել ասում էր՝ ես չեմ հասկանում՝ Աստված ինչու՞ է հայերին այսքան լավ ձայն տվել: Շատ լավ ձայներ ունենք: Իմ ուսանողներն այսօր Գերմանիայում են սովորում, ակադեմիաներ են ընդունվել, մեծ հաջողություներ ունեն: Գերմանիայում թատրոնները շատ են, և հնարավորություններն ավելի մեծ են:
-Խոսենք նաև Ձեր հետագա պլանների մասին:
- 2015 թվականին մենահամերգներ ունեմ Ֆրանսիայում: Հրավեր ունեմ Իտալիայից: Ձգտում եմ անպայման օգտագործել նման հնարավորությունները՝ արտերկրում ելույթ ունենալու: Այստեղ էլ, իհարկե, կունենամ համերգներ: Գեղեցիկ համերգներ են նախատեսվում, սակայն ուզում եմ անակնկալ լինի: Ձայնասկավառակներ ունեմ՝ հոգևոր և դասական երաժշտության: Ինձ առաջարկել են երգել նաև Մխիթար աբբահոր մյուս շարականները: Եվ երազանքս է ունենալ ձայնասկավառակ` բարոկկո ժանրի:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Լուսանկար` Սոնա Ադամյանի
Տեսանյութերում՝ հատվածներ Հոռմի Սան Մարկո եկեղեցում Հռոմի պապի ներկայությամբ ելույթից, «Աիդա» օպերայից և Ելենա Օբրազցովայի ծննդյան 75-ամյակին նվիրված համերգից.