▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ էլ հոգեբան լինի. Լուիզա Ներսիսյան

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանը Հայաստանում վաղուց վաստակել է «Համարձակ դերասանուհու» տիտղոսը, թեև  նրա համար այս տիտղոսը փոքր-ինչ զարմանալի է՝ դերասանը կա՛մ պրոֆեսիոնալ է, կա՛մ ոչ։ Թատրոնի հանդիսատեսը սովոր է Լուիզային տեսնել ծայրահեղ տարբեր դերերում։ Թերևս հենց այս բազմազանությունն է պատճառը, որ նա երբեք չի կտրվում հարազատ թատրոնից։ Կայքի հետ զրույցում դերասանուհին անկեղծորեն խոսել է մասնագիտական ճանապարհի և ոչ միայն  այդ մասին։

-Լուիզա, հեռուստատեսությունում պարբերաբար ունենում եք դադարի կարիք և ոչ բոլոր նախագծերում եք ներկայանում, սակայն թատրոնում միշտ զբաղվածություն եք ունեցել։ Ինչո՞վ է պայմանավորված, որ թատրոնում դադարի կարիք չեք զգում՝ չնայած  թատրոնն անհամեմատ ավելի շատ էներգիա է խլում դերասանից։

-Հեռուստատեսությունը դերասանին մարդկանց ավելի լայն զանգվածին ներկայանալու հնարավորություն է տալիս, սակայն ոչ  հոգևոր բավարարվածություն։ Թատրոնն է այն վայրը, որտեղ կարող ես էներգիայով ոչ միայն կիսվել հանդիսատեսի հետ, այլև ստանալ։ Հեռուստատեսությունն ու թատրոնը շատ տարբեր են. հեռուստատեսությունում կան նախագծեր, իսկ թատրոնը չի կարող լինել նախագիծ, այն դառնում է կյանքի ձև։ Թատրոնի մարդը հիվանդանում է թատրոնով ու այլևս չի պատկերացնում կյանքն առանց թատրոնի։ Այստեղ փորձաշրջանի երկարատև ընթացքը նաև ինքնաճանաչողական է, ինչը շատ կարևոր է։ Թատրոնն իմ կյանքն  է , հեռուստատեսությունը՝ աշխատանքը։

-Աշխատանք, որի միջոցով գումա՞ր եք վաստակում։

-Հեռուստատեսությունն այդքան գումար վաստակելու միջոց չէ, որքան ուզում ես ինչ-որ աշխատանք անել, որով կարող ես կիսվել հասարակության ավելի լայն զանգվածի հետ, որպեսզի քո աշխատանքին հետևեն նաև դրսում։

-Թատրոնում երկար նախապատրաստվում եք ներկայացմանը։ Այն հանդիսատեսի առաջ խաղալուց հետո էմցիոնալ առումով սպառվա՞ծ եք լինում։

-Պետք է կարողանալ պահել բալանսը. եթե մի տեղ էներգիա ես ծախսում, մի տեղ էլ պետք է ձեռք բերես։ Ես ինձ երբեք քամված չեմ զգացել, ոչինչ ինձնից այնքան էներգիա չի խլել, որ չկարողանամ վերականգնվել։ Փորձաշրջանն էներգիայի կորուստ չէ. դա լցվելու պրոցես է. դու ընթացքում այնքան խորություն ես ձեռք բերում, որ ավելի շատ լցվում ես, քան դատարկվում։ Դա դատարկվելու և լցվելու շարունակական պրոցես է։

-Ձեր գործունեության ոլո՞րտն է շատ հասունացրել Ձեզ։

-Կյանքն ու տարիներն են հասունացրել ինձ։ Վստահ եմ՝ եթե այլ մասնագիտություն էլ ընտրած լինեի, կկարողանայի ամբողջովին տրվել դրան և հաճույք ստանալ իմ արած գործից։ Ցանկացած մասնագիտության մեջ կարելի է հասունանալ, պարզապես թատրոնը հնարավորություն է տալիս մի կյանք ապրելով վերամարմնավորել տարբեր  կյանքեր ու կերպարներ, առնչվել տարբեր մասնագիտությունների, մի բան, որ այլ մասնագետներն անել  չեն կարող։ Եթե այլ մասնագիտությունների մեջ ավելի շատ փորձում ես հասարակության մեջ գտնել քո տեղն ու դիրքը, թատրոնում սկսում ես ճանաչել քեզ, մարդուն, հասկանալ մարդու հոգեբանությունը, բնությունն ու տեսակը։ Ես չեմ տարանջատում հոգեբանի և դերասանի մասնագիտությունները, որովհետև յուրաքանչյուր դերասան պետք է մի քիչ էլ հոգեբան լինի։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին