▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արդեն 7 տարի է, բայց առաջին օրվա ցավն եմ զգում. «Որոգայթի» Գոքորի մայրը՝ որդու երազանքների մասին

Aysor.am-ը գրում է.

Ուղիղ 7 տարի առաջ հունիսի 22-ին ողբերգական վթարի հետևանքով խզվեց երկու երիտասարդների կյանքի ուղին. Այդ ժամանակ ամենաբարձր վարկանիշն ունեցող «Որոգայթ» սերիալի առանցքային հերոսներից Գոքորին մարմնավորող Գեղամ Խանդիլյանն ու Գարիկի դերակատար Արամ Միսկարյանն ավտովթարի զոհ դարձան: Ծնողի համար որդու կորուստը ցավի նույն ուժգնությունն ունի՝ լինի մեկ օր անց, թե՝ մի քանի տարի:

«Արդեն 7 տարի է, բայց առաջին օրվա ցավն եմ զգում: Ամբողջ օրն իր հետ «խոսել» եմ, լացել, հիշել այդ օրվա մանրամասները… Տանը չէր գիշերել, առավոտյան եկավ, ցանկացա սուրճ պատրաստել իր համար, կյանքում առաջին անգամ հրաժարվեց: Ասեց՝ մամ, էսօր լավ չեմ զգում: Անհանգստացա, ասացի՝ Գեղամ ջան, մի տեսակ կանխազգացում ունեմ, վախենում եմ, անհանգստանում եմ քեզ համար, ասաց՝ լավ կլինի ամեն ինչ, մի մտածի… Ու գնաց նկարահանման հրապարակ»,-Aysor.am-ի հետ զրույցում վերհիշեց Անահիտ Խաչատրյանը՝ Գեղամ Խանդիլյանի մայրը:

Բայց ժամեր անց վերադարձել է տուն, քանի որ ընկերն ու խաղընկերը՝ Գարիկի դերակատար Արամ Միսկարյանը, նկարահանման հրապարակ չէր գնում, պետք էր նրան համոզել ու տանել: «Արամը ռեժիսորի հետ մի-փոքր ընդհարում էր ունեցել, Ռոման Մուշեղյանն էլ (ռեժիսոր հեղ.) Գեղամին խնդրել էր, որ Արամին համոզի ու բերի, վստահ էր, որ նրան կլսի: Արամին ասել էր, որ ժամը 16:00-ին մեր տուն գա: Եկավ տուն գրիմը դեմքին, լսեցի, որ սենյակում հեռախոսով ասում էր, որ գործ ունեն Հոկտեմբերյանում: Ու քանի որ դրանից օրեր առաջ իր մեքենայի լուսարձակը վնասել էր, իրենց ետևից իր մեքենայով եկել էր այդ դատավորի տղան, ով էլ նրանց տարել է Հոկտեմբերյան: Ես հետո իմացա, որ գնացել են, գիտեի, թե նկարահանման են»,-նշեց մեր զրուցակիցը:

Ըստ լրատվամիջոցների՝ տղաները ոգելից խմիչքի ազդեցության տակ են եղել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: Սակայն տիկին Անահիտը մինչ այսօր շարունակում է հերքել այդ վարկածը: Դրա համար ունի ապացույցներ, փաստարկներ: «Ես գնացել եմ այն հաստատություն, որտեղ իրենք նստել ու հաց են կերել: Կտրոնները բերեցին, ոչ մի ոգելից խմիչք ներառված չէր… «Սուր անկյուն» հաղորդաշարի «Հատուկ դեպքերով» ցույց տվեցին, իբր Գեղամը հարբած է եղել, «զոռով» ցանկացել է ղեկին նստել ու ստիպված տեղի են տվել: Ո՛չ, նման բան չկա, դա սխալ մեկնաբանություն էր: Պատմությունն այսպես է եղել. իրենք գնացել են, սպասել այն մարդուն, ում հետ պայմանավորված են եղել, բայց նա այդպես էլ չի եկել: Գեղամն ու Արամը մի քիչ բիլիարդ են խաղացել, երբ իջել են, տեսել են մեքենայի վարորդը՝ Էդգարը, ով դատավորի տղա է, վարորդի կողքի նստատեղին է նստած ու ասել է՝ մրսում եմ, լավ չեմ զգում, չեմ կարող վարել մեքենան: Եվ դա հունիս ամսին, երբ դրսում 35 աստիճան շոգ էր: Գեղամը չի ցանկացել մեքենան վարել, բայց դե ստիպված է եղել… Գիտեք, մենք բոլոր հետքերով գնացել ենք, մեզ շատ բաներ ցույց տվեցին ու ասացին, բայց քանի որ Հայաստանում արդարություն չկա, գործի մեջ պատմությունն ամբողջովին փոխված էր, նույնիսկ՝ դիրահերձարանի տվածը: Այդպես էլ փակվեց… Ես իմ ցավը չէի թողնելու և հետևելու իրենց կեղտոտ գործերին: Նույնիսկ չգիտեմ, թե այդ ամենից հետո ինչ հանգամանքներում է հենց Էդգարը գնել Գեղամի խանութի հասանելիք մասն ու տիրել դրան: Ինչ ասեմ, Աստված ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ կտեսնի»,- մանրամասնեց նա:

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին