▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ կոտրվում...Իրաքահայ երիտասարդ արվեստագետը՝ հայաստանյան հաջողությունների մասին

Իրաքյան պատերազմի հետևանքով շատ տեղաբնակ հայեր տեղափոխվեցին Հայաստան և փորձեցին ինքնահաստատվել Հայրենիքում:

Նրանցից շատերն անցան դժվար փորձություններով, մինչև որ կարողացան ադապտացվել մեր երկրի կենցաղին ու առօրյային, որը գրեթե ամբողջությամբ տարբերվում էր իրենց նախկին բնակավայրի ապրելակերպից:

Այդ մարդկանց շարքերում էր նաև երիտասարդ արվեստագետ Արման Մելիքյանը, ով հաղթահարելով բազմաթիվ դժվարություններ` իր առանձնահատուկ կերպարով և բազմաշնորհ տաղանդով արդեն հասցրել է սիրվել ու ճանաչվել հայ հասարակության լայն զանգվածների կողմից:

Արմանն ունի հետաքրքրությունների մեծ շրջանակ, որոնց մեջ առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Ֆոտոմոդելային արվեստը, նկարչությունը, երգը և դերասանական արվեստը:

Այդ ամենը համատեղել ու պրոֆեսիոնալ ներկայանալ հասարակությանը շատ բարդ է, իսկ թե դա ինչպես է ստացվում Նրա մոտ, կփորձենք պարզել յուրօրինակ հարցազրույցի միջոցով…

Ֆոտոմոդելային արվեստ, նկարչություն, երգ, դերասանական արվեստ. ինչպե՞ս է Ձեզ մոտ հաջողվում համատեղել արվեստի այս տարաբնույթ ճյուղերը և պատշաճ ներկայանալ հանդիսատեսին:

Արվեստի ցանկացած ուղղություն շատ հոգեհարազատ է ինձ: Կարողանում եմ համատեղել մշակույթի այս տարբեր ճյուղերը, քանի որ բոլորն էլ սիրում եմ ու մեկը մյուսին չի խանգարում: Աշխատում եմ որքան հնարավոր է մասնագիտորեն մոտենալ իմ տարաբնույթ գործունեությանը: Արվեստը նման է մի մեծ բնակարանի, որն ունի տարբեր փակ սենյակներ: Մարդ եթե կարողանում է մտնել այդ տուն` պետք է ձգտի ունենալ վերոնշյալ բոլոր սենյակների բանալիները և բացել դրանք:

Իսկ Ձեր ընտրած մշակույթի ճյուղերից որևէ մեկին առաջնահերթություն տալի՞ ս եք:

  Իրականում իմ ընտրած ուղիները տանում են մեկ կետի, այդ իսկ պատճառով ամեն պահ օգտագործում եմ իմ շանսերը և կարողությունները, ճիշտ քայլեր կատարելու համար:

Ո՞րն է այն կետը կամ բարձունքը, որին ձգտում եք:

Ընտրված կետը հենց այն բարձունքն է, որին ձգտում եմ: Դա ամուր հիմքերով է կառուցվում, քանի որ ունեմ նպատակ հասնելու մասնագիտական վերելքների:

Նույնիսկ տեղաբնակ հայերին է շատ դժվար ինքնահաստատվել Հայաստանում: Ինչպիսի՞ բարդությունների եք հանդիպել` Ձեր ընտրած ճանապարհով առաջ ընթանալիս:

Բարդությունները տարբեր բնույթների են լինում, պարզապես սովորել եմ հաղթահարել ցանկացած խոչնդոտ և չկոտրվել , չհուսալքվել: Դրա շնորհիվ է, որ իմ տեսակի ձգտող և հետաքրքրասեր մարդիկ չեն կոտրվում:

Ձեր պատասխանից կարելի՞ է ենթադրել, որ ուժեղ տեսակ եք:

Այո, աշխատում եմ այդպես էլ մնալ:

Պատերազմական ծանր տարիներն ի՞նչ հետքեր են թողել:Դրանց արտացոլանքը զգացվում է Ձեր արվեստում:

Այդ տարիների հետ կապված ամեն ինչ փորձում եմ ջնջել իմ կյանքից, քանի որ դրա մասին մտածելը խանգարում է առաջ ընթանալ:

Չե՞ք կարծում, որ Ձեր ուժեղ լինելու արմատները պատերազմական տարիներից են սկզբնավորվել:

Որոշ չափով կարելի է ասել այո, բայց հիմնականում իմ դաստիարակությունն է ինձ այդպիսին դարձրել: Անկախ նրանից` հիշում ենք անցյալը, թե երազում ապագայի մասին, գործում ենք միայն ներկայում:

Այս ժամանակահատվածում ինչպիսի՞ գործունեություն է ծավալում Արման Մելիքյանը:

Անկախ ամեն ինչից` անցյալը մնում է հիշողությանս մեջ, քայլում եմ դեպի ապագա և ապրում ներկայով: Այս ժամանակահատվածում աշխատում եմ ֆոտոմոդել` U Can ընկերությունում:Համագործակցում եմ Handes Production-ի հետ: Զբաղվում եմ երգարվեստով, նկարչությամբ, ֆոտոսեսիաներով և այլն:

Ճիշտ է, ապագան ոչ մեկին չի ենթարկվում, սակայն մեր կարդացողներից շատերին կհետաքրքրի Ձեր հետագա անելիքները:

Ապագայում ցանկանում եմ ունենալ իմ անձնական ստուդիան: Կշարունակեմ իրականացնել ֆոտոսեսիաներ, երաժշտական հոլովակներ: Պատրաստել եմ շատ անակնկալներ, որոնց մասին իմ լսարանը կտեղեկանա աստիճանաբար:

Հ. Գ.

Արման Մելիքյանը որպես երգիչ հանդես է գալիս AMVA բեմական անունով, որն իր կյանքում ամենակարևոր մարդկանց՝ ընտանիքի անդամների անունների սկզբնատառերով է կազմել:

Նյութը` Հասմիկ Մկրտչյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին