▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե այսպես շարունակվի, ես նույնպես Հայաստանում անելիք չունեմ. Արփինե Բեկջանյան

Երգչուհի Արփինե Բեկջանյանն աջակցում է «Սասնա ծռեր» խմբի անդամներին: Նրա խոսքով` խմբի տղաները հերոսներ են, ովքեր իր համար սրբեր են:

«Մարդկանց լռությունն անիմաստ ու աննպատակ կթվար, ես իրոք կզարմանայի, եթե այս ապստամբությունը չսկսվեր: Այդ խմբի հերոսներն իրենց կյանքը ժամանակին վտանգել են այսօրվա կառավարության համար, նրանց համար, ովքեր իրենց աթոռներին են այսօր: Նրանք ազգի հերոսներն են, ովքեր անձեռնմխելի պետք է լինեն, բայց, արի ու տես, որ անձեռնմխելի են պաշտոնյաները: Չի կարելի ազգի հերոսի վրա ձեռք բարձրացննել, չի կարելի նրանց վրա զենք պահել: Չէ՞ որ նրանց շնորհիվ է, որ այսօր մենք կանք»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

Արփինեի խոսքով՝ «Սասնա ծռեր»-ի գործողությունները խոսում են ժողովրդի անունից:

«Հայաստանում, իսկապես, օրեցօր անհնար է դառնում ապրելը, եթե ոչ`գոյատևելը: Դրսից եկած զբոսաշրջիկները զարմանում են, որ մեզ մոտ մարդիկ կարող են ապրել այսպիսի ծանր պայմաններում, երբ աշխատավարձերը ցածր են, իսկ ամեն ինչ թանկ է, որտեղ աշխատատեղեր չկան ու օր օրի ավելանում է մուրացկանների թիվը: Այն տղաները, ովքեր ժամանակին փրկել են մեր երկիրն ու կյանքը, այսօր սրճարաններում դռնապան են աշխատում, այնինչ նրանք պետք է լինեին շատ բարձր պաշտոնների: Թոշակով ապրող մարդկանց տալիս են այն գումարը, որը նրանք  կարող են միայն հոսանքի դիմաց վճարել: Իսկ հետաքրքիր է` ինչպե՞ս ապրեն ու մնացած ծախսերը հոգան: Մեր երկրում աղքատության այնպիսի ցուցանիշ է, որը չկա որևէ երկրում: Լավ են ապրում միայն այն ընտանիքները, ովքեր նախագահի շուրջն են, միայն նրանց երեխաներն ունեն բարեկեցիկ կյանք ու ապագա, իսկ ի՞նչ է`նրանք երեխա են պահում, իսկ մենք ոզնի՞:Նախագահը պետք է իր երկրի բարօրության մասին մտածի, որպեսզի արտագաղթը կանգնի: Սա արդեն գագաթնակետն է, երբ ժողովուրդը խեղդվում է ու իր հույսը դրել է «Սասնա ծռեր»-ի հերոսների վրա»:

Արփինեն անդրադարձավ նաև ոստիկանների ու ժողովրդի միջև տեղի ունեցող բախումներին.

«Սա մի երկիր է, որտեղ ոստիկան-քաղաքացի հարաբերությունները սխալ են ընկալվում: Ես շատ անգամներ եմ եղել արտերկում ու նկատել, որ այնտեղ ժողովուրդը հարգում է ոստիկանին`դրա դիմաց ստանալով նրա պաշտպանությունը: Այն, ինչ այսօր անում է մեր ժողովուրդը, անում է ճարահատյալ, ոստիկանն էլ կատարում է այն հրամանը, որը վերևից ստանում է: Ամեն դեպքում պետք է չափը չանցնել ու գոնե տարեցներին հարգելով՝ նրանց չքաշքշել ու վնաս չհասցնել»:

Արփինե Բեկջանյանը դժվարացավ պատասխանել, թե իրավիճակի ինչպիսի հանգուցալուծում կլինի, սակայն նշեց, որ չի կարծում, որ «Սասնա ծռեր»-ը կարող է հասնել որևէ բանի:

«Իմ կարծիքով՝ ժողովրդին ճիշտ առաջնորդ է պետք, ով իր հստակ կազմած ծրագրերի համակարգով կարող է գոնե կանխել ժողովրդի մասնատումը»:

Երգչուհին զրույցում նաև անդրադարձ կատարեց 800 հեկտար հող տալու փաստին.

«Մատաղ սերունդը գնաց, կռվեց ու զոհվեց`իր կյանքը նվիրելով հայրենիքին: Այսօր  մարդիկ կարծում են, որ 800 հեկտարն այնքան էլ մեծ տարածք չէ: Այդքան հեշտ կարելի՞ է այդ տարածքները հետ հանձնել, չէ՞ որ դրանք արյան գնով էին ձեռք բերվել»:

Արփինեն զրույցի վերջում հավատացրեց, որ ցանկացած պահի կարող է միանալ ցուցարարներին ու հույս հայտնեց, որ ինչ որ բան դեռ փոխվելու է.

«Ես հավատում եմ, ես հույսեր եմ տածում, որ մեր ժողովրդի վիճակը մի օր կբարելավվի: Միայն այդ դեպքում ես կմնամ իմ հայրենիքում: Արտահոսքն օր օրի շատանում է, ու չնայած նրան, որ ես չափից շատ հայրենասեր եմ, այնուամենայնիվ, եթե այս ամենն այսպես շարունակվի, ապա ես նույնպես այստեղ անելիք չունեմ, ես այլևս չեմ կարող տեսնել, թե ինչպես է կործանվում իմ երեխաների ապագան: Այն ինչ անում են մեր ժողովրդի հետ, կարելի է նկարագրել մեկ բառով` ցեղասպանություն»:

Հեղինակ`Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին