▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսենից խորապես նեղացած էի… Ինչու Սոնե Սիլվերը բաժանվեց սիրելիից, ապա ներեց նրան

 

 

 

 

 

 

 

 

 

Երեկ՝ սեպտեմբերի 16-ին, երգչուհի Սոնե Սիլվերը տոնել է իր ծննդյան 27-րդ տարեդարձը: Բացի իր մտերիմներից և հարազատներից, ովքեր երգչուհու օրը տոն են դարձրել, Սոնե Սիլվերին մեծ անակնկալ է մատուցել իր նշանածը՝ Արսենը, ով ծննդյան երեկոյի ամենաթեժ պահին ամուսնության առաջարկ է արել երգչուհուն:

Asekose.am-ը կապ հաստատեց Սոնեի հետ՝ ճշտելու ծննդյան մանրամասների և իրեն մատուցած անակնկալի մասին:

Մեզ հետ զրույցում երգչուհին խոստովանեց, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ իր և Արսենի հարաբերություններում որոշակի լարվածություն կար.

«Անկեղծ ասած՝ Արսենից խորապես նեղացած էի ու արդեն երկար ժամանակ է, ինչ միմյանց հետ չինք խոսում՝ չնայած որ Արսենը փորձում էր ամեն գնով հետ բերեր մեր հարաբերությունները»,- պատմեց Սոնե Սիլվերը:

Հարցին, թե արդյոք լարված հարաբերությունների պատճառով ինքը չեղյալ էր հայտարարել նշանադրությունը, երգչուհին չպատասխանեց՝ ասելով, որ ցանկություն չունի շատ մանրամասնել իր անձնական կյանքը:

Անդրադառնալով մատուցված անակնկալին՝ Սոնեն նշեց, որ նման անակնկալի ինքն ամենևին չէր սպասում:

«Ամուսնության առաջարկի անակնկալն այնքան հուզիչ և ոգևորիչ էր ինձ համար, որ ես պարզապես չկարողացա դիմադրել: Չափազանց հուզված էի, չէի կարողանում անգամ այդ պահին զսպել զգացմունքներս: Արսենն իր տեսակով ռոմանտիկ մարդ չէ, այդ պատճառով էլ իր անակնկալն իսկապես ինձ շատ հուզեց»,- նշեց Սոնե Սիլվերը՝ ավելացնելով.

«Կարծում եմ, որ երբ մարդ տեսնում և զգում է, որ դիմացինն անկեղծորեն զղջում է իր արարքների համար և ամեն կերպ փորձում է հետ բերել իր սերը, նման մարդուն, երևի թե, սխալներն ուղղելու հնարավորություն պետք է տալ»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին:

Սոնե Սիլվերը հավելեց նաև, որ իր ծննդյան տարեդարձի անակնկալները սկսվել են դեռևս կեսգիշերից:  

Խոսելով իր և իր սիրելիի հարաբերությունները օրինականցնելու մասին՝ Սոնեն նշեց, որ ինքը սովորաբար ոչինչ նախօրոք չի ծրագրում և իր անձնական կյանքն էլ այդ թվում բացառություն չէ:

«Վերջնականապես եմ համոզվել, որ ես ոչինչ չպետք է պլանավորեմ, ինձ մոտ ամեն ինչ հանկարծակի է տեղի ունենում: Թե ինչպիսին կլինի մեր վաղվա օրը, միայն Աստծուն է հայտնի: Ամեն ինչ ժամանակը ցույց կտա, եթե այդ օրը պետք է գա, ուրեմն կգա, ոչ մեկից չեմ թաքցնի»,- նշեց Սոնե Սիլվերը:

Զրույցի ընթացքում խոսելով նաև իր ստեղծագործական գործունեության մասին՝ երգչուհին տեղեկացրեց, որ երկարատև դադարից հետո շուտով հանդիսատեսի առջև կներկայանա նոր երգով և տեսահոլովակով: Իսկ թե երկարատև դադարի պատճառը ո՞րն էր, Սոնեն մանրամասնեց.

«Գիտեք, այս ընթացքում մտածում էի ոճային փոփոխության մասին, ինչն էլ հենց երկարացնում էր իմ նոր աշխատանքով հանդես գալու գործընթացը: Շատերն ինձ խորհուրդ էին տալիս կոմերցիոն ինչ-որ աշխատանք ներկայացնել, բայց ես դա անել չկարողացա»,- ասաց երգչուհին:

Նոր երգը, որով որ առաջիկա օրերին Սոնե Սիլվերը հանդես կգա, կրկին անգլալեզու է: Երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակի ռեժիսորը Նիկ Եգիբյանն է: Իսկ ինչ վերաբերում է տեսահոլովակում իր կերպարին, երգչուհին ասաց, որ որևէ կտրուկ փոփոխության չի ենթարկվել.

«Իմ տեսակով համարձակ չեմ: Ճիշտ է՝ ասում են, որ արտիստները միշտ պետք է նորովի ներկայանան, բայց ես այդպիսին չեմ»,- իր խոսքը եզրափակեց երգչուհի Սոնե Սիլվերը:


Հեղինակ՝ Աննա Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին