Aysor.am-ը գրում է. Մեր հյուրը երգչուհի, Եվրատեսիլ 2016-ի հայաստանյան ներկայացուցիչ Իվետա Մուկուչյանն է, ով 1991 թվականից, երբ ընդամենը 5 տարեկան էր, ապրում և ստեղծագործում է Գերմանիայի Դաշնությունում: Նրա անունը հայ հասարակությանն առավել հայտնի դարձավ 2009 թվականին, երբ երիտասարդ երգչուհին վերադարձավ հայրենիք՝ մասնակցելու երաժշտական «Հայ սուպերսթար» նախագծին:
Շատերի կարծիքով՝ հպարտ ու անհանդուրժող, շատերի համար՝ կամակոր, խենթուխելառ Իվետա Մուկուչյանն այդ օրից ի վեր համալրել է ցանկալի հայ հարսնացուների շարքը:
-Իվետա, Ձեր մասնակցությամբ Եվրատեսիլն արդեն պատմություն է: Հետ հայացք գցելով՝ եվրատեսիլյան սպասելիքները որքանո՞վ արդարացան: Ի՞նչ տվեց Ձեզ այս մասնակցությունը:
-Ավելին, քան արդարացված են: Եվրատեսիլից առաջ ես երբեք չէի պատկերացնի, որ կունենամ այսպիսի հաղթած զգացողություն այն դեպքում, երբ իրականում չեմ հաղթել: Դա առաջին հերթին մեր հայրենակիցների վերաբերմունքի շնորհիվ է: Ես ուղղակի հիացած եմ:
-Ճանաչվել եք Եվրատեսիլ-2016-ի լավագույն երգչուհի: Արդյունքը նկատելի՞ է թեկուզ նոր առաջարկներ, համագործակցություններ տեսքով:
-200 մլն հեռուստադիտող լսում է քո կատարումը, մրցույթից հետո ստանում ես այսպիսի վերաբերմունք, իսկ դա ավելին քան հաճելի է: Դրսից առաջարկներ, իհարկե, կան: Թե որքանով համագործակցությունը կստացվի, ժամանակը ցույց կտա: Բայց կարող եմ ասել, որ շատ պրոֆեսինալ և ճանաչված պրոդյուսերների կողմից մեծ հարգանք եմ վայելում, որն իրականում ավելին է, քան՝ հաղթանակը:
-Ուկրաինայի ներկայացուցչի հաղթանակը այստեղ շատերին, մեղմ ասած, բարկացրեց: Ինքներդ, որպես «ներսի» մարդ, ինչպես եք գնահատում նրա հաղթանակը:
-Միայն կարող եմ ասել, որ շատ լավ ձայնային տվյալներով, տաղանդավոր մասնակից է:
-Վերջին շրջանում կրկին Հայաստանում էիք՝ եվրատեսիլյան նախորդ մասնակիցներից ևս մի քանիսի հետ ընտրելու հաջորդին: Ըստ Ձեզ, ի՞նչ մասնակից և երգ պետք է ուղարկենք 2017-ին, որպեսզի հաղթանակն առավել հասանելի լինի:
-Այո, Հայաստանում էի Հանրային հեռուստաընկերության «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նկարահանումներին մասնակցելու համար, որտեղ ես ժյուրիի անդամ եմ: Եվրատեսիլն, իսկապես, շատ անկանխատեսելի է, դժվար է միանշանակ բնութագրում տալ: Շատ եմ լսում, երբ մարդիկ ասում են, որ հաջորդ տարվա մասնակիցը ևս պետք է ինձ նման լինի, ինչը սխալ եմ համարում: Պետք է գտնենք մասնակից, ում յուրատիպ կերպարն առավելագույնս հնարավոր կլինի զարգացնել:
Նյութը`սկզբնաղբյուր կայքում