▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պատրաստվում եմ հաջորդ տարի «Եվրատեսիլ»- ում ներկայացնել Հայաստանը. Սևակ Խանագյան

 

 

 

 

 

 

 

 

Blognews.am-ը գրում է. Ռուսական «Главная сцена», «Голос», իսկ ներկայումս՝ ուկրաինական «X factor»-ի հայազգի մասնակից Սևակ Խանագյանի հետ կայքը բացառիկ հարցազրույց է ունեցել Հայաստանից Ռուսաստան տեղափոխվելու պատճառների, մրցույթներին մասնակցելու առավելությունների, Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնելու նպատակի ու ընտանեկան կյանքի մասին:

Բարև, Սևակ։ Հայաստանում քեզ շատ են սիրում, գիտե՞ս։

- Այո, նկատել եմ: Իրականում շատ մեծ աջակցություն եմ զգում վերջերս: Անչափ շնորհակալ եմ ձեզ դրա համար:

- Կպատմե՞ս քո մասին։ Ինչպե՞ս եղավ, որ Հայստանից տեղափոխվեցիք ընտանիքով, քանի՞ տարեկան էիր, ի՞նչ կրթություն ես ստացել ու ինչպե՞ս որոշեցիր երաժիշտ դառնալ։

 - Ծնվել եմ 1987թ. Հայաստանում, Տաշիրի մարզի Մեծավան գյուղում: Ապրել եմ այնտեղ մինչև 7-րդ դասարան, իսկ հետո ծնողներիս հետ միասին տեղափոխվել եմ Մոսկվա: Տեղափոխության պատճառը հորս աշխատանքն էր: Երաժշտությամբ ապրում եմ արդեն 7 տարի: Սկզբնական կրթությունս ստացել եմ Մեծավան գյուղի երաժշտական դպրոցում, այնուհետև ավարտել եմ Կուրսկի երաժշտական ուսումնարանի ակորդեոնի բաժինը: Այնուհետև՝ ավարտել եմ Մոսկվայի Մայմոնիդի անվան պետական դասական էստրադային-ջազային ակադեմիայի վոկալի բաժինը:   

- Բավականին հեղինակավոր մրցույթների ես մասնակցել և այժմ էլ մասնակցում ես: Ի՞նչ է քեզ դա տալիս։

- Իմ մասնակցությունը մրցույթներին, որպես մինիմում, ինձ մեկ քայլ մոտ է դարձնում իմ հանդիսատեսին, ում ես ձեռք եմ բերում հենց այդ մրցույթների շնորհիվ: Դա հրաշալի հնարավորություն է ստեղծագործական ներուժդ դրսևորելու և լսելի դառնալու համար: Վերջիվերջո, եթե չլինեին այդ մրցույթները, ապա այս պահին Դուք ինձ հետ հարցազրույց չէիք անի :) Դե... հասկանում եք՝ ինչ նկատի ունեմ:)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

- Ե՞րբ ես վերջին անգամ եղել Հայաստանում,  ի՞նչ գիտես հայրենիքիդ մասին, արդյոք պլանավորո՞ւմ ես առաջիկայում այցելել Հայաստան։

- Վերջին անգամ Հայաստանում եղել եմ այս ամռանը: Ինչպես ցանկացած մարդ, ով սիրում ու հպարտանում է իր հայրենիքով, ես ևս իմ հայրենիքի մասին գիտեմ ամեն ինչ, սակայն գերադասում եմ լռել իմ զգացմունքների մասին, որովհետև այս պահին չեմ կարողանում արտահայտել այն խոսքերը, որոնք իրականում կցանկանայի ասել: Դա երկար պատմություն է... Պլանավորում եմ և հույս ունեմ, որ մոտ ժամանակներս ավելի հաճախ կլինեմ ԻՄ հայրենիքում:

- Բացի նրանից, որ հրաշալի երգում ես, նաև հրաշալի ստեղծագործում ես: Շո՞ւտ ներշնչվող մարդ ես, ու, առհասարակ, ի՞նչն է քեզ մղում նոր երգ գրելու։

- Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Մի բան միայն գիտեմ. չեմ կարող երգ գրել ինձ ստիպելով: Ծնվում է միտքը, հստակ տեսնում եմ կոնկրետ տեսարան, որն էլ նկարագրում եմ. դա երգի բառերն են: Իսկ մեղեդին ես սովորաբար գրում եմ արդեն պատրաստ տեքստի վրա: Դա ինձ մոտ հեշտ է ստացվում, քանի որ ցանկացած տեքստ ունի իր մեղեդայնությունը, և ես այն կարդում եմ՝ մեղեդու միջոցով տեքստին տալով էմոցիոնալ երանգ:

- «Не молчи» երգով քեզ ճանաչեց ու սիրեց ողջ Հայաստանը: Երգը հեղինակային է: Կպատմե՞ս  դրա պատմությունը։

- Այդ երգը ես մեկ ժամում եմ գրել: Պարզապես նկարագրել եմ տեսարանը, որը տեսնում էի: Այն հորինված պատմություն չէ: Կարծում եմ՝ նման պատմություն եղել է ցանկացած մարդու կյանքում: Երևի հենց դա է պատճառը, որ այն գտավ իր տեղը մարդկանց սրտերում:  

- Դու հրաշալի կատարեցիր Ֆադեևի «Танцы на стеклах» երգը, ու չնայած Ֆադեևի հիացմունքին՝ դուք, կարծես, լարված հարաբերություններ ունեիք: Այդպե՞ս է։

- Կասեմ մի բան. հեռուստատեսությամբ ասվող կամ ցուցադրվող ամեն բանի չէ, որ պետք է հավատալ: Ես նրա հետ մի քանի անգամ եմ հանդիպել կյանքում, և մեր ամեն հանդիպումը ավարտվել է միմյանց հասցեին ասված հաճելի խոսքերով: Ես շատ հարգում եմ այդ մարդուն՝ որպես հրաշալի երաժիշտ: Ու նաև նա է իմ հանդեպ շատ դրական տրամադրված, և բացի լավ ու բարի խոսքերից՝ իմ հասցեին ուրիշ ոչինչ չեմ լսել նրանից:

- Արցախյան պատերազմի մասին նոր երգդ սքանչելի է: Կպատմե՞ս այդ երգի պատմությունը։

- Պատմությունը շատ պարզ է։ Ինձ ցույց տվեցին տեքստը, և ես այն շատ հավանեցի գոնե այն պատճառով, որ հստակ հասկանում եմ՝ ինչի մասին է խոսվում: Այդ տեքստի մեղեդին գրեցի մեծագույն հաճույքով, այն ինձ համար ավելին է, քան պարզապես երգ: Ես շատ հպարտ եմ իմ հայ լինելով, և այդ երգի մեջ իմ ժողովրդի պատմության մի մասնիկն է:


Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին