Life.panoramna.am-ը գրում է. Շատերն են հիշում Աննա Խաչատրյանի եւ Անի Քրիստիի վեճը` «Կարոտ» երգի հեղինակային իրավունքների համար, որն այդպես էլ լուծում չստացավ` երգչուհիներից ամեն մեկը մինչ այսօր երգն իրենն է համարում: Իսկ օրերս Հանրային հեռուստաընկերության 60-ամյակին նվիրված երեկոյին այդ երգը կատարեց Շուշան Պետրոսյանը, որի ցուցադրությունից անմիջապես հետո Աննա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջին կիսվել է «Կարոտ» երգի հիման վրա նկարահանած իր տեսահոլովակով` վերնագրելով «01.12.2002, նկարահանեցինք Կարոտը… տարիները թռան ակնթարթրի պես»:
Աննա Խաչատրյանի այս քայլը շատերին ստիպել է կարծել, որ նա նման միջոցով հիշեցնում է, որ «Կարոտ» երգն իրենն է ու այնքան էլ չի ողջունել, որ Շուշան Պետրոսյանը կատարել է այդ երգը:
Թեմայի շուրջ կայքը խոսեց Աննայի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց.
«Նախ խոսեմ իմ հրապարակումից. Ես դա արել եմ դեկտեմբերի 1-ին, քանի որ ուղիղ 14 տարի առաջ դեկտեմբերի 1-ին նկարահանվել է իմ տեսահոլովակը, նաեւ ինչպես իմ բոլոր հրապարկումները, այդ մեկը եւս տարածել եմ ֆեյսբուքում: Ինչ վերաբերվում է երգին, այո, բնականաբար, «Կարոտ»-ը իմ երգն է ու այդ առումով ինչ-որ մեկին հիշեցնելու կամ չհիշեցնելու հետ կապված խնդիր չունեմ: Հրապարակումս էլ Շուշանի ելույթից հետո ուղղակի համընկել է, կրկնվում եմ` ամսաթիվից ելնելով: Իրականում, եթե Շուշանին ցանկանայի ինչ-որ բան հասկացնել, հաստատ հրապարակայնորեն չէի անի դա, ես ուղղակի կզանգեի նրան ու կասեի այն, ինչ մտածում եմ, սակայն ես նման խնդիր չունեմ այս պարագայում: Եթե իմ երգը բոլորը երգում են, եթե Շուշանի նման կայացած երգչուհին որոշում է, որ ուրիշի երգը պետք է երգի, իսկ այս պարագայում բոլորը գիտեն, որ դա իմ երգն է, ուրեմն դա ինձ համար միայն ողջունելի է: Նշանակում է այդ երգը ես այնքան լավ եմ երգել, որ մինչեւ հիմա ցանկություն կա այն հնչեցնելու»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում