«Արդարություն Հայաստանում» նախաձեռնությանը միացել է ընդամենը 4400 քաղաքացի, որովհետեւ սփյուռքահայերը կտրված են Հայաստանի քաղաքական, սոցիալական, տնտեսական իրադարձություններից: Այս մասին այսօր` դեկտեմբերի 5-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան, աշխարհահռչակ System of a Down խմբի հիմնադիր եւ մենակատար Սերժ Թանկյանը: Նա նշեց, որ նրանք, ովքեր քաղաքական հարցերով են զբաղված, միանում են ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք քաղաքական մարդիկ չեն, կապված չեն ՀՀ-ի հետ, չեն միանում ստորագրահավաքին.
«Մեզ համար շատ կարեւոր է ստորագրողների հայ լինելը, այս հանգամանքն արդեն նվազեցնում է ստորագրողների թիվը: Բացի դրանից, սփյուռքահայությունը բավականին անջատված է Հայաստանի սոցիալական, տնտեսական, քաղաքական իրադարձություններից: Սա շատ կարեւոր է մեզ համար` հասկանալու, որ Հայաստանն ու սփյուռքն ավելի շատ են անջատված, քան մենք պատկերացնում էինք: Սփյուռքահայերը շատ քիչ են հասկանում Հայաստանի իրադարձություններից, մարդիկ, որոնք քաղաքական հարցերով են զբաղված, միանում են մեր ստորագրահավաքին, իսկ մյուսները, որոնք այսպես ասած, քաղաքական մարդիկ չեն, չեն միանում ստորագրահավաքին»,- ասաց Սերժ Թանկյանը: