▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են թիկնապահները հսկում Սիլվա Հակոբյանին. պատասխանում է երգչուհու հայրը

 

 

 

 

 

 

 

 

 

 

Թեև Ամանորն արդեն անցյալում է, սակայն հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները շարունակում են կիսվել այդ օրերին ստացած իրենց տպավորություններով՝ սոցիալական էջերում տեղադրելով նոր տեսանյութեր և լուսանկարներ՝ արված տոնական օրերին: Նրանցից մեկը երգչուհի Սիլվա Հակոբյանն է, ով Ամանորի գիշերն անցկացրել է Թեհրանում: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու հայրիկի և պրոդյուսերի՝ Հակոբ Հակոբյանի հետ՝ ճշտելու, թե ինչ տպավորություններ են ստացել Թեհրանից, և թե ինչո՞ւ է երգչուհու ելույթն անցել թիկնապաների ուղեկցությամբ:

«Մինչ Թեհրան այցելելը նշեմ, որ դեկտեմբերի 24-ին հրավերով Հունասատանի Սալոնիկ քաղաքում էինք, որտեղ Սիլվան արտակարգ ելույթ ունեցավ: Այնուհետև մեկնեցինք Թեհրան, որտեղ էլ անցկացրեցինք Ամանորի գիշերը»,- պատմեց Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ բացի Սիլվայից, Թեհրան էին մեկնել հայկական շոու բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնց թվում են եղել նաև Թաթան և Արման Հովհաննիսյանը:

Ինչպես տեղեկացրեց Սիլվայի հայրը, երգչուհին Ամանորի գիշերը ելույթ է ունեցել Թեհրանի ամենահայտնի հյուրանոցներից մեկում, որի սեփականատերն ազգությամբ հայ չի եղել.

«Երեկոն կազմակերպել էր այնտեղի հայ համայնքը, որն իր թվով շատ մեծ է: Մեր տպավորություններն ուղղակի հիանալի են. մարդիկ շատ բարյացկամ, կարոտով ու սպասումով էին» ,- ավելացրեց Հակոբ Հակոբյանը:

Հարցին՝ ո՞րն էր պատճառը, որ Սիլվայի ելույթն ուղեկցվել է թիկնապահների շրջապատում և թե արդյոք այդ փաստը պայմանավորված է եղել որևէ միջադեպով, Սիլվայի հայրն ասաց, որ թիկնապահների որոշումը կայացված է եղել իր և Սիլվայի կողմից.

«Դա մեր որոշումն էր: Ցանկացած տեղ, որտեղ ելույթ է ունենում Սիլվան, մենք պահանջում ենք, որպեսզի թիկնապահներ լինեն, որովհետև շատ դեպքերում մարդիկ, ցանկանալով ավելի մոտ գտնվել Սիլվային, ակամայից խանգարում են նրան և նրա ելույթը: Նմանատիպ ելույթների ժամանակ ամեն ինչ հնարավոր է, որ լինի, այդ պատճառով էլ պետք է ամեն դեպքում ապահովագրված լինել ոչ ցանկալի միջադեպերից: Սրանում որևէ արտառոց բան չկա, այս երևույթն ընդունված է ոչ միայն մեր, այլ նաև արտասահմանյան և ռուսական շոու բիզնեսում»,- մեզ հետ զրույցում պարզաբանեց պրն. Հակոբը՝ հստակեցնելով, որ Ամանորի գիշերը Սիլվա Հակոբյանին հսկող թիկնապահները հենց Թեհրանից են եղել:

Անդրադառնալով ամանորյա խառնաշփոթից հետո Սիլվայի գործունեության մեկնարկին՝ երգչուհու պրոդյուսերը տեղեկացրեց, որ փետրվարի մեկից Սիլվան Արամեի հետ միասին կմեկնի եվրոպական մեծ շրջագայության, ինչին էլ կհաջորդի մեկ այլ շրջագայություն: Բացի այս ամենից, Հակոբ Հակոբյանը տեղեկացրեց, որ առջևում շատ համերգներ են սպասվում, որոնցում Սիլվան ելույթ կունենա արդեն միայնակ, ինչպես նաև նոր նախագծեր և ծրագրեր կան, որոնց մասին, սակայն, պրն. Հակոբը գերադասեց լռել:

Զրույցի վերջում խոսելով նաև դստեր անձնական կյանքի մասին՝ Հակոբ Հակոբյանը հավաստիացրեց, որ 2017թ. սպասվում է Սիլվայի և նրա ընտրյալի՝ Նորայրի ամուսնությունը, իսկ թե կոնկրետ երբ, պրն. Հակոբը դժվարացավ պատասխանել.

«Այս տարվա ընթացքում Սիլվան հարյուր տոկոսով ամուսնանալու է, բայց թե երբ, մենք էլ չգիտենք: Ամեն ինչ կախված է դստերս զբաղվածության, շրջագայությունների և համերգների կազմակերպիչների հետ կնքած պայմանագրերի հետ»,- Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց երգչուհու հայրը և պրոդյուսերը՝ Հակոբ Հակոբյանը:

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին