Մասնագիտությամբ ճարտարապետ, սակայն վերջին տարիներին որպես նկարիչ հանդես եկող Արսեն Բալիկյանը նորություն ունի: Մարտի 1-ին Արամի 42/1 հասցեում գտնվող Jean-Paul Existential սրճարանում տեղի է ունենալու Արսեն Բալիկյանի առաջին մասշտաբային ցուցահանդեսի մեկնարկը, որում ներկայացվելու են քարացրած ավազից աշխատանքներ, որոնք իրենց տեսակով նորարական են համարվում: Asekose.am-ի հետ զրույցում Արսեն Բալիկյանն ասաց, որ այս նոր տեխնիկայի հեղինակն ինքն է, և մինչ այդ նման բան որևէ մեկը չի կիրառել.
«Տեխնիկայի առումով հիմնական նորարարությունն այն է, որ նոր նյութ է` քարացրած ավազ: Մտահաղացման հեղինակը ես եմ, կարծում եմ, որ ոճային առումով էլ են աշխատանքները յուրահատուկ` քարացրած ավազ և գունավոր ապակի: Այս տեխնիկային տիրապետելու համար ես որևէ տեղ չեմ գնացել և չեմ սովորել, ամենակարևորը` որևէ մեկից չեմ կրկօրինակել: Ցուցահանդեսին ներկայացնելու եմ 10 աշխատանք» :
Նախքան նոր տեխնիկան բացահայտելը և որպես նկարիչ հանդես գալը` Արսեն Բալիկյանը, ինչպես վերը նշեցինք, եղել է ճարտարապետ, սակայն նկարչությամբ սկսել է զբաղվել, քանի որ ճարտարապետության դռներն իր առջև փակվել էին:
«Կրթությամբ ճարտարապետ եմ, բայց իմ կոչումը և անելիքը, իմ գործունեությունը տեսնում եմ ժամանակակից արվեստի մեջ, ըստ այդմ էլ` ունեմ հստակ տեսլական: Այս ամենի հիմքը դրվել է բավական հետաքրքիր ձևով: Մինչ այս ամենով զբաղվելը ճարտարապետության ոլորտում եմ հանդես եկել, ունեցել իմ աշխատանքը, նվիրված եմ եղել դրան, ինձ այլ տեղ չեմ պատկերացրել, սակայն մեկ օր այնպես եղավ, որ ճարտարապետության բոլոր դռները փակվեցին, ինչից հետո էլ իմ մեջ սկսեցին արթնանալ նոր մտքեր, ու ես, կարծես, մոռացա, որ ճարտարապետ եմ: Ավելին` հետագայում նույնիսկ բավական լուրջ առաջարկներ էի ստանում, այդ թվում` նաև Մոսկվայից, որոնք կապ ունեին ճարտարապետության հետ, սակայն մերժում էի դրանք: Ես հասկանում էի, որ կարևոր բան եմ կատարում, ստացվում է ճարտարապետության դռները բացվեցին, բայց արդեն ես էի ուրիշ: Հավելեմ, որ այն աշխատանքները, որոնք ցուցադրվելու են Jean-Paul Existential սրճարանում, առաջին էտապն են միայն, որոշակի առումով սա կլինի նաև այս ոճի ու տեսակի աշխատանքների ամփոփում, քանի որ հետագայում արդեն այլ էտապ է լինելու, այդ թվում` նաև տեխնիկայի առումով: Ես, առհասարակ, անընդհատ փնտրտուքների մեջ եմ, թե տեխնիկայի, թե մտքերի, թե նյութերի առումով, քանի որ նախորդն իրեն ինձ համար արդեն սպառել է, չնայած որ հանդիսատեսի համար այն նորություն է լինելու»:
Հաշվի առնելով, որ արվեստն ներկայումս առանց կոմերցիայի չի կարող գոյատևել, այս առումով Արսեն Բալիկյանին օգնության է եկել Գրիգոր Շահինյանը, ով զբաղվում է նկարչի աշխատանքների առաջմղմամբ` հենց կոմերցիոն տեսանկյունից:
«Այն աշխատանքները, որոնք իրականացրել է Արսենը, բնականաբար, պետք է ունենան նաև կոմերցիոն կողմ: Մենք ուզում ենք այս ոճով անշունչ պատերին շունչ փոխանցել: Օրինակ` այսօր աշխարհում գործող հայտնի հյուրանոցային ցանցերը հատուկ բույրեր են պատվիրում, որը կարելի է զգալ միայն իրենց մոտ, կարծում եմ, որ Արսենի աշխատանքները ևս կարող են տեղ գտնել նման ցանցերում: Արվեստն այսօր առանց կոմերցիայի մահացած է, ներկայումս չես կարող այն առաջ մղել, եթե դրանում կոմերցիան բացակայում է: Արսենն իր հերթին ստեղծագործում է, նոր մտքերով է հանդես գալիս, իսկ այդ ամենի կոմերցիոն կողմն այն է, որ փորձենք դրանց շունչ հաղորդել և հանրությանը հասանելի դարձնել»,-Asekose.am-ին ասաց Գրիգոր Շահինյանը` չմանրամասնելով, թե որքան արժեն Արսեն Բալիկյանի աշխատանքները:
Շարունակելով Գրիգոր Շահինյանի միտքը` Արսեն Բալիկյանն ասաց, որ կարևոր է նաև, որ արվեստը երկխոսության մեջ մտնի դիտորդի հետ, քաջալերի, ոգեշնչի, օգնի ազատվել բացասական մտքերից և դրական ազդեցություն ունենա հոգեկան աշխարհի վրա:
«Իմ նպատակներից մեկն արվեստը, որը ստեղծում եմ, հնարավորինս լայն հանրությանը հասանելի դարձնելն է: Հետագայում կլինեն նոր ցուցահանդեսներ, քանի որ սա միայն սկիզբն է»,-ասաց Արսեն Բալիկյանը:
Հեղինակ` Լիլիթ Հակոբյան