hraparak.am-ը ներկայացրել է արձակագիր Արամ Պաչյանի հերթական ակնարկը` «Քաղաքագրություն. Ժան Պոլի վերադարձը վերնագրով»:
Մի վայրկյան փորձեցի գնահատել ապրածս օրերը: Շատ կուզենայի ասել՝ գեղեցիկ կյանք էր: Բայց մի՞թե հնարավոր է դատողություն անել ուրվանկարի մասին: Ժամանակս վատնել էի հավերժության հետ սակարկելով, ոչինչ չէի հասկացել: Ոչինչ չէի ափսոսում, թեեւ այնքան բան կար, որ կարող էի ափսոսալ:
Ժան Պոլ Սարտր, «Պատը»
Օրվա իմ հիշատակարանն էքզիստենցիալիզմի թագակրի մասին չէ, թեպետ այդ թագակրի անունը կարճ ժամանակում Արամի 42/1 հասցե տեղափոխվելուց հետո դարձել է թովիչ, մի տեսակ անդրքաղաքային տարածություն: «Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանը»՝ քաղաքի ամենահին՝ նախկինում Ցարսկայա փողոցի վրա … Կրակագույն պատը, անցյալի սեղանները, թերթագորգը, բուխարին, վառվող փայտերի բույրը, նմուշներ հին իրերից, որոնք դեռ պահպանել են հմայանք փոխանցելու հատկությունը… «Ժան Պոլում» դժվար չէ նստել, դանդաղորեն սուզվել, հետո դիտարկել մարդկային գոյության ձեւի զգացումը:
Պատին հենված երկու կլոր սեղաններից մեկի առջեւ մենակ նստած կամ ընկերական բարձրաձայն խոսակցությունների մեջ տարօրինակ ու հետաքրքիր գաղափարներն ակամա գիտակցություն են թափանցում… «Ժան Պոլում» երկու ընտրություն կա՝ կամ մենակ ես մնում, կամ մենակությունդ զոհաբերում ես այլ մարդկանց եւ եթե ուզում ես, նրանց մեջ նույնպես կարող ես քեզ մենակ զգալ: Դրա համար պարզապես հայացքդ պիտի սահեցնես ու հասցնես բուխարու մերթընդմերթ հոգեվարքով կրակին եւ սեւեռվես այդ կրակի պատմությանը:
Մենք շատ ենք լսել 60-70 ականների երեւանյան բոհեմի մասին: Շատ բան են պատմել «Պապլավոկի», «Կազիրյոկի», «Սկվազնյաչոկի», «Թեմուրնոցի» ու էլի հռչականուն տեղանունների մասին, որտեղ հավաքվում էին դասականներն ու հիպպիները, հետադեմներն ու առաջադեմները, որտեղ կազմավորվում էր քաղաքագրությունը, ստեղծվում էին հնարավոր ու անհնարին միֆերը: Հիմա մենք բոհեմ չունենք, եւ դրա կարիքը կարծես չկա էլ:
Մեր քաղաքում ապրող ժամանակակից մարդու կյանքի ոճն ու բովանդակությունը դեռ պիտի սահմանվեն: Բայց ես արդեն ընկնում եմ էքզիստենցիալիզմի բոստանը… Այս խոսակցությունը կարելի է շարունակել ու զարգացնել «Ժան Պոլ էքզիստենցիալ սրճարանում»՝ խոսակցության մեջ ներքաշելով կողքի սեղանին նստած մարդկանց:
Եվ ամենաուրախալին այն է, որ Երեւանն իսկապես արդեն ունի մի վայր, որտեղ գերակա են խոսակցությունը, զրույցը, բանավեճը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ, հոսում աստիճաններով, շարունակվում փողոցում: Սարտրը Երեւան է այցելել 1963 թվականին եւ վերադարձել 2014-ին… այս անգամ՝ երկար ժամանակով:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում