«Հրապարակ» թերթում արձակագիր Արամ Պաչյանը ներկայացրել է իր «Քաղաքագրություն» շարքի տարեվերջյան հրապարակումը՝ տարվա վայրերը.
Այս մի քանի տողը կուզեի նվիրել ինձ համար սիրելի դարձած Երեւան քաղաքի այն վայրերին, սրճարաններին, ուր տարվա մեջ լավագույն օրեր ու ժամեր եմ անցկացրել: Մհեր Մկրտչյան 10 հասցեում գործող «Միրզոյան» ֆոտո-գրադարանը, որ, ըստ իս, դարձավ քաղաքի ամենաինքնատիպ, իր ձեւով ու բովանդակությամբ հետաքրքրական մի վայր, որտեղ օրերով կարելի է վայելել լուսանկարչական բացառիկ ալբոմներ: «Միրզոյան» գրադարանի մյուս ընտիր հատկանիշներից մեկը սրահում պահպանվող լռությունն է, ինչի արդյունքում էլ այստեղ միշտ հարմար է աշխատել՝ գրել, կարդալ, ընթացքում խմել համեղ թեյեր, գինիներ, սուրճ, մատե:
Հաջորդ սիրելի վայրը Արամի 42/1 հասցեում գործող «Ժան Պոլ. էքզիստենցիալ» սրճարանն է, որը կարճ ժամանակում երեւանցիների, հատկապես երիտասարդության համար կարեւոր հանդիպատեղ դարձավ:
«Ժան Պոլին» հաջողվել է ամբողջականության մթնոլորտ ստանալ՝ մի բան, որ լավ ժամանցի էական բաղադրությունն է:
Ամբողջականություն բոլոր իմաստներով՝ ե՛ւ ինտերիերով, ե՛ւ աշխատակիցներով, ե՛ւ ճաշացանկով, ե՛ւ այցելուներով:
Կարծում եմ՝ «Ժան Պոլը» բոլոր հնարավորություններն ունի դառնալու մեր ժամանակներում ավանդույթ ստեղծող եւ փոխանցող գլխավոր սրճարաններից մեկը:
Սրճարանների թեման փակելով՝ հիշեմ նաեւ երկու հաճելի վայրեր՝ Աբովյան 1/3 հասցեում գործող «Սքուեր Ուանը» եւ Մաշտոցի 30/90-ի «Ռետրոն»:
Բաղրամյան 26 հասցեում ոչ միայն չարաբաստիկ դարձած նախագահական նստավայրն է, այլեւ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանի եւ Սիրահարների այգու միջանցքում գտնվող մի չքնաղ, գրեթե կախարդական բակ-կիսայգի՝ շենքերի կտուրներից բարձր՝ իր հին, սլացիկ արծաթափայլ եղեւնիներով, կանաչ ներկով պատված նստարաններով, իր մենակությամբ ու անկախությամբ:
Սա արդեն ուրիշ Երեւան է, ուրիշ ազատություն, որին էլ նվիրված է իմ անտիպ վեպի մի ամբողջ գլուխ: Սպենդիարյան փողոցը, որ ասես նեղլիկ, աչքի չընկնող ու դրանով անչափ հետաքրքիր արահետ լինի, Մոսկովյանի ու Թումանյանի միջեւ ընկած գծիկ: Գարնանն ու աշնանը, երբ Մոսկովյանից ես փողոց մտնում, ծովի նման միանգամից բացվում են հոսանքալարերին հյուսված ծառերի սաղարթները, ու բացվում է փողոցի ինքնահրճվանքը, եւ դրա պատճառը որոնելն իմաստ չունի:
Բայց հերիք է:
Սիրելի վայրերի մասին խոսելը հեշտ չէ, ուզում ես միայն քոնը լինեն:
Սրանք միայն իմն են, ձերը չեն:
Դրա համար էլ ավարտում եմ այս սյունակը՝ հապճեպորեն եւ ուրախությամբ: