Դիտեք նաև՝
««3/OFF» նախագիծն ինքն իրենով զվարճալի և ուրախ բնույթ ունեցող ծրագիր է և ամեն հարցի պատասխան չէ, որ կարող ենք այդ պահին հիշել, քանի որ ժամանակը սուղ է և չի թույլատրում մեզ հիշել այն, ինչը մենք գիտենք: Պետք չէ այդ ամենին այդքան լուրջ վերաբերվել ու դատել, իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած մեկը, ով հնարավոր է` ևս շփոթվեր: Չեմ կարծում մարդու շփոթմունքը կարելի է խայտառակություն որակել»,- Asekose.am-ին ասաց Նարե Գրիգորյանը` անդրադառնալով համացանցում աղմուկ բարձրացրած մի թեմայի, որի համաձայն` ինքը խայտառակվել էր, քանի որ «3/OFF» հաղորդման ժամանակ չէր կարողացել թիմակցին բացատրել, թե ով է Անդրանիկ Օզանյանը:
Նարեի խոսքով` իր համար ևս ամոթ է չիմանալը, թե ով է Անդրանիկ Օզանյանը.
«Բնականաբար, ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող հայ պետք է իմանա, թե ով է Անդրանիկ Օզանյանը: Այս դեպքում կրկնում եմ, որ շփոթմունք է եղել: Այո, չեմ կարողացել ասել, որ Անդրանիկ Օզանյանը նույն ինքը մեր Զորավար Անդրանիկն է, բայց դա չի նշանակում, որ ես չգիտեմ: Մարդ եմ, կարող եմ մոռանալ կամ շփոթվել, դա չի նշանակում, որ ես հանցանք եմ գործել»:
Նարեն նշեց, որ իր համար նման քննադատությունները տհաճ են և դատապարտելի.
«Մեր ազգը սովորություն ունի, ոչ մի լավ բան չի գնահատում, փոխարենը սպասում է, որ մեկը մի փոքր սայթաքում ունենա, ու այդ փոքրիկ սայթաքումը դարձնի մեծ թեմա: Երբ մարդ մի հաջողություն է ունենում, շատ քչերն են այդ մասին խոսում: Մեծ ցավով պետք է նշեմ, որ մեր ազգը ուրախանալ և հպարտանալ չգիտի դիմացինի հաջողությամբ: Վերջերս նման դեպք էր տեղի ունեցել կոլեգաներիցս մեկի հետ, ով եթերում շփոթվել և չէր կարողացել ասել, թե ինչ է ստացվում 7X8-ի արդյունքում: Բոլորի համար դա քննարկման և քննադատության թեմա էր , այնինչ մարդը շփոթվել էր, այդ պատճաով չէր կարողացել պաատասխանել: Մենք նորմալ ենք վերաբերում արդեն նման արձագանքների, սովորել ենք արդեն, որ մեր հաջողությունները թողած` մեր սայթաքումներն են քննարկում: Ուղղակի մի բան կցանկանամ նշել, որ երբ մարդ դիմացինին գցում է, դա դեռ չի նշանակում, որ ինքը դրանով բարձրանում է: Չի կարելի է այդպես, պետք է սովորենք տեսնել, գնահատել, հումորով վերաբերվել, ոչ թե քարկոծել: Ես ավելի շատ կարծում եմ, որ դատապարտելի են հենց նման քննադատությունները, քան եթերի ժամանակ իմ շփոթմունքը»:
Ստորև ներկայացնում ենք Նարե Գրիգորյանի մասնակցությամբ «3/OFF» հաղորդման թողարկումը:
Հեղինակ՝Ա.Հարությունյան