▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մորս մահից հետո կրկին սկսել եմ աշխատել. Վարդան Նահապետյանն անկեղծանում է երկարատև լռությունից հետո

 

«Վեց ամսվա դադարից հետո սկսել եմ կրկին աշխատել և վերադարձս կմեկնարկեմ ձայնասկավառակիս թողարկմամբ»,- Asekose.am-ին հայտնեց երգիչ Վարդան Նահապետյանը, ով առավել հայտնի է RazBoy մականվամբ: Երգիչը մեզ հետ զրույցում մանրամասներ պատմեց սպասվող ձայնասկավառակի, տեսահոլովակ նկարահանելու և մոր կորստից հետո վերականգնվելու մասին:

«Ձայնասկավառակիս թողարկումը վաղուց է, ինչ ծրագրավորել էի, սակայն հասկանալի պատճառով (խոսքը մայրիկիս կորստի մասին է)  այն հետաձգվեց: Բայց հիմա, երբ կրկին ուժերս հավաքել եմ և սկսել եմ աշխատել, հավանաբար արդեն հոկտեմբեր կամ նոյեմբեր ամսին այն ամբողջովին պատրաստ կլինի»,- պատմեց Վարդանը՝ նշելով,որ բավականին լուրջ թիմի հետ է աշխատում`կապված ձայնասկավառակի հետ, որը հավանաբար կկրի «RazBoy» անունը:

«Հուսով եմ՝ առաջիկայում տեղի չի ունենա որևէ մի բան, ինչի պատճառով կհետաձգվի ձայնասկավառակիս աշխատանքները, որի վրա աշխատում են թե այստեղի, և թե ԱՄՆ-ում գտնվող իմ երաժիշտ ընկերները»,- ավելացրեց Վարդան Նահապետյանը:

Խոսելով ձայնասկավառակում ընդգրկված երգերի ոճերի մասին՝ երգիչը նշեց, որ դրանք որոշակի առումով նորություն կլինեն հայկական շոու բիզնեսում.

«Բոլոր երգերն անգլալեզու են և հիմնականում լատինաամերիկյան, փոփ, R&B ժանրում: Չեմ ցանկանում ասել` նոր ոճ կհաղորդեմ, բանն այն, որ աշխատել եմ ստանալ նոր համադրություն հայկական երգարվեստում, դա հաստատ է»,- ասաց RazBoy-ը:

Հարցին, թե արդյո՞ք տվյալ երգերով նա կկարողանա իր ուրույն դիրքը զբաղեցնել հայկական շոու բիզնեսում, RazBoy-ը պատասխանեց.

«Չեմ ուզում ասել, որ այն PR քայլ կլինի իմ կողմից հանդիսատեսին, բայց ես կարող եմ ասել, որ այն նորություն կլինի և, ինչու չէ, որոշակի կարծրատիպ կկոտրի Հայաստանում: Այն  կարող եմ «համարձակության մուտք» անվանել իմ կողմից: Ալբոմում ընդգրկված երգերը հիմնականում նախատեսված են տասնութ տարեկանը լրացած անձանց համար»,- մանրամասնեց երգիչը՝ բացահայտելով, որ երգերից երկուսի բեք-վոկալը կատարել է իր լուսահոգի մայրը:

Անդրադառնալով հանդիսատեսի առջև տեսահոլովակով ներկայանալուն՝ RazBoy-ը նկատեց, որ մտադրություն ունի տեսահոլովակ նկարահանել իր ամենահիթային երգի հիման վրա, ինչը կօգնի իրեն առավել մեծ ճանաչում ձեռք բերելու հարցում: 

Նկատառմանը` արդյո՞ք ապագայում կլինի երգ՝ նվիրված մայրիկին, երգիչը նշեց.

«Անկեղծ ասած՝ նման միտք ինձ մոտ առաջ է եկել այն ժամանակ, երբ ընկերներս առաջարկեցին և մի քանի երգեր նվիրեցին ինձ: Չեմ կարծում, որ մայրիկիս նվիրված երգ կներառվի ձայնասակավառակիս մեջ, կարծում եմ՝ այն առանձին տեսահոլովակով կներկայացնեմ, ինչն իմ գործունեության կարևորագույն մասնիկներից մեկը կդառնա»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց RazBoy-ը:

 

Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին