▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուղղակի աննորմալություն կլիներ իմ կողմից. Տաթև Սարգսյանը հակադարձում է իրեն քննադատողներին

Դիտեք նաև՝

 

 

 

 

 

 

 

 

 

 

Օրեր առաջ համացանցում հայտնվեց հերթական շոուբիզնեսյան բացասական հրապարակումը, որն այս անգամ վերաբերվում էր դերասանուհի Տաթև Սարգսյանին: «Տաթև Սարգսյանը հայկական շոու բիզնեսի ամենահայտնի սուտխոսանն է» վերնագիրը կրող հրապարակման հեղինակն անդրադարձել էր դերասանուհու՝ ամիսներ առաջվա հարցազրույցներին, որոնցում նա նշել էր, որ իր հեղինակած երգը վերջապես գտել է իր գնորդին, ու շատ շուտով բոլորը հնարավորություն կունենան լսելու տվյալ երգը, ինչը, սակայն, այդպես էլ տեղի չունեցավ:

Ինչպես նաև հեղինակն առաջ էր բերել այն փաստը, որ Տաթևն ամիսներ առաջ պատմել էր, որ առաջարկ է ստացել նկարահանվել «Ֆուլ Հաուս» սիթքոմում, սակայն, երբ սիթքոմի սերիաները հայտնվեցին հեռուստաէկրաններին, պարզ դարձավ, որ դերասանուհին մասնակցություն է ունեցել ընդամենը էպիզոդիկ դրվագներում:

Տվյալ թեմաների շուրջ մեկնաբանություն ստանալու նպատակով Asekose.am-ը կապ հաստատեց Տաթև Սարգսյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց հետևյալը.

« Մարդիկ պետք է առաջին հերթին հասկանան, թե ինչ է նշանակում էպիզոդիկ դեր: Երբ ինձ առաջարկեցին նկարահանվել «Ֆուլ Հաուս»-ի 6-րդ եթերաշրջանում, խոսքը գնում եր 5 սերիաների մասին, սակայն նախագիծն արդեն ավարտին էր մոտենում, և ես հասցրի նկարահանվել ընդամենը 2 սերիայում: Ինչ վերաբերում է իմ և Ռիչարդ Մադլենյանի համատեղ երգին, ապա ասեմ, որ, ցավոք սրտի, ես չեմ կարող ապահովել երգը գնած երգչուհու ֆինանսական կողմը, հետևաբար, ես չեմ որոշում, թե այդ աղջիկը երբ ներկայացնի երգը, երբ տեսահոլովակ նկարահանի կամ ում հետ պայմանավորվի»,- մեկնաբանեց դերասանուհին՝ շարունակելով.

«Երգի հետ կապված գիտեմ միայն, որ գործիքավորումը արվելու է ԱՄՆ-ում, գուցե հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որ երգի պրեմիերան հետաձգվում է: Խոսել եմ միայն Ռիչարդի հետ, ով ինձ տեղեկացրել է, որ երգը գնված է, և այս պահին ընթանում են դրա պրեմիերայի նախապատրաստական աշխատանքները»,- ասաց Տաթևը:

Վերջինս նկատեց, որ ցակացած հարցին մարդիկ պետք է փոքր-ինչ ադեկվատ մոտենան.

«Կարծում եմ՝ ամեն տեսակ հարցերին պետք է ադեկվատ մոտենալ, հատկապես այն դեպքում, երբ գործունեությունը կախված է ոչ թե միայն մեկ հոգուց, այլ՝ մի քանի: Որքան հիմար ես պետք է լինեմ, որ, չմտածելով հետևանքների մասին, չմտածելով այն մասին, որ ես հստակ անուններ եմ նշում` նման բաներ հորինեմ և զբաղվեմ իմ ինքնափիառով, դա ուղղակի աննորմալություն կլիներ»,- նշեց դերասանուհին:

Վերջինս խոստովանեց, որ դրական առումով զարմացած է տվյալ հրապարակման տակ արված մեկնաբանություններից.

«Ճիշտն ասած՝ զարմացած էի մարդկանց մեկնաբանություններից, որովհետև նմանատիպ նյութերի դեպքում գրեթե բոլորը միավորվում են և սկսում են բացասական կարծիքներ թողնել: Սակայն այս դեպքում, եղավ ճիշտ հակառակը: Երբ ընկերներիս հետ միասին կարդում էինք ինձ վերաբերվող նյութի մեկնաբանությունները, իսկապես ապշած էինք»,- պատմեց դերասանուհին՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն մարդկանց, ովքեր լուրջ չեն վերաբերվել տվյալ հրապարակմանը.

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր առողջ մտածելակերպ ունեն, թեպետ մեր քաղաքում այսօր դա զարմանալի է դարձել, բայց, ամեն դեպքում, ինձ շատ հաճելի էր»,- նշեց Տաթև Սարգսյանը:

Ինչ վերաբերում է վերջապես «Կայարան» հեռուստասերիալում դեր ստանալուն, ինչպես որ նշել էր հրապարակման հեղինակը, Տաթևն ասաց.

«Ոչ թե վերջապես դեր ստացա, այլ աշխատելով մի նախագծում, որը «Դեպի վայրէջք» սերիալն էր, ռեժիսոր Ելենա Արշակյանի կողմից ստացա առաջարկ միանալու նաև «Կայարան»-ի թիմին: Այսինքն՝ տվյալ դերը եղել է ոչ թե իմ ինքնափիառի և իմ ինքնահաստատվելու համար, ոչ թե նրա համար, որ ինձ վերջապես խղճացին, այլ իմ՝ «Դեպի վայրէջք»-ում նկարահավելու և աշխատելու շնորհիվ»,- նշեց Տաթևը:

Վերջինս պատմեց նաև, որ «Ֆուլ Հաուս» սիթքոմից հետո Արմեն Պետրոսյանից առաջարկ է ստացել նկարահանվել նաև նոր՝ «Դեպի երազանք» 25 մասանոց հեռուստադրամայում:

Իսկ զրույցի վերջում Տաթևն անդրադարձավ համացանցի և հայտնի մարդկանց շնորհիվ ինքնահաստատվող և բացասական հրապարակումներ անող անձանց, և այդ ամենի հանդեպ իր ունեցած վերաբերմունքին.

«Յուրաքանչյուր մարդ իր ճանապարհն է գտնում, թե ինչպես լիցքաթափվի: Ոմանք, օրինակ, զբաղվում են յոգայով, ֆիլմեր են դիտում, ընկերների հետ ժամանակ անցկացնում, իսկ ոմանք էլ լիցքաթափվում են, հարմոնիայի մեջ լինում կենտրոնանալով մի անձի վրա և նրա թերությունները գտնելով, նստելով համակարգչի առջև և բացասական մեկնաբանություններ, հրապարակումներ գրելով. այդպես իրենք իրենց գտնում են: Շատ ուրախ եմ, որ կարող եմ միջոց հանդիսանալ, որպեսզի որոշ մարդիկ ժպտան: Եթե տվյալ նյութը պատրաստողը ուրախացավ դա գրելիս, ապա ես միայն ողջունում եմ նրան: Պարզապես կցանկանայի, որպեսզի դա լիներ ոչ թե անոնիմ, այլ՝ բաց տեքստով և բաց նյութով, որովհետև եթե իսկապես ասելիք լիներ այդ ամենի մեջ, գուցե ես իմ սխալների և թերությունների վրա ուշադրություն դարձնեի և շնորհակալություն հայտնեի, որ այդ նյութն ինձ օգտակար եղավ: Այնուամենայնիվ, մաղթում եմ, որպեսզի ինքնահաստատվելու մասին խոսողներն իսկապես ինքնահաստատված լինեն, որովհետև նման դեպքերում շատ տեղին է մեջբերել այս արտահայտությունը, երբ մարդ ինչ-որ մեկի թերությունները նշելուց առաջ պետք է նախևառաջ իրեն նայի հայելու մեջ»,- իր խոսքում ասաց դերասանուհի Տաթև Սարգսյանը:


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին