▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որպես ժյուրի՝ ինձ համար նա հաղթող չէր. Լուսինե Թովմասյանը` «Միսս Արմենիա»-ի մասնակիցների թերությունների մասին և ոչ միայն

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Միսս Արմենիա 2017» մրցույթն այլևս անցյալում է: Ընդամենը մի քանի օրից մրցույթի հաղթող 17-ամյա Լիլի Սահակյանը Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ» միջազգային մրցույթում: Սակայն մինչ այդ, այսօր համացանցում բուռն քննարկումներ են ընթանում երեկ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած «Միսս Արմենիա» մրցույթի շուրջ. քննարկվում են դրա ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը, մասնավորապես մրցույթի անկազմակերպ լինելը, մասնակից աղջիկների արտաքին տվյալները մրցույթին համապատասխան չլինելը և վերջապես հաղթողի՝ արժանի լինել-չլինելու հարցը:

Asekose.am-ն այս և այլ հարցերի շուրջ զրուցել է մրցույթի ժյուրիի անդամներից մեկի՝ «Միսս Հայաստան 2003», «Վիցե Միսս Եվրոպա 2005» Լուսինե Թովմասյանի հետ:

«Ընդհանուր առմամբ, արտաքուստ կարծես թե ամեն ինչ շատ լավ էր: Իհարկե, կային կիքսեր, բայց դրանք ամեն տեղ լինում են, և այս մրցույթը բացառություն չէր»,- իր տպավորությունների մասին նշեց Լուսինե Թովմասյանը:

Վերջինս ասաց, որ իր համար մրցույթի 24 մասնակիցներից կային ընդամենը 4 հոգի, ովքեր կարող էին հայտնվել լավագույն եռյակում: Իսկ խոսելով «Միսս Արմենիայի» հաղթողի՝ Լիլի Սարգսյանի մասին, Լուսինեն նշեց.

«Որպես ժյուրիի անդամ՝ հաղթողի դերում իմ ընտրությունը Լիլին չի եղել, փոխարենը նա եղել է ինքս ինձ համար կազմած եռյակում»,- խոստովանեց Լուսինե Թովմասյանը՝ ասելով.

«Նա շատ աշխատելու տեղ ունի: Ամենակարևոր կետերից մեկն այն է, թե ինչպես են աղջիկներն իրենց զգում բեմի վրա: Լիլին իրեն շատ կաշկանդված էր զգում, իսկ դա շատ մեծ խնդիր է: «Միսս աշխարհ»-ին շատ քիչ ժամանակ է մնացել, հուսամ, որ կկարողանան համապատասխան աշխատանքներ տանել նրա հետ, որպեսզի նա կարողանա ինչպես հարկն է ներկայացնել Հայաստանը «Միսս աշխարհ» մրցույթում»:

Հարցին՝ արդյո՞ք իր կարծիքով Լիլի Սահակյանը շանսեր ունի հայտնվելու «Միսս աշխարհ»-ի առաջին երեք հորիզոնականներից մեկում՝ հաշվի առնելով նրա տվյալները, Լուսինե Թովմասյանը տվեց բացասական պատասխան.

«Կարծում եմ՝ ոչ»,- նշեց «Միսս Արմենիա 2017» մրցույթի ժյուրիի անդամ Լուսինե Թովմասյանը:

Իսկ հարցին` աղջիկներից ո՞վ էր իր համար հաղթող, Լուսինեն դժվարացավ հիշել նրա անունը, փոխարենը նշեց տվյալ մասնակցի մրցութային համարը.

«Այս պահին կդժվարանամ նշել ինձ համար հաղթող դառնալու շանսեր ունեցող մասնակցի անունը, բայց կասեմ, որ նա հանդես էր գալիս 16 համարի ներքո, ինչպես նաև ինձ համար արժանի մասնակից էր «Վիցե Միսս Արմենիա» 1–ին տեղը զբաղեցրած Անահիտ Իսահանովան: Բայց ավելացնեմ, որ իմ կարծիքով` լավագույն հնգյակը շատ ճիշտ էր ընտրված»,- պատմեց Լուսինե Թովմասյանը:

Դիտարկմանը, որ մրցույթի բեմում կային նաև աղջիկներ, ովքեր որ, ինչպես շատերն են նշում, իրենց արտաքին տվյալներով չէին համապատասխանում գեղեցկության մրցույթի չափանիշներին, Լուսինեն նկատեց.

«Դե իհարկե, կային աղջիկներ, որոնց հասակը սահմանվածից ցածր էր, բայց դա, կարծում եմ, որ նորմալ է, քանի որ շատ քչերն են համաձայնվում մասնակցել այս մրցույթին: Բայց նորից կասեմ, որ ըստ իս՝ 24 մասնակցից ընտրված լավագույն հնգյակը ճիշտ էր: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ 24 մասնակիցն էլ լավը լինեին, համապատասխանեին ընդունված չափանիշներին, ինչից ելնելով՝ մրցակցությունն էլ ավելի մեծ և հետաքրքիր կլիներ»,- ասաց Լուսինե Թովմասյանը՝ նշելով, թե ինքը՝ որպես ժյուրիի անդամ, ընտրելով հաղթողին և լավագույն հինգ մասնակիցներին, ինչ հատկանիշներ է առաջին հերթին հաշվի առել.

«Առհասարակ, նման դեպքերում առաջնահերթ նայում ես կազմվածքին, որից հետո հասկանում ես, թե ինչպիսի տեսք ունի մասնակիցը լողազգեստով: Օրինակ, երբ աղջիկները ազգային տարազներով դուրս եկան բեմ, նրանցից յուրաքանչյուրը շատ լավն էր, իսկ երբ արդեն տեսնում ես նրանց լողազգեստներով, հասկանում ես, որ ֆավորիտների թիվը պակասում է: Շատ կարևոր է, թե ինչպես են մասնակից աղջիկներն իրենց պահում բեմում, թե ինչպես են իրենք իրենց զգում: Երբ աղջիկը չունի փորձ, ապա նա իրեն լավ և համարձակ չի զգում բեմի վրա, իսկ դա ամենակարևոր բանն է: Ինչ վերաբերում է աղջիկների քայլվածքին, որը ևս քննարկվում է, ապա ասեմ, որ նրանց քայլվածքը կախված էր նաև այն կոշիկներից, որոնք որ ընտրվել էին նրանց համար: Այն բարձրությունը և ֆորման, որոնք ունեին աղջիկների կոշիկները, սխալ էին ընտրված»,- մանրամասնեց Լուսինեն:

Զրույցի վերջում, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք վերլուծելով երեկ կայացած մրցույթը և դրա հետևանքները, կարիքը կար առհասարակ երկարատև տարիների դադարից հետո «վերակենդանացնել» մրցույթը՝ Լուսինեն պատասխանեց.

«Իհարկե կար, բայց հիմա չեմ կարողանում պատկերացնել՝ արդյո՞ք այս տարվանից հետո շարունակություն կունենա «Միսս Արմենիա»-ն, թե՝ ոչ, բայց միայն մեկ բան կարող եմ ասել, որ շատ տարիներ են հարկավոր, որպեսզի քրտնաջան աշխատանքի շնորհիվ վերականգնվի մրցույթի բարի համբավր»,- Asekose.am-ի հետ զրույցում եզրափակեց մոդել Լուսինե Թովմասյանը:


Հեղինակ՝ Ա. Մաթևոսյան

Լուսանկարը՝ Life.tert.am-ի


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին