Սեպտեմբերի 15-ին Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում երկար տարիների ընդմիջումից հետո վերջապես կրկին կկայանա «Միսս Հայաստան» մրցույթը, որն այս տարի կլինի համահայկական: Մրցույթն իրականացվում է Մշակույթի նախարարության, Սփյուռքի նախարարության և «Փյունիկ» մարդկային ռեսուրների զարգացման հիմնադրամի աջակցությամբ։
Asekose.am-ը զրուցել է մրցույթի ղեկավար, «Միսս Հայաստան 1998» Գոհար Հարությունյանի հետ, ով խոսել է մրցույթի նախապատրաստական աշխատանքների, մասնակիցների, ժյուրիի անդամների և մրցանակային ֆոնդի մասին:
Գոհար Հարությունյանը սկզբում ասաց, որ նախևառաջ իրենք նպատակ ունեն փոխել մարդկանց մոտ առաջացած անլուրջ վերաբերմունքը մրցույթի հանդեպ.
«Ինձ համար՝ որպես ոլորտի ներկայացուցիչ, մրցույթի մասնակից, արդար կլինի նաև ասել որպես «Միսս Հայաստան»-ի սիրված տիտղոսակիրներից մեկը, շատ վիրավորական էր, որ մրցույթը տարիների ընթացքում հասավ բավական ցածր մակարդակի, ինչի արդյունքում բոլորը սկսեցին ծաղրել այն, սկսեցին լուրջ չվերաբերվել: Առհասարակ, ստացվում էր, որ մենք չունեինք մրցույթ, որը կլիներ սիրված, և որի շնորհիվ մենք հնարավարություն կունենայինք մասնակցելու միջազգային մրցույթների»,- նշեց Գոհար Հարությունյանը՝ պատմելով, թե ինչից սկսվեց ամեն ինչ.
«Որոշ ժամանակ առաջ այս հարցով դիմեցի Մշակույթի նախարարությանը, մասնավորապես նախարարին՝ Արմեն Ամիրյանին, ով ինձ ասաց, որ արդեն իսկ բարձրացվել է մրցույթը «վերակենդանացնելու» հարցը, քանի որ բոլորն են հոգնել այն փաստից, որ թեև բնագավառը գործում է, բայց այն պատշաճ կերպով չի ներկայացվում: Եվ այդպես, մենք համախմբվեցինք և որոշեցինք մրցույթը հասցնել այն մակարդակի, որը կար այն իրականացնելու առաջին տարիներին, ավելի կոնկրետ մինչև 2000թ-ը»,- նշեց Գոհար Հարությունյանը:
Վերջինս նկատեց, որ մարդկանց անլուրջ վերաբերմունքը հիմնականում պայմանավորված է նախորդ տարիներին «Միսս Հայաստան»- ի նախընտրական փուլերի լուսաբանմամբ և ցուցադրությամբ.
«Հենց նախընտրական փուլերի ժամանակ մարդիկ սկսեցին ծաղրել մասնակից աղջիկներին: Այսինքն՝ բոլոր այն աղջիկներին, որոնց իրենց ընտանիքի անդամներն ասել էին, որ նրանք գեղեցիկ են, որոշել էին մասնակցել «Միսս Հայաստան»- ին, և նրանցից շատերը չէին հասկանում, թե որքան մրցունակ կարող են լինել մրցույթի ժամանակ: Դա շատ նորմալ է, ինքս էլ դրան նորմալ եմ վերաբերում, ամբողջ աշխարհում է այս երևույթը: Գաղտնիք չէ, որ կնոջ գեղեցկությունը հարաբերական է, ես ինքս՝ որպես մասնակից, երբեք չեմ մտածել, թե կողքից իմ գեղեցկությունն ինչպես և որքան շահավետ կդիտարկվի: Չէ որ գեղեցկություն ասելով՝ մենք հասկանում ենք ոչ միայն ֆիզիկական տվյալներ, այլ նաև՝ ինտելեկտ, գեղեցիկ ժպիտ, գաղափարներ և այլն: Այսինքն՝ այն աղջիկներին, որոնց մենք՝ որպես քննադատ ժողովուրդ, դիտարկեցինք որպես ամենատգեղներ, ներկայացվեցին նախընտրական փուլերին և ծաղրանքի առարկա դարձան: Այս ամենի արդյունքում, շատ-շատ գեղեցիկ աղջիկներ հրաժարվեցին իրենց մասնակցությունից, բացի դա, արդեն բուն մրցույթները շատ վատ էին կազմակերպվում, հեռանկարային չէին, մրցանակային ֆոնդ չկար և այլն»,- հավելեց «Միսս Հայաստան 2017»-ի ղեկավար Գոհար Հարությունյանը:
Ըստ նրա խոսքերի՝ այս տարի մրցույթը լինելու է բոլորովին այլ կանոններով, ավելի կոնկրետ՝ նախընտրական փուլերը չեն մեկնաբանվելու և ժյուրիի անդամների անունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվելու.
«Այս տարի շատ լուրջ մարդիկ են ներգարվված մրցույթի կազմակերպման հարցում: Ոչ մի միջնորդություն չի լինելու, ժյուրիի անդամները լինելու են պրոֆեսիոնալ մարդիկ: Գիտեք, գաղտնիք չէ, որ ցանկացած գեղեցկության, և ոչ միայն, մրցույթի վերջում կարծիքներ են հնչում, որ վերջնական արդյունքն անարդար էր, դա անխուսափելի երևույթ է, բայց մենք անելու ենք ամեն բան, որպեսզի հնարավորինս խուսափենք նմանատիպ խոսակցություններից»,- հստակեցրեց Գոհարը:
Խոսելով 17-26 տարեկանը լրացած այն աղջիկների մասին, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու մրցույթին, Գոհար Հարությունյանն ասաց, որ նրանցից շատերի մոտ այսօր կա վախ, վախ՝ ծաղրի առարկա դառնալու և անհարմար իրավիճակում հայտնվեու.
«Թեև շատերի մոտ անվստահություն և վախ կա, բայց հույս ունեմ, որ սեպտեմբերին կայանալիք մրցույթից հետո, երբ բոլորը տեսնեն, որ այն արդար էր, ժյուրին պրոֆեսիոնալ էր, որ հաղթելուց հետո մրցանակակիրը մասնակցեց «Միսս աշխարհ» մրցույթին, այդ անվստահությունը կփոխարինվի վստահությամբ»,- շեշտեց Գոհար Հարությունյանը:
Խոսելով մասնակիցների հայտերից՝ Գոհարն ասաց, որ այս պահի դրությամբ դրանք այդքան էլ շատ չեն: Նրա խոսքով՝ շատերը դեռ մտածում են մասնակցեն, թե՝ ոչ, շատերը դեռ իրենց հետաքրքրող և հուզող հարցերի վերաբերյալ են ցանկանում պատասխաններ ստանալ, բայց այս ամենի հետ մեկտեղ, ինչպես նշեց Գոհար Հարությունյանը, շատերը նաև ոգևորված են մրցությում մասնակցելու համար: Հավելենք, որ մրցույթի կազմակերպիչներն անձամբ կհոգան բոլոր այն աղջիկների ծախսերը, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու, սակայն դրա համար չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ:
«Ամեն կերպ փորձելու ենք օգնել աղջիկներին, արդեն կա մրցանակային ֆոնդ, որը գնալով աճում է, կան հովանավորներ, որոնք ևս ավելանում են, սահմանաված են նվերներ, բացի դա, յուրաքանչյուր մասնակցի հետ աշխատելու է անհատական հայ դիզայներ, յուրաքանչյուր մասնակցին կտրամադրվեն զգեստներ և կոշիկներ»,- պատմեց Գոհարը՝ նշելով, որ «Միսս Հայաստան» մրցույթին այս տարի հնարավորություն ունեն մասնակցելու ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից և Սփյուռքից:
«Միսս Հայաստան» մրցույթի ղեկավարը նշեց, որ այս պահի դրությամբ իրենք ունեն արդեն 10 միլիոն դրամի չափով մրցանակային ֆոնդ, սակայն տվյալ թիվը մինչև վերջին օրը կարող է ավելանալ: Գոհար Հարությունյանը համոզված է, որ բոլոր մասնակիցները սեպտեմբերի 15-ին մեծ գոհունակությամբ կհեռանան, քանի որ սահմանված են մի շարք նվերներ և դրամաշնորհներ, ինչպես նաև դիզայներ Գևորգ Շադոյանի կողմից արդեն մշակվում է մրցույթի թագը, ով ամեն ինչ անում է, որպեսզի այն հնարավորինս հայկական մոտիվներով լինի, իսկ տիտղոսակիր գեղեցկուհին հայեցի կերպար ունենա։
Ավելացնենք, որ այս պահին մրցույթի կազմակերպիչները վարում են բանակցություններ «Միսս աշխարհ»-ի հետ, որպեսզի «Միսս Հայաստան 2017»-ը հնարավորություն ունենա մեկնելու և մասնակցելու տվյալ միջազգային մրցույթին:
«Միսս Հայաստան 2017» մրցույթին մասնակցելու դիմումն online լրացնելու համար սեղմեք` այստեղ
Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան