Թբիլիսում ծնված, Ռուսաստանում մեծացած, իսկ այժմ ԱՄՆ-ում բնակվող երգիչ Կարեն Բոքսյանն այս օրերին Հայաստանում է: Նա պատրաստվում և անհամբերությամբ սպասում է իր մենահամերգին, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 14-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում: Asekose.am-ը զրուցել է երգչի հետ` սպասվող մենահամերգի, անակնկալների, հայկական շոու բիզնեսի, հրաշքով փրկվելու մասին և ոչ միայն:
Եկավ այդ օրը, որին սրտատրոփ սպասում եմ
Երևանում ելույթ ունեցել եմ, բայց սա լինելու է իմ առաջին մեծ մենահամերգը: Երկար տարիներ եմ սպասել այս համերգին, միշտ մեծ ցանկություն եմ ունեցել հենց Երևանում մենահամերգ ունենալ, որում կներկայացնեմ իմ երաժշտական կենսագրության երգերը` կենդանի նվագակցությամբ, գեղեցիկ պարային շոուով: Երևանում ելույթ եմ ունեցել 2015 թվականին` Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, սակայն ոչ կենդանի նվագակցությամբ: Դրանից հետո բազմաթիվ նամակներ եմ ստացել, թե երբ է լինելու հաջորդ համերգը, և ահա եկավ այդ օրը, որին սրտատրոփ սպասում եմ: Շատ դժվար էր որոշել, թե որ երգերն են հնչելու համերգի ժամանակ, քանի որ իմ երգացանկը բավական խիտ է: Կերգեմ իմ` բոլորի կողմից սիրված երգերը, որոնց միջոցառումների և առիթների ժամանակ պարտադիր կատարում եմ` «Ты в моей душе», «Для моей любви», «Вот уходят в море корабли», որոնք, այսպես ասած` իմ այցեքարտն են: Համերգի ժամանակ զուգերգով հանդես կգամ ռուսաստանաբնակ երգչուհի Մարգարիտա Պոզոյանի և Gipsy Kings-ի Joef-ի հետ: Մարգարիտայի հետ մեր ռուսալեզու երգը ներկայացրել ենք 2 տարի առաջ` «Տաշի շոու»-ի ժամանակ: Մարգարիտայի հետ ծանոթացել ենք Մոսկվայում, և նա մեծ սիրով համաձայնեց ինձ հետ կատարել այդ երգը: Joef-ի հետ մեր զուգերգը հնչելու է առաջին անգամ, այն ռուսերեն և իսպաներեն է: Համերգի ժամանակ Մարգարիտան կկատարի նաև իր հայտնի և սիրված երգերից մեկը` «Сестра по духу»-ն, իսկ Joef-ը կկատարի Gipsy Kings-ի ամենահայտնի` «Bamboleo»-ն:
Դա ինձ համար մարտահրավեր է
Բնականաբար, մտածում եմ, որ դահլիճը լեփ-լեցուն լինի, բայց յուրաքանչյուր արտիստ ունի իր հավատարիմ երկրպագուները: Բայց անկախ նրանից, թե դահլիճում քանի հոգի կլինի, ես, միևնույն է, իմ ընկերների հետ կատարելու եմ ծրագրում ներառված 26 երգերը, իմ տրամադրության վրա դա չի կարող ազդել: Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում ելույթ ունենալու ժամանակ պատասխանատվության զգացումս մեծանում է, քանի որ այստեղի հայ հանդիսատեսն ավելի պահանջկոտ է. դա ինձ համար մարտահրավեր է:
Խորհուրդ եմ տալիս հարգեն իրենք իրենց և զբաղվեն իրենց գործով
Հայկական շոու բիզնեսում դրական փոփոխություն նկատում եմ: Մեր տեսահոլովակները բավական ճաշակով են դարձել, ունենք բավականին փորձառու ռեժիսորներ, ովքեր բարձակարգ տեսահոլովակներ են նկարահանում: Իմ վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ ճիշտ ընտրություն եմ արել` համագործակցելով ռեժիսորներ Սերժ Գաբյանի և Ժոռ Մելոյանի հետ: Մինչ այս տարվա վերջ պատրաստ կլինի նաև իմ նոր տեսահոլովակը` Gipsy Kings-ի հետ, կրկին համագործակցելու եմ Ժոռ Մելոյանի հետ: Արտերկրում իմ տեսահոլովակները տեսած մարդիկ հիացած էին պրոֆեսիոնալ աշխատանքով: Իհարկե, այսօր էլ կա նաև անորակը, որից ես բարկանում ու հիասթափվում եմ: Կոնկրետ անուններ չեմ ուզում տալ, պարզապես խորհուրդ եմ տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր առավոտյան արթնանում են և որոշում են երգիչ դառնալ, հարգեն իրենք իրենց և զբաղվեն իրենց գործով: Օրինակ` ես երբեք ռոք չեմ երգի, քանի որ դա իմը չէ:
Ես չեմ մտածում` գնամ հարսանիք 2 կոպեկ փող աշխատեմ ու վերջ
Երաժշտությունը հոգեբուժիչ թերապիա է ինձ համար, ես չեմ մտածում` գնամ հարսանիք 2 կոպեկ փող աշխատեմ ու վերջ: Ես կարծում եմ, որ կորպորատիվ միջոցառումների ժամանակ արժանի ձևով եմ վաստակում այդ գումարը, քանի որ իմ որոշ կոլեգաների նման մի երգի պրեմիերա չեմ անում ու դրանով ներկայանում բոլոր միջոցառումներին` դրանով աբսուրդ գումար վաստակելով:
Հրաշք էր, որ ես փրկվեցի Սպիտակի երկրաշարժից
Հնարավոր է` մի օր բնակություն հաստատեմ Հայաստանում: Հետաքրքրրվում եմ արդեն, թե որ հատվածում կարող եմ բնակարան գնել, քանի որ, հնարավոր է, որ մոտ ժամանակներս վերադառնամ Հայաստան, քանի որ ամեն ինչ այստեղ ինձ համար հոգեհարազատ է: Յուրաքանչյուր անձ պետք է հարգի իր անցյալը, որ ունենա ներկա և ապագա: Ես մինչև 9 տարեկանն ապրել եմ Գյումրիում: Հրաշք էր. որ ես փրկվեցի Սպիտակի երկրաշարժից: Երկրաշարժից օրեր առաջ ես հիվանդ պառկած էի և դպրոց չէի գնում, այդ օրը հազիվ համոզեցի մորս, որ թողնի ինձ դպրոց, որոհետև երկրաշարժի ժամանակ մեր տունը հիմնահատակ ավիրվել էր: Մինչև իմ կյանքի վերջ իմ աչքի առաջ են լինելու երկրաշարժի տեսարանները:
Եթե մարդը քեզ համապատասխան չէ, քոնը չէ, պարզապես պետք է բաց թողնել նրան
Կյանքիս դեռևս միակ բացթողումը, թերևս, սեփական ընտանիք չունենալն է: Ինքս էլ մտածում եմ այդ ուղղությամբ, քանի որ երեխաներ շատ եմ սիրում,բայց դեռ չեմ գտել իմ անձնական երջանկությունը: Եթե մարդը քեզ համապատասխան չէ, քոնը չէ, պարզապես պետք է բաց թողնել նրան: Հստակ գիտեմ, որ ընտրյալս պետք է հայուհի լինի:
Հեղինակ` Լիլիթ Նավասարդյան
Կարդացեք նաև` Կարեն Բոքսյանն` ամեն ինչ զրոյից սկսելու,ավտոկայանատեղիի հսկիչ աշխատելու և իր կողքին գտնվող հայուհու մասին
Հնարավոր է` մի օր ապրեմ Հայաստանում. Կարեն Բոքսյանը ներկայացնում է իր նոր տեսահոլովակը
Քննադատում են արևելյան մելիզմները, բայց հետո էլ` պարում դրանց ներքո. Կարեն Բոքսյան