Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի 4-րդ կուրսի ուսանողուհի Մանե Բաղդասարյանն իր վավերագրական «Ադապտացիա» ֆիլմով Չինաստանի ամենամեծ կինոփառատոններից մեկում՝ «Ասիայի Երիտասարդական Միջազգային Կարճամետրաժ ֆլիմերի կինոփառատոն»-ում, հաղթող է ճանաչվել «Լավագույն մոնտաժված ֆիլմ» անվանակարգում: Այս մասին Asekose.am-ին հայտնեց Մանեն՝ նշելով, որ հաղթանակից հետո տեղական մամուլն անդրադարձել է իր ֆիլմին:
«21 րոպե տևողությամբ «Ադապտացիա»-ն ցուցադրվել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ, ինչպես նաև արձագանք է ստացել բազմաթիվ կայքերում, որոնցում նշվել է, որ ֆիլմը հայկական է: Անմիջական մասնակցություն չեմ ունեցել տվյալ փառատոնին, ուղարկել էի ֆիլմս և սպասել արդյունքներին: Քանի որ սա փառատոն է, այստեղ չկային հորիզոնականներ, այլ՝ անվանակարգեր էին: «Լավագույն մոնտաժված ֆիլմ» անվանակարգում հաղթելու համար չեմ բացառում, որ հնարավոր է պարգևատրում լինի փառատոնի կողմից, սակայն դեռ հստակ ոչինչ չեմ կարող ասել: Ի դեպ, նշեմ, որ հաղթանակիս մասին պատահաբար էի տեղեկացել»,- Asekose.am-ին ասաց Մանե Բաղդասարյանը, ով տվյալ ֆիլմում հանդես է եկել որպես ռեժիսոր, հեղինակ և մոնտաժող:
Անդրադառնալով ֆիլմի՝ հանդիսատեսին ուղղված հաղորդագրությանը՝ Մանեն նշեց հետևյալը.
«Երբ նկարահանում էի ֆիլմը ի սկզբանե ցանկանում էի ցուցադրել մեր ժամանակը, որտեղ մենք ապրում ենք,մեր քաղաքն ու ռիթմերը,սակայն ինչ խոսք շատ հարցեր վերանայվել է մոնտաժային փուլում: Ֆիլմում անդրադարձել եմ նաև արտագաղթի թեմային՝ նկարահանելով առավոտյան ժամին, թե որքան դատարկ է հայկական մետրոն: Թերևս, որևէ այլ քաղաքում նման պատկեր չենք տեսնի»:
Մանեի խոսքով՝ «Ադապտացիա»-ի նկարահանումները տևել են 6 ամիս, ֆիլմը քաղաքի ապրելաձևի մասին է, մեր Երևանում անընդհատ փոփոխվող ռիթմերի մասին է,որոնց մենք ադապտացվում ենք ամեն վայրկյան և չենք զգում ժամանակի դաժան հոսքը...
Ի դեպ, «Ադապտացիա» շուտով ներկայացնելու է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտում (ՎԳԻԿ), Մոսկվայի Բարեգործական Կինոփառատոնում, Հնդկաստանում: Չի բացառվում նաև այլ երկրների փառատոններին մասնակցելու հնարավորությունը: Խոսելով հայաստանյան ցուցադրության մասին՝ Մանեն ասաց հետևյալը.
«Առաջին ցուցադրությունը տեղի է ունեցել օգոստոսի 2-ին Նարեկացի Արվեստի Միությունում: Ֆիլմն իսկապես ջերմ ընդունելության է արժանացել, ցուցադրությունից հետո շատերն էին մոտեցել ինձ ու կիսվել տպավորություններով»:
Զրույցի վերջում Մանե Բաղդասարյանը նշեց, որ ջերմ ընդունելության է արժանացել նաև հարազատ ԲՈՒՀ-ի կողմից: Հավելենք, որ վերջինս սովորում է Ռուբեն Գրիգորյանի արվեստանոցում:
Հեղինակ՝ Լիլիթ Հակոբյան