▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բավական բարդ էր. ինչպե՞ս Անահիտ Կիրակոսյանը հայտնվեց իրանական ֆիլմում, և ինչո՞ւ այն նկարահանեցին Հայաստանում

Դեկտեմբերի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու իրանական «Կոկորդիլոսի արցունքներ» ֆիլմի պրեմիերան: Այն հայ հանդիսատեսի համար հետաքրքիր կլինի նաև այն բանով, որ ֆիլմն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում:

Ֆիլմի ռեժիսոր Րեզա Հուսեյն Աբադին Asekose.am-ի հետ զրույցում նշեց, որ նկարահանումները տեղի են ունեցել նախորդ տարի ձմռանը, ապա կատարել են մյուս աշխատանքները և այն արդեն պատրաստ է էկրաններ բարձրանալ:

««Կոկորդիլոսի արցունքներ»-ը հայ-իրանական համատեղ արտադրության աշխատանք է: Հուսանք դեկտեմբերի 12-ից հետո երևանյան պրեմիերայից հետո այն կցուցադրենք նաև Գյումրիում»,- նշեց ռեժիսորը:

«Կոկորդիլոսի արցունքներ»-ն իրանական դասական դարձած «Փեթակ» ֆիլմի հիման վրա է նկարահանված: Ի դեպ` այդ ֆիլմի ռեժիսորը ժամանակին եղել է Րեզա Հուսեյն Աբադիի դասախոսը: Ռեժիսորի խոսքով` միշտ սիրել է իր ուսուցչի աշխատանքները, ինչից ելնելով էլ որոշել է նոր շունչ հաղորդել դրանց: Սցենարը գրելուց հետո խնդիրներ առաջացան և պարզ դարձավ, որ նկարահանումները պետք է Իրանից դուրս իրականացվեն: Հաշվի առնելով հայ-իրանական բարեկամությունը և հարևանությամբ գտնվելը, որոշում կայացվեց  «Կոկորդիլոսի արցունքներ»-ը հենց Հայաստանում նկարահանել:

Ըստ ռեժիսորի` սա առաջին դեպքը չէ, երբ Իրանից Հայաստան են գալիս նկարահանումներ իրականացնելու: Վերջերս Հայաստանում կայացել էր իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադիի «Եվա» լիամետրաժ ֆիլմի պրեմիերան, թեպետ դրա նկարահանումներն ավելի ուշ էին տեղի ունեցել, պարզապես այն ավելի շուտ էր հայտնվել էկրաններին:

Րեզա Հուսեյն Աբադին մեզ հետ զրույցում նշեց, որ հայերի հետ աշխատելն իրենց շատ հաճելի էր, առավել ևս, որ աշխատել են ըստ իրենց` լավագույն հայ դերասանուհիներից մեկի` Անահիտ Կիրակոսյանի հետ.

«Երբեմն բավական բարդ նկարահանումներ էլ ենք ունեցել, եղել են դեպքեր երբ առանց որևէ փորձի Անահիտ Կիրակոսյանը պետք է պարսկերեն խոսեր, այն դեպքում, որ լեզվին չի տիրապետում: Երբ իրականացնում էինք նկարահանումները բավական ցուրտ էր, բարդ էր, սակայն հայկական կողմը մեզ շատ է օգնել»:

Նշենք, որ իրանական ֆիլմում Անահիտ Կիրակոսյանից բացի, ում լսարանը գիտի սերիալներում և թատրոնում խաղացած դերերի շնորհիվ, ֆիլմում այլ հայ դերասաններ էլ են ներգրավված, ինչպես նաև մարդիկ, ովքեր մասնակցել են բուն նկարահանումներին:

«Կոկորդիլոսի արցունքներ»-ի ռեժիսորը մեծ հույսեր ունի, որ ֆիլմը դուր կգա հայ լսարանին և կինոթատրոններից գոհ կհեռանան:

«Պետք է նաև հավելեմ, որ Հայաստանում այնպես ենք նկարահանել, որ շատ իրանցիներ, ովքեր արդեն դիտել են ֆիլմը, հետաքրքրվել են Երևանով: Փորձել ենք կադրերին գեղեցկություն հաղորդել, ինչ խոսք, ձյունը և երեկոյան նկարահանումները մեզ օգնել են այդ հարցում»:

Հավելենք, որ իրանցի ֆիլմարտադրողները «Կոկորդիլոսի արցունքներ»-ից հետո Հայաստանում այլ ֆիլմեր նկարահանելու մտադրություն ունեն:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին