▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ փորձել նրան պահել ինձ հետ, որ խանգարի կամ օգնի. Դավիթ Թադևոսյանն անկեղծանում է

 

 

 

 

 

 

 

Դերասան Դավիթ Թադևոսյանն այս պահին գտնվում է ԱՄՆ-ում: Asekose.am-ը զրուցել է դերասանի հետ` նրա անցած ուղու մասին և ոչ միայն:

-Համացանցում, երբ գրում ենք «Դավիթ Թադևոսյան» անուն-ազգանունը, անմիջապես հանդիպում ենք Ձեր սերիալային հերոսի՝ Սպոյի անունը: Տպավորություն է, որ բոլոր դերերից ամենահիշվողը դա է: Երբեմն նույնիսկ ասում են, որ նման դերերը ստվերում են մյուսներին: Սպոն խանգարո՞ւմ է Ձեզ, թե՞ օգնում: 

-Սպոն շատ հետաքրքիր կերպար ստացվեց և շատ սիրվեց հասարակության կողմից, որի համար շատ ուրախ եմ: Սակայն ասել, որ նա ստվերում է մյուսներին, չեմ կարող. բոլորն էլ իրենց տեղն ունեն թե ինձ, թե հասարակության համար:  Սպոն մի դեր էր, որը կերտել եմ և անցել առաջ, երբեք չեմ կառչել ու փորձել նրան պահել ինձ հետ, որ փորձի խանգարել կամ օգնել:

-«Իմ սիրելի թխահերը», «Կայսր», «Սիրահարված տաքսիստը», «Հատուցում», «Ոստիկաններ», «Խաղից դուրս», «Սպանված աղավնի», «Գարեգին Նժդեհ». սա ներկայացումների, սերիալների, ֆիլմերի այն ցանկն է, որտեղ դերեր եք  կերտել, այնուամենայնիվ, սերիալն իրեն անում է, բնականաբար, լայն զանգվածներին առավել հայտնի դարձաք սերիալներից: Դուք այն դերասանների՞ց եք, ով խոստովանում է, որ դա իրենց համար ցավալի  փաստ է:

-Իրականում այդ ցանկն ավելի մեծ է, ու ես ուրախ եմ, որ կարողացել եմ լինել թե թատրոնում, թե կինում, թե սերիալում: Գաղտնիք չէ, որ ֆիլմերը ու հեռուստասերիալները շատ ավելի մեծ լսարան ունեն, քան թատրոնը, բնականաբար, դերասանին շատ ավելի լայն ճանաչում պետք է բերեր էկրանը: Դա փաստ է:

-Ի դեպ, ճանաչված լինելու վերաբերյալ Դուք մեկ անգամ ասել էիք՝ «ազատությունս է պակասել. չեմ կարողանում շատ ազատ լինել, ինչպես առաջ էի: Օրվա մեծ մասը նկարահանման մեջ եմ, ավելի շատ լինում եմ Սպոյի կերպարում, քան իմ. ժամանակս Դավիթին է խլում: Իսկապես գալիս է այնպիսի պահ, երբ ինձ կարոտում եմ»: 

-Իրականում ինձ մոտ այդ հարցում բան չի փոխվել, ես 2003-ից անընդհատ աշխատում եմ ու պրոցեսի մեջ եմ: Ինչքան էլ բողոքեմ, որ ժամանակս չի հերիքում, միևնույն է, ես առանց այդ ռիթմի կհիվանդանամ: Իմ ապրելակերպն է այլևս:

-Տեղյակ եմ, որ նախքան Թատերական ինստիտուտ ընդունվելը Ձեզ տարբեր բնագավառներում էիք փորձել, 8 մարզաձեւով եք զբաղվել, երկար ժամանակ չէիք կարողանում գտնել Ձեզ: Հիմա արդեն, երբ կայացել եք և անցյալում արդեն շատ աշխատանքներ կան արված, Ձեր մեջ նոր բաներ շարունակո՞ւմ եք բացահայտել և նոր զբաղմունքներ գտնել:

-Ես այդ փնտրտուքի շրջանն ավարտեցի, երբ ընտրեցի դերասանի ուղին, այս մասնագիտությունը հրաշալի հնարավորություն ունի լինել այն ամենը, ինչ ուզել եմ ես:  Չէ որ սա միակ մասնագիտությունն է, որտեղ կարող ես լինել և բժիշկ, և մարզիկ, և զինվոր, և թագավոր: Եվ ես փորձում եմ իմ բոլոր շերտերը բացահայտել իմ կերտած դերերում:

-Մեկ անգամ խոստովանել եք, որ Ձեզ համար ամենարժեքավորը դերը «Գարեգին Նժդեհ» ֆիլմում մարմանավորած կերպարն էր: Այդ ընտրությունը հիմնավորել էիք այն բանով, որ մարմնավորում էիք իրական մարդու, ինչը  շատ ավելի դժվար և պատասխանատու է:  Այսօր էլ ի՞նչ արժեքավոր դերի մասին եք երազում և ե՞րբ է դա սպասվում լսարանին: Ժամանակին խոսում էիք ֆիլմ նկարահանելու մասին, որի սցենարի հեղինակն էլ պետք է լինեիք:

-Այո, Գաբրիել Ղորղանյան, մի մարդ, ով կռվել է Գարեգին Նժդեհի կողքին: Իրականում շատ պատասխանատու դեր էր և պահանջում էր իսկապես պրոֆեսիոնալ մոտեցում և կենտրոնացում: Լինելով հայ, իմանալով իմ ազգի պատմությունը` ես չէի կարող չառաձնացնել այդ դերն իմ կյանքում: Եվ ես շատ ուրախ եմ, որ կարողացա մասնակիցը լինել մի նախագծի, որը դառնալու է հայֆիլմ արտադրության գլխավոր ֆիլմերից մեկը, որով կրթվելու են գալիք սերունդները: Ինչ վերաբերում է իմ լսարանին, ես երբեք նրան երկար սպասեցնել չեմ տվել (ժպտում է):

-Դավիթ, հարցազրույցին նախապատրաստվելիս ուշադրությունս գրավեց, որ 2016 թվականի սեպտեմբերից նկարահանվելուց բացի ստանձնել էիք նաև «Առաջնորդներ»  սերիալի ռեժիսորի դերը: Թեպետ արդեն բավական ժամանակ է անցել այդ շրջանից, բայց  փորձենք հիշել Ձեր կյանքի այդ ժամանակահատվածը: Հարմարավե՞տ էիք զգում այդ դերում:

-Եթե որևէ խնդրից կարողանում ես գլուխ հանել, կարծում եմ` այդ պարագայում դու քեզ հարմարավետ ես զգում: Ես ունեմ բարձրագույն կրթություն, աշխատել եմ շատ անվանի դերասանների, ռեժիսորների հետ և հետևել եմ հայ ազգի մեծերին, նրանցից սովորել եմ շատ ու շատ նրբություններ, որոնք էլ կարողացել եմ յուրացնել ու վերարտադրել իմ գործերում` թե որպես դերասան (հիմնականում), թե որպես ռեժիսոր:

-Այդ շրջանում սերիալում սկսեցին նկարահանվել նաև Ձեր կինը և որդին, ընդ որում՝ Ձեր կնոջ խոսքերով՝ բավական խիստ էիք, հատկապես իր նկատմամբ: Հետաքրքիր է, երբ որպես ռեժիսոր հետևում էիք նրա խաղին՝ կարողանո՞ւմ էիք մոռանալ նրա կարգավիճակը:

-Ես շատ ուրախ եմ, որ մեր կյանքում եղավ մի շրջան, երբ  մենք ընտանիքով միասին մի նախագծում աշխատեցինք: Իսկապես շատ հաճելի փուլ էր: Իսկ ինչ վերաբերում է իմ խստությանը, ապա կասեմ, որ ես շատ խիստ եմ վերաբերում յուրաքանչյուր գործին, եթե մի նախագծում եմ զբաղված, այն պետք է լինի լավագույններից մեկը, իսկ այս պարագայում պետք է լիներ կրկնակի լավը, որովհետև գործի գլխին կանգնած էի ես:

Հեղինակ` Լիլիթ Հակոբյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին