Հունիսի 7-ի ընտրություններում հաղթելու համար Նիկոլ Փաշինյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ տարբեր երկրների առաջնորդներից։
Մինչ այս պահը, սակայն, նրան շնորհավորական ուղերձ չի հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։
Լրագրողն այսօր Փաշինյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ է բացատրում, որ ՌԴ նախագահը չի շնորհավորել։
«Չի շնորհավորել, հույս ունենանք՝ կշնորհավորի»,- կարճ արձագանքեց Փաշինյանը։
***
Նիկոլ Փաշինյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին՝ տեղեկություն կա, որ ընտրություններից հետո իր առաջին այցը նախատեսվում է Ռուսաստանի Դաշնություն․
«Այդպե՞ս է, և եթե այո՝ ի՞նչ օրակարգով»։
«Այցերը կնայենք ըստ պլանի, կառաջարկենք»,-պատասխանեց Փաշինյանը։
Նա ասաց, թե այցի հետ կապված եղել է ըմբռնում։
«Պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ լինի հրավեր՝ կգնամ։ Չեմ մերժի հրավերը, էդ՝ հաստատ»,-ասաց Փաշինյանը։
***
Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ հանրային համերաշխություն հնարավոր է միայն այն ժամանակ, երբ «եռագլուխը» արմատախիլ արվի Հայաստանից։
«Մենք մարդասպան չենք, որ տանք, սպանենք, մենք պետություն ենք ու ասել եմ՝ պետությունը մնալու է կոկորդներին»,- լրագրողների հետ զրույցում հայտարարեց նա։
Փաշինյանն ասաց, թե ընդդիմադիրները, եթե որոշեն մանդատները չվերցնել, ազնիվ կլինեն։
«Կունենանք մաքուր, լեգիտիմ խորհրդարան, թե չէ գալու են, ընտրակաշառքի գարշահոտը տարածեն խորհրդարանով մեկ»,- ընդգծեց նա։
***
Հայաստանի ծաղիկը հասանելիություն է ստացել աշխարհի ամենամեծ ծաղկի վաճառքի պլատֆորմին՝ Նիդերլանդներում, որ ծաղիկ արտադրողը այդտեղ հասանելիություն ունի, ինքն ընկել ա ծաղկային դրախտ, ճեպազրույցի ընթացքում հայտարարեց Փաշինյանը։
«Նիդերլանդների վարչապետը ինձ անձամբ գրել ա, որ բոլոր հնարավոր ձևերով կաջակցեն, որպեսզի Հայաստանի ծաղիկ արտադրողները էդ շուկային և պլատֆորմին հասանելություն ստանան»,-նշեց նա։
***
Ցանկացած հանգուցյալ ունի տապանաքար, հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան, թե Քոչարյանը, Կարապետյանն ու գուցե նաև Ծառուկյանը, հակառակ վարչապետի հայտարարություններին, կլինեն խորհրդարանում։
««Սասունցի Դավիթ» էպոսը հիշու՞մ եք, որ ասում ա՝ հլը մի հատ քեզ թափ տուր։ Որ մի հատ իրանց թափ տան, մեծ կտորը ականջն ա մնալու, և արդեն մնացել ա»,-ասաց Փաշինյանը։
***
Չեմ կարծում, թե Հայաստանում երբևէ եղել է որևէ նախընտրական կամ քաղաքական պրոցես, որտեղ, օրինակ, Հանրապետության գործող ղեկավարը կամ որևէ քաղաքական գործիչ ավելի շատ տեղ է այցելել, ավելի շատ ելույթ է ունեցել և ավելի շատ մարդկանց հետ է շփվել, այս մասին ճեպազրույցի ընթացքում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նկատի ունենալով իրեն։
«Եթե վարչական ռեսուրսի վրա հույս կամ հաշվարկ դրած լիներ որևէ մեկը, ի՞նչ իմաստ ուներ այդքան էներգիա ծախսել, էդքան գնալ։
Իմ հույսը եղել և շարունակում է մնալ ՀՀ քաղաքացին և նրա հետ երկխոսությունը, ուրիշ գործիք չունեմ»,-հավելեց Փաշինյանը։
Խոսելով ընդդիմադիր առաջնորդների մասին, Փաշինյանը վստահություն հայտնեց, թե առանց ընտրակաշառքի նրանցից ոչ մեկ շեմը չէր հաղթահարի։
***
Եթե ՀԱՊԿ անդամ երկրները որոշեն Հայաստանին հեռացնել՝ ստիպված կլինենք այդ որոշումն ընդունել ի գիտություն, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուրիշ բան անելու չունենք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին՝ Փաշիննյան ասաց, որ այս մասով նոր ասելիք չկա։
***
Ես 8 տարուց ավելի է՝ աշխատում եմ ՌԴ նախագահի հետ, գիտեմ, որ նա ռացիոնալ մարդ է, հենվում է փաստերի ու փաստարկների վրա, եթե նրանք ունեն մտահոգություններ, այդ մտահոգությունները մենք համբերատար կփարատենք, ոչ մի խնդիր չկա, արձանագրեց Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների և Պուտինի՝ իրեն չշնորհավորելու վերաբերյալ հարցին ի պատասխան։
Անդրադառնալով ԵԱՏՄ-ին՝ վարչապետն ասաց, որ իր մասնակցությամբ 2 ձևաչափ կա՝ ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստերը և Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստերը. «Այդ ձևաչափերով շարունակելու ենք մեր աշխատանքը»։
Ընտրությունների արդյունքները ՌԴ-ի կողմից հնարավո՞ր է չճանաչվեն․ Փաշինյանն ընդգծեց, որ դիտորդական առաքելության կազմում ներառված են եղել նաև ՌԴ դիտորդներ, իսկ առաքելությունն արդեն իր եզրակացությունը տվել է։
«Մնացածը հռետորիկայի հարց է, կքննարկենք»,-հավելեց նա։


