ՌԴ կողմից Ադրբեջանին զենք վաճառելու փաստն, անշուշտ, անսպասելի հարված էր, և այդ առումով օրինաչափ էին նաև հանրության շրջանում տիրող անհագստությունն ու տարակուսանքը: Դրան անմիջապես հաջորդած ադրբեջանական շքերթը` մասնավորապես Ռուսաստանից գնած «Սմերչ» հրթիռահրետանային համալիրների ցուցադրությունը, Ալիևի ռազմատենչ հայտարարությունները, պատերազմի կոչերը կարծես թե խուճապային տրամադրությունների պատճառ դարձան: «Սմերչ»-ի հնարավորություններն ու առանձնահատկություններն առ այսօր քննարկվում են, իսկ գնահատականներն ու մեկնաբանությունները հիմնականում չափազանցված են, հաճախ էլ միմյանց հակասող ու խիստ ծայրահեղ: Ինչո՞վ էին պայմանավորված մեզանում «Սմերչ» համալիրի մասին չափազանցված պատկերացումները, որո՞նք են զինատեսակի առավելություններն ու թերությունները: Մեր Զինված ուժերը որքանով են պատրաստ համարժեք պատասխանի. այս և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանի հետ:
Արծրուն Հովհաննիսյանի համոզմամբ` մարդիկ այս կամ այն երևույթի նկատմամբ գնահատականներում շատ հաճախ ծայրահեղությունների գիրկն են ընկնում: Հաճախ մասնագիտական վերլուծությունը մարդկանց չի հետաքրքրում, մտածում են` կամ ամեն ինչ է, կամ ոչինչ:
«Այսինքն` եթե ինչ-որ մեկը փորձում է իր զենքը գովազդել, և ներկայացնում է, որ այն ամենազոր է, իսկ մասնագետը պնդում է, որ այդպես չէ, դա չի նշանակում, որ այդ զենքը ոչինչ է, բայց պետք չէ նաև չափազանցնել հնարավորությունները: Այո, «Սմերչը» հզոր զենք է, բայց կատարյալ չէ: Չի կարելի չափազանցնել` դարձնել ատոմային ռումբ կամ երկրորդը` ատոմային ռումբից հետո: Համալիրն ունի իր առանձնահատկությունները, իր հզորությունը, առավելությունները, բայց նաև թերությունները: «Սմերչը» ոչ այնքան ունիվերսալ զենք է, որքան սովորական հրետանային միջոցները: Վերջիններն առավել ունիվերսալ են, ավելի կիրառելի: Այս համալիրը որոշակի պայմաններում կարող է շատ արդյունավետ լինել, մեկ այլ պարագայում` ընդհանրապես որևէ ազդեցություն չունենալ»,- մեզ հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով.
«Ինչու՞ չի խոսվում այն մասին, որ մենք նման համակարգ ունեինք ավելի վաղ: 1999-2000 թթ մեր ԶՈւ-ն արդեն ուներ այդ համալիրը: Այսօր մենք ավելի հզոր զինտեխնիկայի ենք տիրապետում, սակայն դրանք ցուցադրելու անհրաժեշտություն չկա»:
Արծրուն Հովհաննիսյանը տարակուսանք հայտնեց, թե` եթե ռուսական հեռուստաալիքը իր զենքը գովազդելու համար տեսանյութ է տեղադում, ինչու՞ ենք դա ընդունում որպես ճշմարտություն, իսկ մյուս բոլոր փաստարկները չեն ընդունվում:
Հեղինակ` Հասմիկ Գյոզալյան