Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ի ներկայացրած ցուցակը, ըստ որի այնտեղ ընդգրկված 25 հայտնիները այս կամ այն աղանդի ներկայացուցիչներ են, մեծ աղմուկի պատճառ է դարձել: Ոմանք արդեն արձագանքել են՝ հերքելով իրենց՝ որևէ աղանդի ներկայացուցիչ լինելը:
ASEKOSE.am-ի հետ զրույցում դերասան Սոս Ջանիբեկյանը նշել է, որ մկրտվել է Հայ Առաքելական եկեղեցում և իր՝ աղանդի ներկայացուցիչ լինելու լուրն անհեթեություն է որակել:
Այս պահի դրությամբ հերքող գրառումներով հանդես են եկել նաև դերասան Տիգրան Ներսիսյանը, Վահագն Գրիգորյանը և այլք:
Աղմկահարույց ցուցակի և այլ հարցերի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է «Միացյալ երիտասարդկան լիգա»-ի համանախագահներ Սևակ Հովհաննիսյանի և Դանիել Պետրոսյանի հետ:
Նշենք, որ «Միացյալ երիտասարդական լիգա»-ն արդեն մեկ տարի քայաքայիչ աղանդների դեմ պայքարող գործունեություն է ծավալում: Նշված փաստերն, ըստ մեր զրուցակիցների, կուտակվել են մեկ տարվա ընթացքում:
« Նախ նշեմ, որ մենք որևէ մեկին վիրավորելու նպատակ չենք հետապնդում: Մեկ տարվա ընթացքում մենք ստացել ենք բազմաթիվ տեղեկություններ: Մեզ դիմել են մարդիկ՝ թե փաստերով, թե կասկածներով: Եղել են դեպքեր, երբ մեզ հայտնել են, որ նշված անձանցից մեկին տեսել են հավաքների ժամանակ: Ցուցակում կան մարդիկ, որոնց մասին տեղեկությունները հավաստի են, քանի որ անհերքելի փաստեր ունենք, իսկ այն մարդկանց մասին լուրերը, որոնց անվան դիմաց գրված է ըստ տեղեկությունների, ճշտման փուլում են դեռ»,- մեզ հետ զրույցում ասաց Դանիել Պետրոսյանը:
Աղմկահարույց ցուցակի հրապարակումից հետո «ՄԵԼ»-ն արդեն մի քանի զանգեր է ստացել:
Սևակ Հովհաննիսյանի խոսքով.
«Այսօր մեզ զանգահարել է երգչուհի Էմիի իրավաբանը, նաև մայրը, ինչպես նաև դերասան Տիգրան Ներսիսյանի կինը, ովքեր շեշտել են, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ են»:
Համանախագահները նշեցին, որ որևէ մեկին զրպարտելու, նրանց բարի համբավը արատավորելու նպատակ չեն հետապնդում և եթե պարզվի, որ նշված անձինք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են, միայն ուրախ կլինեն:
«Եթե պարզվի, որ ցուցակում ընդգրկած անձանցից որևէ մեկը աղանդի հետևորդ չէ, և եթե վնասել ենք որևէ մեկի բարի համբավը, պատրաստ ենք հերքող հայտարարությամբ հանդես գալ ինչու ոչ՝ նաև հրապարակավ ներողություն խնդրել»,- տեղեկացրեց Սևակ Հովհաննիսյանը:
Դանիել Պետրոսյանի համոզմամբ՝ հայտնի մարդկանց ընդգրկված լինելը նման կառույցներում վտանգներ է պարունակում, քանի որ նրանց կարող են հետևել.
«Եթե հիշում ենք, երգիչ Մհերը բացահայտ ասում էր, որ «Կյանքի խոսքն» իրեն ֆինանասավորել է: Ասում էր՝ թող Հայ Առաքելական եկեղեցին ֆինանսավորեր: Բայց Հայ Առաքելական եկեղեցին դա բարեգործական ընկերություն չի, որ ֆինասավորի տեսահոլովակի նկարահանումը: Այնուամենայնիվ, նրան կարող են հետևել»,- ասաց Դանիել Պետրոսյանը՝ հավելելով
«Մենք ուզում ենք հասարակությանը ներկայացնել, որ «Կյանքի խոսքն» թակում է երգիչների, դերասանների, և հայտնի մարդկանց դռները: Վաղը մեր երկիրը կկանգնի մեծ վտանգի առաջ: Նրանք ունեն դավանաբանական և քարոզչական մեծ միջոցներ և կարողանում են հայտնի մարդկանց ներգրավել: Մեզ չի հետաքրքրում, թե որքան կկարդան այդ նյութը, մեր նպատակն է, որ հասարակությունը գտակցի՝ աղանդների դեմ պետք է պայքարենք ազգովի: «Կյանքի խոսք»-ն արդեն դերասանական դպրոցներ ունի: Այնտեղ դերասաններ են հաճախում: Գիտեմ այնպիսի մարդկանց, ովքեր դերասան, երգիչ լինելով՝ առաջ են գնացել միանգամից: Չգիտեմ, դա որքանով էր կապված աղանդի հետ, սակայն հիշենք, թե ինչպես էր Անժելա Սարգսյանն ասում՝ երբ «սուրբ հոգի» ընդունեցի, սկսեցի գլխավոր դերեր ստանալ:
Հարցին թե ինչպես են վերաբերվում դերասանների հերքող գրառումներին, որոնց մեջ նաև վիրավորանք կա, Սևակ Հովհաննիսյանը պատասխենց.
«Մենք չենք նեղանում որևէ մեկից: Կրկին շեշտեմ՝ եթե պարզվի, որ որևէ մեկը աղանդի հետևորդ չէ, մենք պատրաստ ենք ներողութուն խնդրել: Իսկ իրենք իրենց վիրավորանքների համար ներողություն կխնդրեն թե ոչ, մեզ քիչ է հուզում: Մեզ շատերն են ճանաչում:Հարգելի դերասաններ, շոու բիզնեսի ներկայացուցիչներ, ցուցակում ոմանց անունների դիմաց նշված է՝ ըստ տեղեկությունների: Դա առիթ չէ մեզ վիրավորելու»:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան