▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գոնե լրագրողները պետք է խուսափեն անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտելուց. Տիգրան Աթանեսյան

Մեր օրերում  բավականին հաճախ ենք լսում մեղադրյալի անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման մասին: Ամեն քայլափոխի Սահմանադրության  21-րդ հոդվածը, որը սահմանում է` «Հանցագործության մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Մեղադրյալը պարտավոր չէ ապացուցել իր անմեղությունը: Չփարատված կասկածները մեկնաբանվում են հօգուտ մեղադրյալի», խախտվում է:

Խնդրի հետ կապված` Asekose.am-ի լրագրողը  զրուցել է ՀՀ ՓՊ անդամ, փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ, ով կարծում է, որ անմեղության կանխավարկածը մեզանում անընդհատ խախտվում է` թե առօրյայում, թե հատկապես ԶԼՄ-ներում, և որպես այս սկզբունքի  խախտման հիմնական պատճառ մատնանշում է մեր լեզվամտածողության մեջ  սխալ տեղում կիրառվող բառերն և ձևակերպումները. 

«Եթե հասարակ քաղաքացիները չգիտեն և  չեն տիրապետում իրավաբանական ճիշտ ձևակերպումների  հասկանալի է, բայց գոնե լրագրողները ու հատկապես իրավական թեմաներ լուսաբանող լրագրողները, պետք է դրանք հստակ իմանան և իրենց տեքստերում ճիշտ ձևակերպումներով հանդես գան»,-նշում է նա:

Այս առումով` Տիգրան Աթանեսյանը ընդգծում  է, որ եթե անգամ, օրինակ, սպանության մեջ կասկածվողն ընդունում է իր մեղքը,  նա դեռ  համարվում է անմեղ, և անմեղ է այնքան ժամանակ, քանի դեռ չկա դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճիռ.

«Այսինքն`  նմանատիպ դեպքերում  և այդպիսի մարդկանց  «մարդասպանը», «սպանություն կատարողը» ներկայացնելը սխալ է և  ճիշտ է «սպանություն կատարելու մեջ մեղադրվողը» ձևակերպումը»,-տեղեկացնում է փաստաբանն ու ավելացնում, որ նման սխալ ձևակերպումները, բացի անմեղության կանխավարկածի սահմանադրական սկզբունքը խախտելը, նաև   որոշակի ազդեցություն կարող են ունենալ, թե հասարակ քաղաքացիների, թե նախաքննությունն իրականացնող մարմնի և թե արդեն դատարանի վրա:

Խոսելով այս սկզբունքի խախտման հետևանանքերի մասին, Տիգրան Աթանեսյանը ևս մեկ անգամ հիշեցնում է. «Անմեղության կանխավարկածը խախտող սխալ ձևակերպումները կարող են որոշակի ազդեցություն ունենալ  մարդկանց  ենթագիտակցության, գիտակցության  վրա, ինչի արդյունքում հասարակության կողմից մարդն ընկալվում է հանցագործ և վերջ, ու այդ ամենում մեղավորության իրենց բաժինն են ունենում անմեղության կանխավարկածի սկզբունքը խախտած  ԶԼՄ ներկայացուցիչները»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին