Այսօր «Մարիոթ» հյուրանոցում մասնակցում էի ԱՄՆ-ը, բրիտանական, գերմանական և կանադական դեսպանատների, Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ համաժողովին, որը ուներ «Պատասխանատու հանքարդյունաբերություն» անվանումը: Համաժողովին իր մասնակցություն էր բերել նաև ԲՆ Արամ Հարությունյանը: Մասնակիցների կողմից նրա ուղղությամբ հնչում էին գնահատականներ, հարցեր, առաջարկներ՝ կապված իր նախարարության գործունեության հետ: Ես էլ այդ պահին տվեցի նախարարության իմ գնահատականը՝ մեջբերում անելով (նշելով աղբուրը) ԲՆ-ի հանրային կապերի երկար տարիների նախկին պատասխանատու և այդ նախարարությունը ուղնուծուծով ճանաչող Արծրուն Պեպանյանին, որը մի առիթով ասել էր, թե «այդ նախարարությունը գերեզմանոց է»: Դա առաջացրեց Արամ Հարությունյանի հակազդեցությունը, ինչը աղմուկի պատճառով ես չլսեցի: Հետագայում լրագրողների հարցումներից հետո ուսումնասիրեցի այդ պահը արձանագրած տեսանյութը, որից պարզ դարձավ, որ Արամ Հարությունյանը սպառնում է «կտրել իմ ականջները» և անվանարկում է ինձ «լակոտ»: Բազմիցս շեշտել ենք, որ գոյություն ունի անհամապատասխանություն Արամ Հարությունյանի բարոյաիմացական, մասնագիտական որակների և իր զբաղեցրած պաշտոնի միջև: Քաղաքացիների հետ շփվելու իր այս ոճը կրկին գալիս է հաստատելու մեր իրավացիությունը: Համապատասխան եզրակացությունը թողելով նրան այդ պատասխանատու դիրքը վստահած մարդկանց ̀ ես հարկ եմ համարում ուշացումով արձագանքել Արամ Հարությունյանի սպառնալիքին և անվանարկմանը: Այսպիսով՝ «Ղալաթ (բառը փոխառված է կառավարության մեկ այլ անդամ Հրայր Թովմասյանի բառամթերքից), «կանես այ».... (հասկանալ խորհրդարանում Արմեն Ռոստոմյանի՝ Մալխասյանի բառարանից մեջբերած բառը): Իմ կողմից միջադեպը համարում եմ փակված: Լրատվամիջոցներին և ընկերներիս խնդրում եմ տարածել հայտարարությունը, որպեսզի այն անպայմանորեն հասնի հասցեատիրոջը:
Տեսանյութն` azatutyun.am-ի