▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Դեմիրճյանն այսօր կդառնար 82 տարեկան

Այսօր ՀՀ Ազգային հերոս, քաղաքական և պետական գործիչ Կարեն Սերոբի Դեմիրճյանը կդառնար 82 տարեկան:

Ծնվել է Երևանում: Միջնակարգ կրթությունն ստացել է Երևանի 26 կոմիսարների անվան դպրոցում։ 1949թ. ընդունվել է Երևանի Կ.Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի մեխանիկական ֆակուլտետը, որը գերազանցությամբ ավարտել է 1954թ.` ստանալով ինժեներ-մեխանիկի մասնագիտություն։ 1954-55թթ աշխատել է Լենինգրադի գիտահետազոտական ինստիտուտներից մեկում, 1955թ-ից` Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում (տեխնոլոգ, արտադրամասի ավագ վարպետ, պետ, կուսկոմիտեի քարտուղար, գլխավոր ճարտարագետ, տնօրեն): 1961թ. ավարտել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Մոսկվայի բարձրագույն կուսակցական դպրոցը: 1964-72թթ եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի քարտուղար, երկրորդ քարտուղար, 1972-74թթ` ՀԿԿ կենտկոմի քարտուղար, ապա` առաջին քարտուղարը, 1991-99թթ` «Հայէլեկտրամեքենա» բաժնետիրական ընկերության նախագահը և գործադիր տնօրենը: 1967-89թթ ընտրվել է ՀԽՍՀ, 1974-79թթ` ԽՍՀՄ Գերագույն խորհուրդների պատգամավոր: Նրա ղեկավարության տարիներին (1974-88թթ) հանրապետությունում շահագործման են հանձնվել Երևանի «Զվարթնոց», Գյումրիի «Շիրակ» և սահմանամերձ շրջանների օդանավակայանները, Երևանի մետրոպոլիտենի 1-ին հերթը, Հայկական ատոմակայանը, Մարզահամերգային համալիրը, կառուցվել են Արփա-Սևան ջրատարը, «Հրազդանմաշ», «Պոզիստոր», «Իմպուլս», «Մարս» և այլ գործարաններ, գրապալատը, Մասիս-Նուռնուս և Աղստաֆա-Իջևան-Հրազդան-Սևան-Մարտունի երկաթուղային մայրուղիներ և այլ շինություններ: 1975թ. ապրիլի 23-ին առաջին անգամ Հայաստանի բարձրագույն ղեկավարության անունից դատապարտել է Մեծ եղեռնի կազմակերպիչներին: Նրա ջանքերով 1978թ. ՀԽՍՀ նոր սահմանադրության մեջ վերահաստատվել է հայերենը պետական լեզու ամրագրող հոդվածը, 1980թ. կանխվել է Բաքու-Նախիջևան «Բարեկամություն» կոչված ավտոմայրուղու հայաստանյան` Մեղրի-Նյուվադի հատվածի շինարարությունը, կառուցվել է Մեղրի-Քաջարան ավտոմայրուղին, Գորիս-Ստեփանակերտ հեռուստավերահաղորդիչ կայանը: 1998թ. հիմնադրել է Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), 1999թ. ՀՀ խորհրդարանական ընտրությունների ժամանակ եղել է ՀԺԿ և Հանրապետական կուսակցության համագործակցությամբ ստեղծված «Միասնություն» դաշինքի համանախագահը (Վազգեն Սարգսյանի հետ): 1999թ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի նախագահը: Զոհվել է Երևանում` ՀՀ Ազգային ժողովի դահլիճում կատարված ոճրագործության ժամանակ: Կարեն Դեմիրճյանի անունով են կոչվել Երևանի մետրոպոլիտենը, Մարզահամերգային համալիրը, Երևանի թիվ 139 միջնակարգ դպրոցը, փողոցներ Երևանում և ՀՀ այլ քաղաքներում: 2004թ-ից Երևանում գործում է Կարեն Դեմիրճյանի թանգարանը:

1999թ. հետմահու արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչմանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին