▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստան-Արևմուտք դիվանագիտական ճակատամարտն ավարտվեց. 1-0 հօգուտ Ռուսաստանի

Ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ Ժնևյան համաձայնությունը մի շարք փորձագետներ դիտարկում են որպես փոխզիջումային տարբերակ շահագրգիռ բոլոր կողմերի միջև, իսկ ոմանք գնահատոում են դա որպես Արևմուտքի, ոմանք էլ` Ռուսաստանի հաղթանակ:

Գիտեք ինչ, ես կարծում եմ, որ եթե այս ձեռք բերված համաձայնությունը լինի սկիզբը այս ճգնաժամի չեզոքացման ճանապարհին, ապա դա առաջին հերթին կլինի Ուկրաինայի ժողովրդի հաղթանակը: Մյուս կողմից եթե, այնուամենայնիվ, խնդիրը դիտարկենք մնացած շահագրգիռ կողմերի տեսանկյունից, թե ով ինչ է այստեղ շահում կամ կորցնում, ինչպես նաև ում առաջնային դիրքորոշմանն է ավելի մոտ այս համաձայնագիրը, ապա իմ կարծիքով պայմանական ասած հաղթողն այստեղ Ռուսաստանն է:

Տեսեք շատերին թվում էր և շարունակում է թվալ, որ Ռուսաստանը փորձում էր գրավել Ուկրաինայի մեծ մասը և մեծ հաշվով ոչնչացնել Ուկրաինան այնպիսին ինչպիսին որ այն այժմ կա, սակայն, ոչ ոք ուշադրություն չէր դարձնում Ռուսաստանի կողմից շարունակական ուղերձներին, որոնք Մոսկվան ուղղում էր աշխարհին և Ուկրաինային, թե´ ուղղակի, թե´ անուղղակի ճանապարհներով:

Բանն այն է, որ Ռուսաստանին Ուկրաինան գրավել բնավ էլ պետք չէ, Ռուսաստանին պարզապես պետք է դաշնայնին պետական կառուցվածք ունեցող Ուկրաինա, որը թույլ կտա այդ երկրի արևելյան, ինչպես նաև հարավային շրջաններին ավելի անկախ գործել Կիևից և նպաստավոր պայմաններ կստեղծի, որպեսզի Ռուսաստանն ավելի ակտիվացնի իր գործունեությունը այդ շրջաններում: Դրանից զատ Ռուսաստանին պետք է, որ Ուկրաինան լինի չեզոք պետություն, իսկ ինչպես երեկ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Ուկրաինայի չեզոքության վերանայմանը վերաբերող ցանկացած հարց միանգամից հանվել է բանակցությունների օրակարգից:

Հիմա անդրադառնանք վերջապես այդ համաձայնագրին և հասկանանք թե ինչու սա կարելի է դիտարկել որպես Ռուսաստանի հաղթանակ: Այնտեղ նշվում է, որ բոլոր անօրինական զինված խմբավորումները պետք է զինաթափվեն և գրավված շենքերը ցուցարարների կամ էլ ինչպես իրենք են իրենց կոչում ինքնապաշտպանական ջոկատների կողմից պետք է վերադարձվեն տեղական իշխանություններին, բայց միևնույն ժամանակ Կիևը պետք է նախաձեռնի Ուկրաինայում ազգային համապարփակ երկխոսության գործընթաց, որը պետք է լինի բոլոր շրջանների մասնակցությամբ և հատուկ ընգծվում է, որ այդ գործընթացը պետք է բխի երկրում սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու տրամաբանությունից, ասել է, թե ամբողջ գործընթացի առանցը կազմելու է նոր սահմանադրության ընդունման հարցը:

Դե գիտեք ինչ գրավված շենքերի վերադարձը, կամ էլ զինված խմբավորումների զինաթափումն անմիջականորեն ստեղծված իրավիճակում գուցև չի բխում Ռուսաստանի շահերից, բայց դրա դիմաց սահմանադրական բարեփոխումների անցկացումն ամեն ինչ իր տեղն է գցում: Այնպես, որ այս համատեքստում կարծում եմ, որ Ուկրաինայից բացի որպես անմիջական դերակատար շահեց հիմնականում նաև Ռուսաստանը որպես երրորդ երկիր: Ամեն դեպքում Ժնևյան այս համաձայնագիրը չի ենթադրում իրենից խնդրի ամբողջական և համապարփակ լուծում, սակայն լարվածության թուլացման և հակամարտության վերջնական լուծման համար շատ լավ հիմքեր է ստեղծում: Այլ կերպ ասած` սա դեռ փոքրիկ դիվանագիտական ճակատամարտ էր ընդհանուր մեծ և խորքային պատերազմի, որից առաժմ շահող է դուրս գալիս Ռուսաստանը, իսկ թե ինչպես այս համաձայնագիրը կյանքի կկոչվի և դրական արդյունքների դեպքում, որոնք կլինեն դրան հաջորդող գործողությունները ցույց կտա ժամանակը:

 Վազգեն Ղազարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին