▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հույս ունենք՝ «Օձունի գանձերը» կվերածվի համահայկական տոնի. 3-րդ անգամ կայացավ ամենամյա փառատոնը

Նախօրեին Լոռու մարզի Օձուն համայնքում երրորդ անգամ կայացավ արդեն ավանդական դարձած «Օձունի գանձերը»  ամենամյա փառատոնը՝   «Օձունում միջհամայնքային ամենամյա հանդիպման» շրջանակներում:

Ծրագիրն իրականացվում է «Կնդարար» կոոպերատիվի նախաձեռնությամբ՝ G2iA (Միջմասնագիտական միջազգային հայկական խմբավորում) ֆրանսիական կազմակերպության, Ֆրանսիայի Ռոն-Ալպ ռեգիոնի, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հովանավորությամբ և համագործակցությամբ,  Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն և Ծաթեր համայքնների գյուղապետերի, Լոռու մարզպետարանի, «Les Amis du G2iA» միջմասնագիտական հայ-ֆրանսիական ցանցի և «Սփյուռքահայ ուսանողական խորհրդի» հետ գործընկերության արդյունքում իրականացվող ծրագրի շրջանակներում։

Փառատոնի նպատակն է մեկ անգամ ևս արժևորել Օձունի և հարևան 7 գյուղերի տեղական արտադրության մթերքները:

«Փառատոնը նպաստելու է տուրիզմի, ինչես նաև տնտեսության մյուս ճյուղերի զարգացմանը: «Օձունի գանձերը»  մեծ խթան է հանդիսանալու գյուղական համայնքների զարգացմանը, քանի որ գյուղերի բնակիչները հնարավորություն են ստանում ամեն տարի ցուցադրել ու վաճառել իրենց արտադրանքը: Ամեն տարի փառատոնը մեծացնում է ընդգրկման շրջանակները: Հույս ունենք, որ այն կվերածվի համահայկական տոնի»,-նշեց Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը:

«Փառատոնի նպատակն է արժևորել գյուղացու աշխտանանքը: Չափազանց կարևոր է, որ նրանք հասկանան՝  իրենց աշխատանքն արժեք ունի և գնատհատվում է թե ֆինանսական, թե բարոյական տեսանկյունից:  Ֆրասնիացիներն  ասացվածք ունեն՝ ավելի լավ է մեկ մոմ վառել մթության մեջ, քան այն անիծել հազար անգամ: Այստեղ տեսնում եմ շատ երեխաների, ովքեր արժանի են, որ իրենց ծնդդավայրում մեծանան և լավ կյանք ունենան: Ես շատ կուզենայի, որ մենք կարողանանք ամեն մեկս մեր աշխատանքով այնպես անենք, որ այս երեխեներն իրենց հողի վրա մեծանան»,- իր ելույթի ժամանակ ասաց G2iA հայաստանյան ներկայացուցիչ Ժան Մինասյանը:

Այս տարի փառատոնին մասնկացում և իրենց բարիքներն էին ներկայացնում Արդվի, Արևածագ, Այգեհատ, Հագվի, Կարմիր Աղեկ, Մղարթ, Օձուն, Ոսկեվան, Ծաթեր գյուղերը, ինչպես  նաև 5 հյուր գյուղեր՝ Այրումը, Լճկաձորը, Փանիկը և սահմանամերձ Չինարին ու Բերքաբերը: 

Փառատոնին իր մասնակցությունն էր բերել «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիան»: Ասոցիաիայի Լոռու մարզի ներկայացուցիչ  Արփինե Դարչինյանն ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ  ներկայացված  են «Հայաստանի երիտասարդ կանանց ասոցիացիայի նախաձեռնությամբ  ստեղծված «Հայկար» խմբի և Ախթալայում հիմնված կավագործության խմբի անդամների աշխատանքները:

«Ներկայացրել ենք ձեռքի աշխատանքներ, պայուսակներ, խնկամաններ, կժեր, կին աղամաններ, մրգերի ձևով ներկայացված բաժակի տակդիրներ: Այս փառատոնը կարևորովում է նրանով, որ կարողանում ես ներկայացնել քո ներքին կարողությունները, աշխատանքը, արժանանում գնահատանքի: Առաջին անգամ ենք մասնակցում որպես կազմակերպություն, նախկինում մասնակցել ենք այլ փառատոնների: Մարդիկ հետաքրքրված են, սակայն պետք է նշեմ, որ  գնողունակությունը  ցածր՝ բոլորիս հայտնի պատճառներով»,- նշեց մեր զրուցակիցը:

 Ոսկեվանի համայնքի կանայք ներկայացրել էին տարատեսակ չրեր, որոնք անտարբեր չէին թողնում գյուղի հյուրերին:

«Շատ ուրախ ենք նման միջոցառման մասնակցելու համար: Մեր խմբում ընդգրկված են 20 կանայք, որոնցից  12-ը մասնակցում են տարբեր ծրագրերի: Չրերի ծրագիր ունենք, ճագարաբուծության: Ուրախ ենք մեր աշխատանքը ներկայացնելու, ինչպես  նաև չունեցածը տեսնելու, հետագայում ընդօրինակելու համար: Ֆրանսիայի Ռոն-Ալպ ընկերության հովանավորոթյամբ չրագործությամբ ենք զբաղվում: Ինքնատիպ  արտադրանք ունենք, օրինակ՝  շաքարի ճակնդեղը, որ ընդօրինակել ենք Ֆրանսիացիներից, երբ այցելել ենք նրանց ֆերմերներին»,-ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Ոսկեվան համայնքի չրերի ծրագրի համակարգող  Մայրանուշ Ալեքսանյանը:

Կարմիր Աղեկ գյուը փառատոնին մասնակցում էր երկրորդ անգամ.

«Գյուղը հարուստ է տարբեր բանջարեղեններով, բերք ու բարիքով, մեղրով: Այսօր ներկայացրել ենք բանջարեղեններ, գյուղի կանանց պատրաստած խմորեղենը, տիկին Նվարդի արդեն հայտնի մեղրը, թթի օղի, սալորի օղի և նորահարսերի  ձեռքով պատրաստված թթու լավաշ:  Հետքրքրվողները շատ են: Նմանատիպ փառատոնները նաև վեր են հանում տարբեր խնդիրները, հնարավորություն տալիս գյուղացուն ներկայացնել իր տանջանքի արդյունքում ստեղծվածը»,- մեզ հետ զրույցում ասաց Անուշիկ Փանոսյանը:

Այս տարի առաջին անգամ փառատոնին ներկա էին նաև սահմանամերձ Չինարի և Բերքաբեր համայնքների ներկայացուցիչները:

«Սահման» ՀԿ-ն ֆրանսիական Ռոն-ԱԼՊ և G2iA Ընկերությունների համագործակցությամբ գյուղերում մեղվաբուծության ծրագեր է իրականացրել:

«Քանի որ մեղրաքամն արդեն  եղել է, մթեքը ներկայացնում ենք այս փառատոնի շրջանակներում: սա մեր առաջին փորձն էր: Ընտանիքներին զրոյից սովորեցնում ենք մեղր արտադրել և ահա այսօրվա ներկայացվածն այդ աշխատանքի արդյուքն է: Կարևորում եմ նմանատիպ փառատոնների անցկացումը, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ներկայացնել մթերքը, շփվել տարբեր մարդկանց հետ, ինչու ոչ՝  նաև համագործակցել»,- նշեց մեր զրուցակից «Սահման» ՀԿ ներկայացուցիչ Անահիտ Նազարյանը:

Իր արտադրանքն էր ներկայացրել նաև  Լճկաձորում վերջերս բացված պահածոների գործարանը, որի ներկայացուցիչները հավաստիացրին, որ հետաքրքրությունը մուրաբաների և հյութերի նկատմամբ բավական մեծ է: 

Փառատոնին իրենց մասնակցությունն էին բերել Օձունի և հարակից գյուղերի երգի ու պարի խմբեր: «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը՝ ազգային պարերի ցուցադրությամբ և պարուցուցմամբ: 

Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին