▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ով տերավոր, նա զորավոր

Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարավանդի վրա, Ալավերդի քաղաքից 8 կմ հարավ-արևմուտք գտնվում է Օձուն գյուղը: Ըստ ավանդության` Օձուն անվանումն առաջացել է «օծել» բառից: Սա պայմանավորված է նրանով, որ I դարում Օձուն է եկել Քրիստոսի աշակերտներից Թովմասը և եկեղեցու տեղում քահանաներ ու եպիսկոպոսներ է օծել: Հնդկաստան գնալուց առաջ Թովմաս առաքյալը Օձունի ներկայիս Սբ. Աստվածածին եկեղեցու խորանի վայրում ամփոփել է Քրիստոսի խանձարուրը, որի մասին արձանագրություն կա եկեղեցու հարավային դռան վերևում:

Համաձայն մեզ հասած մեկ այլ զրույցի` Օձունով է անցել Վարդան Մամիկոնյանը, երբ Գուգարքի բարձրավանդակով էր անցնում`վրացիներին օգնության շտապելով: Նա որոշում է հիվանդ և թույլ զինվորներին թողնել այնտեղ` ետդարձին իր հետ վերցնելու համար: Երբ Վարդանը զորքի հետ վերադառնում է, տեսնում է, որ շատ կարճ ժամանակում հիվանդները կազդուրվել են` շնորհիվ Օձունի աղբյուրի կենարար ջրի: Աղբյուրն այդուհետ հայտնի է «Կենարար աղբյուր» անվամբ:

Գյուղում զբաղվում են կաթնաանասնապահությամբ, կարտոֆիլաբուծությամբ, բանջարաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ: 

Այս տարի  գյուղի բնակիչների համար առաջնային խնդիրը եղել է ջուրը: «Հողագործ եմ, այսօր ինչ բերք ունեմ` այրվել է արևից. լոբի, լոլիկ, վարունգ…Այդ որ համատարած ջուր էին բերում-քաշում, մի մասը քաշեց, մյուսը` ոչ: Իմ ու քո է արված: Ով կարողացավ, կարողացավ»,-դժգոհեց մեր զրուցակիցը:

Նրա խոսքով` չլուծված է մնում տրակտորի խնդիրը: «Վարելու ժամանակ այսպես է`«Ով տերավոր, նա զորավոր»:

Բնակիչների հետ զրույցում պարզ դարձավ` գյուղի տղամարդկանց մեծ մասը երկրում չէ.

«Գրեթե տղամարդ չկա, բոլորը մեկնել են աշխատելու»,-նշեցին նրանք:

«Ջրի հարցը» փորձեցինք պարզել Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանի հետ, ով անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչո՞ւ գյուղացիների մեծ մասին ջուր չի հասնում, պատասխանեց, որ երկարատև երաշտի պատճառով է, մի քանի օրից երևի եղանակը կփոխվի և խնդիրը կլուծվի:

Իսկ, թե ինչո՞ւ է երաշտը միայն բնակիչների մի մասին վերաբերում ու նրանց այգիներին, ասաց.

«Ներքի մասերում, բնականաբար, ջուրն ավելի շատ է, քան վերևում, ճնշման պատճառով է»:

Ինչ վերաբերում է տրակտորին, ապա, գյուղապետի փաստմամբ` դրա խնդիրն էլ չկա:

Մեր այն դիտարկմանը, որ բացի բնակիչներին չհասնելուն, տեխնիկան նաև հին է, Արսեն Տիտանյանը նկատեց.

«Դե հին են, բայց խնդիր չկա.եթե մեկն ուզենա վարի` կվարի»:

Ամեն դեպքում, գյուղապետը կարևորեց գյուղտեխնիկայի, գյուղի լուսավորության, ասֆալտապատման և այլ խնդիրների լուծումը, որի համար, ինչպես նշեց,  քայլեր արվում են: «Արդեն 3 կմ ասֆալտապատման աշխատանքներ ենք կատարել, 86 լուսակետ ենք տեղադրել, ձեռք են բերել մի քանի գյուղտեխնիկա»,-հավելեց նա:

Գյուղապետին հրաժեշտ տվեցինք` բնակիչների համար շատ կարևոր «ջրի հարցը, գյուղտեխնիկայի խնդիրը առաջիկայում լուծված տեսնելու ակնկալիքով:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին