▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թանկարժեք հեռուստացույցի ոդիսականը կամ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր

2012 թվականի աշնանն ազատամարտիկ Հովհաննես Կոշկակարյանը և նրա կինը` Մարգարիտ Մնացականյանը, չնայած սուղ միջոցներին (ամուսինները 4 երեխաներ ունեն, սակայն տան միակ աշխատողը Հովհաննեսն է), որոշեցին ապառիկ կարգով հեռուստացույց գնել: Նրանք դա ստիպված էին անել, քանի որ նախկին` 13 տարվա  հեռուստացույցն այլևս չէր աշխատում: Գովազդի շնորհիվ տեղեկանալով «Ռիչ» համակարգիչների և կենցաղային տեխնիկայի խանութի ամանորյա զեղչերի մասին ամուսինները որոշեցին  հեռուստացույց գնել հենց տվյալ խանութից: Թեև գովազդում նշվում էր 0% կանխավճարի մասին, սակայն հեռուստացույց գնելիս տեղի ունեցավ  առաջին «անակնկալը».

«Խանութում պարզվեց, որ, անկախ գովազդային հայտարարությունից, 0% կանխավճարի մասին խոսակցութուն լինել չի կարող, քանի որ վճարում է բանկը: Միաժամանակ մեզ առաջարկեցին նվերներ՝ մասնավորապես մաքրող հեղուկ հեռուստացույցի խնամքի համար, ինչպես նաև 4% զեղչ տվյալ ապրանքի երաշխիքային սպասարկմամբ: Ընտրեցինք «TV SONY24EX410» մոդելի հեռուստացույց` վճարելով 26000 դրամ կանխավճար, բանկն առանց խնդրի տրամադրեց ապրանքի գումարը` 425000 դրամ,  որպես բարեխիղճ վճարող հաճախորդի»,-Asekose.am-ի թղթակցին ասաց Մարգարիտը:

Վեց ամիս անց հեռուստացույցի երջանիկ գնորդները որոշեցին հերթական անգամ օգտագործել «Ռիչ» խանութից նվեր ստացած հեղուկը, ապահովության համար անջատեցին հեռուստացույցը և անցան մաքրման, որից հետո այն սովորականի պես աշխատում էր: Մոտ 3 ժամ հետո անջատեցին հեռուստացույցը և այն այլևս չմիացավ: Ամուսիններն առանց հապաղելու հաջորդ օրն հեռուստացույցն իր երաշխիքային կտրոնի հետ միասին տարան «Ռիչ» խանութի սպասարկման կենտրոն, որտեղից էլ 10 օր անց ստացան ապշեցնող պատասխան.

«Պարզվեց, որ մեր անփույթ օգտագործման պատճառով հեռուստացույցը երաշխիքի մեջ չէ, իբրև թե մաքրելուց հեղուկը ներթափանցել էր էլէկտրոնային դետալների վրա: Երբ փորձեցինք ապացուցել հակառակը` ասելով, որ հեղուկը տրամադրել է իրենց խանութը և մենք այն կիրառել ենք ճիշտ այնպես ինչպես նկարագրված է հեղուկի ուղեցույցում, մեզ պատասխանեցին, որ դա իրենց չի վերաբերում և պետք է գնանք ստանալու՝ չվերանորոգված ապրանքը: Նույն պատասխանը ստացանք նաև խանութի տնօրենից՝ Արամ Վարդանյանից»:

Հուսահատ ամուսինները ստիպված եղան դիմել ՀՀ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մեկ տարի տևած գործի քննության ընթացքում հեռուստացույցն ուղարկվել է  ՀՀ «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ, որտեղ 6 ամսյա մանրակրկիտ զննության արդյունքում  պարզվել է, որ հեռուսռացույցն ունեցել է բազմաթիվ տեխնիկական խնդիրներ. Մասնավորապես՝ (մեջբերումներն արված են ՀՀ «Փորձագիտությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ  եզրակացությունից).

-հեռուստացույցի էկրանը շրջափակող պոլիմերային իրանը ստորին մասում որոշակիորեն լայնաբացված է և հպված չէ էկրանին, այսինքն` պաշտպանված չէ արտաքին ազդեցություններից

-հեռուստացույցի ապամոնտաժելուց հետո պարզվել է, որ ներքին դետալներն ամրացնող բոլոր հեղյուսներն ունեն քանդման ձգման բնորոշ հատկանիշներ

-ինչպես անզեն աչքով, այնպես էլ մանրադիտակի տեսադաշտում պարզվել է որ սալիկի միջնամասի աջ և ձախ կողմերում առկա են պլատայի էլեկտրոնային կոմպոնենտներ, որոնց գլխիկային մակերեսները պատված են կոռոզիոն և աղտոտվածության հետքերով: Հարկ է նշել, որ թեք ընկնող լույսի պայմաններում սալիկի մակերեսին երևում են վերջինիս լաքի շերտի տեղային վնասումներ, որոնք արտահայտված են շերտի բացակայություններով: Նշված պլատայի մակերեսին, ինչպես նաև մյուս էլեկտրոնային հանգույցների մակերեսներին բացի վերը նշված վնասվածքներով լաքի շերտից այլ պաշտպանական շերտ կամ դրանց ամրացման տեղամասեր չեն հայտնաբերվել

-ելնելով վերը նշված պլատայի վրա առկա էլեկտրոնային կոմպոնենտների վրա հայտնաբերված վնասվածքներից կարելի է եզրակացնել, որ տվյալ դեպքում տեխնիկական տեսակետից վերջիններս ենթարկված են քայքայիչ ներգործության, որը կարող էր առաջանալ պանելի տվյալ հատվածում գոյացած ազդեցությունից, ինչն էլ կարող էր հանգեցնել հեռուստացույցի անսարքությանը: Կոնկրետ ասել, թե տվյալ հեղուկի կուտակումը տվյալ հատվածում որքանով է կապված շահագործման կանոնների խախտման հետ, կամ առնչվում դրա հետ, փորձագիտական հետազոտման եղանակով տվյալ դեպքում պարզել հնարավոր չէ

Սակայն դատարանի վճիռն ամենևին էլ չի բավարարել Հովհաննես և Մարգարիտ ամուսնական զույգին.

«Դատարանը կիրառեց ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր սկզբունքը: Ըստ վճռի` հեռուստացույցը չի ունեցել գործարանային որևէ թերություն և անսարքությունը ծագել է գնորդի կողմից այն օգտագործելու կամ պահպանելու կանոնները խախտելու պատճառով: Ի՞նչ է ստացվում, «Ռիչ» խանութ-սրահից 425000 դրամով (մինչ ապառիկի ժամկետի ավարտը պետք է վճարենք ևս 100000 դրամ), ապառիկ գնել ենք անորակ ապրանքը, մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետով, որն իմ ընտանիքին ծառայել է 6 ամիս: Ստացվում է՝ կարելի է ի լուր երկրի սուտ գովազդով տարածել ապառիկի արտոնյալ պայմանների, երաշխիքային սպասարկման, բարձրորակ ապրանքի վաճառքի մասին և հետագայում հրաժարվել պարտավորություններից՝ օգտվել հասարակ քաղաքացիների անպաշտպանությունից, անգամ օրենքի առջև, քանի որ վստահ են իրենց անպատժելիության մեջ...»,-Asekose.am-ի թղթակցի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց Մարգարիտը:

Նշենք, որ ամուսինները բողոքարկել են վճիռը և հաջորդ  դատական լսումը կայանալու է  հոկտեմբերի 15-ին, իսկ մինչ այդ ընտանիքի մոր` Մարգարիտի խոսքով` իրենց 4 երեխաները զրկված են հեռուստացույց դիտելու հնարավորությունից:

Asekose.am-ը պատրաստ է նաև հրապարակել «Ռիչ» համակարգիչների և կենցաղային տեխնիկայի խանութի պաշտոնական մեկնաբանությունը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին