▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետությունը» հարձակվել է Սաուդյան Արաբիայի վրա՞

Սաուդյան Արաբիայում շուրջ 1,2 մլն հետևորդ ունեցող «Mujtahidd» անվանումով թվիթերյան հաշվի օգտատերը գրառում է կատարել այն մասին, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) իսլամական ծայրահեղ արմատական կազմակերպության մի քանի տասնյակ անդամներ Իրաքի տարածքից հատել են Սաուդյան Արաբիայի հետ սահմանը և հասել մինչև թագավորության Ռաֆհա քաղաք: Թեպետ վերոնշյալ տեղեկատվությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել ոչ ԻՊ-ի, ոչ Էր Ռիադի կողմից, այնուամենայնիվ, լայն տարածում է գտել համացանցային տիրույթում՝ մեծ խանդավառություն առաջացնելով իսլամականների համակիրների շրջանում և լուրջ մտահոգություն՝ նոր առաջնորդի հանգամանքով պայմանավորված ներքաղաքական վերափոխումների շրջափուլում գտնվող սաուդյան իշխանությունների մոտ:
Ինչ խոսք, բավականափափ դժվար է միանշանակ գնահատական տալ նման եղանակով և այդօրինակ տեղեկատվության ճշմարտացիությանն ու արժանահավատությանը: Ներկա ժամանակահատվածում առավել հավանական է, որ այն ընդամենը լրատվական խայծ է՝ ուղղված Սաուդյան Արաբիայի ներքաղաքական կյանքի ապակայունացմանը: Մյուս կողմից, նմանօրինակ տեղեկատվության տարածումն, անշուշտ, բխում է նաև ԻՊ-ի շահերից, քանի որ հատկապես վերջին շրջանում կառույցի՝ առավել հաճախակի դարձած մի շարք ռազմական և ռազմավարական նահանջներից հետո էականորեն տուժում է նրա հեղինակությունը: Եվ թեև ներկայում գրեթե բացառված է, որ իսլամականները նոր խոշորամասշտաբ հարձակման գնան նոր պետության դեմ (և հատկապես Սաուդյան Արաբիայի, շատ ավելի հավանական է Հորդանանի դեմ հարձակումը), այնուամենայնիվ, արաբական և իսլամական աշխարհում լրջագույն հեղինակություն ունեցող Սաուդյան Արաբիայում սեփական ցանցի ստեղծմանն ուղղված թեկուզ հիպոթետիկ փորձերն էականորեն կազդեն իսլամական ծայահեղ արմատական գաղափարներ հարող մուսուլմանների տրամադրությունների վրա ամբողջ աշխարհում:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին