▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նազարյանների բիզնեսը «փակվել» է. ինչ կլինի «Մոսկվիչկա»-ի փոխարեն. armlur.am

armlur.am-ը գրում է.  Այսօրվանից այլևս չի գործելու «Մոսկվիչկա» ցանցի` Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութը: Երեկ սուպերմարկետն ամբողջությամբ «դատարկել» էին, որպեսզի հանձնեն նոր սեփականատիրոջը: Ըստ մեր տեղեկությունների՝ նույն հասցեում գործելու է «Էվրիկա» սուպերմարկետը, որը Երեւանում մի քանի մասնաճյուղ ունի: Իսկ «Մոսկվիչկա» սուպերմարկետն այլեւս ցանց չի ունենալու, այդ անվամբ միակ խանութը գործելու է Երեւանի Հյուսիսային պողոտայում: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ «Էվրիկա» սուպերմարկետների ցանցը պատկանում է ազգությամբ եզդի Թեմուր Ուսուբովին: Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարին «Ժողովուրդ»-ը տեղեկացրել էր, որ ՀՀ նախկին վարչապետ, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին պատկանող «Ջերմուկ Ինթերնեյշնլ Պեպսի-Կոլա Բոթլեր» ՍՊԸ-ն դատական հայց է ներկայացրել Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն` Արմեն Նազարյանին պատկանող «Բիզնես լիդեր հոլդինգ» ՍՊԸ-ի դեմ: Այսօրվա դրությամբ Երեւանի նախկին ոստիկանապետի որդու ընկերության դրամական միջոցներն արգելանքի տակ են: Տեղեկացնենք նաեւ, որ հունվարի 26-ին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Ներսես Նազարյանը, անդրադառնալով իր որդու բիզնեսի խնդիրներին, ասել էր. «Ո՞վ այսօր բիզնես չունի, ո՞վ այսօր պրոբլեմ չունի բիզնեսում, կա՞ տենց մեկը»: «Ժողովուրդ»-ը երեկ զրուցել է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդու՝ Արմեն Նազարյանի հետ, որը ղեկավարում էր սուպերմարկետների ցանցը:

-Պարո՛ն Նազարյան, փաստորեն Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետի գործունեությունը որոշել եք դադարեցնել: Ինչո՞ւ եք վաճառել սուպերմարկետը, ըստ շրջանառվող տեղեկությունների՝ որոշել եք լքել Հայաստանը ու Ձեր բիզնես գործունեությունը ծավալել ԱՄՆ-ում:

-Փակվելու է սուպերմարկետը ու այլ ցանցի է միանալու, ես չեմ ուզում նշել, թե ինչ ցանց է այդտեղ գործելու, քանի որ դա իմ իրավասությունների մեջ չի մտնում: Կդառնա այն, ինչ կդառնա, դա բոլորը կտեսնեն: Ես հանձնում եմ այլ ցանցի: Սա արվում է միայն նրա համար, որպեսզի բոլոր հարցերը կարգավորվեն մատակարարների, բանկերի հետ, այժմ պրոցես է գնում, ու մենք փորձում ենք այդ պրոցեսում կարգավորել այս հարցերը: Ոչ մի ուրիշ խնդիր չկա: Այն տեղեկությունները, թե ես երկրից գնում եմ, իրականության հետ որեւէ կապ չունեն: Ես երկրում եմ:

-Տեղեկություններ կան նաև, որ Դուք դիմելու եք համապատասխան մարմիններին՝ Ձեզ սնանկ ճանաչելու համար: Պատրաստվո՞ւմ եք նման քայլի դիմել:

-Երկրից բացակայել, դիմել սնանկության, որեւէ մեկի գումարը չվճարել եւ այլն, եթե նման տեղեկություններ են տարածում, ապա Ձեզ վստահեցնում եմ, որ նման բան չկա: Խնդրում եմ, որ նման հերյուրանքների չհավատաք, դրանք սուտ տեղեկություններ են: Ես իմ ընտանիքով Երեւանում եմ, պատրաստ եմ ընդունել ցանկացած մարդու, ով կցանկանա պարզաբանում ստանալ: Կազմակերպությունը բոլոր նրանց, ում պարտք է, մինչեւ վերջ վճարելու է: Ու ես երկրից չեմ պատրաստվում գնալ: Իսկ Հյուսիսային պողոտայում գտնվող «Մոսկվիչկան» մնալու է նույն անվամբ, միանալու է այլ ցանցի ու նորմալ իր գործունեությունը շարունակելու է: Սայաթ-Նովայինը այլ ցանց է լինելու, Հյուսիսային պողոտայինը` այլ, այդ տարածքում գործելու են այլ ցանցի սուպերմարկետներ: Կրկնում եմ՝ դա արվել է նրա համար, որպեսզի առաջացած բոլոր խնդիրներին լուծում տրվի: 

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին