Դեռևս 1999 թվականին կոմպոզիտոր Արա Գևորգյանի կողմից գրված ճանաչված ու սիրված «Արցախ» ստեղծագործությունն առաջին անգամ հնչել է կոմպոզիտորի «Անի» կոչվող ձայնասկավառակի, իսկ մինչ ձայնասկավառակի թողարկելը՝ 1998թ-ին, նշված ձայնասկավառակի հեղինակային իրավուքները, որտեղ նաև «Արցախ»-ն է, Արա Գևորգյանը պահպանել է ԱՄՆ կոնգրեսի գրադարանում, փաստաթուղթն էլ տեղադրված է նրա պաշտոնական կայքում:
Այս ամենով հանդերձ՝ ՀՀ վաստակավոր արտիստը այս բոլոր տարիների ընթացքում այդպես էլ չի կարողանում հասկանալ, թե որն է պատճառը, որ ադրբեջանցիները, ցուցաբերելով անբարեխիղճ վերաբերմունք և անտեսելով իր՝ որպես ստեղծագործության հեղինակի ունեցած հեղինակային իրավունքները, «Արցախ»-ը հենց իր կատարմամբ օգտագործում են ադրբեջանական ֆիլմերում, բանակի առօրյան ներկայացնող տեսանյութերում, ինչպես նաև պաշտոնական բազում այլ միջոցառումների ընթացքում՝ հայտարարելով, որ հայ կոմպոզիտոր Արա Գևորգյանը «գողացել է» իրենց երաժշտությունը:
Asekose.am-ի հետ զրույցում Արա Գևորգյանը փոխանցեց, որ հենց այս խնդրին վերջապես լուծում տալու հույսով էլ ինքը կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանի հետ առաջիկայում պատրաստվում է հինգ նամակ-փաթեթ ուղարկել Ադրբեջան.
«Նամակներ ենք ուղարկելու Ադրբեջանի նախագահին, մշակույթի և պաշտպանության նախարարներին, Ադրբեջանի կոմպոզիտորների միությանը և KBH-ի թիմերին: Վատահ եմ, որ դրանք տեղ կհասնեն, վստահ եմ, որ իրենց այս խնդրի մասին կտեղեկացնեն, որովհետև իմ նպատակն այս դեպքում տեղեկացնելն է»:
Արա Գևորգյանն ընդգծում է, որ «Արցախ»-ն իրենցից գողանալու պնդումների մասին ինքը նաև նամակներում հարցադրում է անելու:
«Գրելու եմ, եթե դուք «Արցախ»-ը համարում եք ձերը, ապա ցույց տվեք որևէ աղբյուր՝ հեռուստահաղորդում, յութուբում տարածված հոլովակ և այլն, որտեղ ստեղծագործությունը հնչել է 1999 թվականից մի օր առաջ: Թող ցույց տան՝ որտեղ է հնչել, որ ես լսել ու գողացել եմ»:
Հայ կոմպոզիտորը գտնում է, որ ադրբեջանցիները թյուրիմացության մեջ են, որովհետև երաժշտությունն օգտագործում են հենց մեր երաժիշտների կատարմամբ:
«Ես զարմանում եմ ու կարծում եմ, որ իրենք հաստատ թյուրիմացության մեջ են: Օրինակ, պետության կողմից պատվիրված ադրբեջանական բանակի վերաբերյալ պետական տեսանյութում օգտագործում են իմ երաժշտությունը՝ հենց իմ ձայնասկավառակից, որտեղ նվագում եմ ես, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ջիվան Գասպարյանը՝ դուդուկ, Նորայր Շառոյանը՝ դհոլ և ուրիշներ: Եթե հասկանային գոնե մեր նվագածը չէին դնի ու տարածի, մի հատ ակորդեոնով, դհոլ, կլարնետով իրենք կկատարեին, կասեին՝ մերն է»,-նշում է սիրված երաժիշտը:
Իր այս քայլով Արա Գևորգյանն ընդամենը մեկ բան է ուզում, որ պաշտպանվեն իր հեղինակային իրավունքները և վերջ դրվի «Արցախ»-ը՝ ադրբեջանցիներից գողանալու անհեթեթ վարկածին:
«Թող որպես «Արցախ»-ի հեղինակ նշվի իմ անունը և այդ դեպքում ես այն սիրով կտրամադրեմ աշխարհի բոլոր այն մարդկանց, ովքեր ցանկանում են այն օգտագործել՝ անկախ ազգային պատկանելությունից: Այսօր աշխարհում ամենամեծ՝ Դուբայի և Լաս Վեգասի «Բելաջիոյի» շատրվաններն աշխատում են իմ երաժշտության տակ, Playstation 3 խաղի մեջ հնչում է իմ «Արցախ» ստեղծագործությունը: Բայց ամեն տեղ նշվում է հեղինակ՝ Արա Գևորգյան, և միայն ադրբեջանական կողմն է օգտագործում առանց հեղինակին հղման»,-մանրամասնում է նա:
Արա Գևորգյանն այս ամենով հանդերձ՝ նաև առաջարկում է, որ իր շուրջը համախմբվեն իրավաբաններ, խորհրդատուներ, որպեսզի պայքարը ավելի ճիշտ ու պրոֆեսիոնալ տարվի:
«Թող այդ բանիմաց մարդիկ խորհուրդ տան, սկսենք միջազգային դատական պրոցես և արդարությունը վերականգնենք դատավճռով: Ես ունեմ խորհրդատուների կարիք, որոնք ինձ խորհուրդ կտան, թե այս գործընթացն ինչպես ճիշտ կազմակերպենք»:
Հեղինակ՝ Անի Միրաքյան
Դիտեք նաև Asekose.am-ի Բացարձակ արժեք հաղորդումը՝ Արա Գևորգյանի մասնակցությամբ: