▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշո սուրբ Առաքելոց վանքը՝ գանձեր որոնողների հերթական թիրախ

 

ermenihaber-ը գրում է.Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական հայկական Մուշ քաղաքի Առաքելոց վանքն ու հարակից կառույցներն ավերվում է գանձեր որոնողների կողմից:

Ըստ թուրքական «Bugün» պարբերականի՝ 18-րդ դարի այդ վանական համալիրը հայտնվել է անմխիթար վիճակում: Աղբյուրի բնութագրմամբ` «խլուրդների բույնի» վերածված համալիրի գերեզմանները պղծված են, մարդկային ոսկորները` այսուայն կողմ ցիրուցան:

Այաք գյուղում գտնվող Արաքելոց վանական համալիրի ավերման փաստի առթիվ Թուրքիայի տարբեր բնակավայրերի հայկական համայնքների «Սոցիալական օգնության և մշակութային համերաշխության» միության նախագահ Ազիզ Դաղջըն դիմել է Մուշի նահանգապետարան, ինչից հետո իրավիճակի ստուգման համար ոստիկանական խումբ է ուղարկվել վանական համալիր: Կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համալիրի տարածքում մեծ թվով գերեզմանոցներ են քանդվել, փորվել, որոշ զարդանախշ գերեզմանաքարեր էլ անհետացել են:

Դաղջըի վկայությամբ՝ համալիրի ողջ տարածքում գանձեր որոնողների կողմից 3 մետր խորությամբ, 5 մետր լայնքով և 6 մետր երկարությամբ փոս է փորվել, վանքապատկան 23 խոշոր գերեզմանաթմբեր են փորվել:

«Անհայտ է, թե ինչու են տարել վանական համալիրի գերեզմանաքարերը: Դրանք նյութական արժեք չունեն, սակայն հոգևոր նշանակությունը շատ մեծ է: Բացի այդ, փորվել է համալիրի ողջ տարածքը ու թանկարժեք քարերը տարվել են», - ասել է հայկական կազմակերպության նախագահը:

Ազիզ Դաղջըն հայտնել է նաև, որ Առաքելոց վանական համալիրի՝ ավերումից պաշտպանության և վերականգնման խնդրանքով իրենք դիմել են ոչ միայն Մուշի նահանգապետարան, այլև Թուրքիայի ներքին գործերի, մշակույթի և զբոսաշրջության նախարարություններին: Հիմք ընդունելով ոստիկանների կատարած ուսումնասիրությունների արձանագրությունները՝ Առաքելոց վանական համալիրի ավերման կապակցությամբ բողոք է ներկայացվել Մուշի հանրապետական դատախազություն:

Դաղջըն կոչ է արել գանձեր որոնողներին հանգիստ թողնել հայկական եկեղեցիներն ու գերեզմանոցները: Դրա փոխարեն նա առաջարկել է իրավասու մարմիններին վերանորոգել հայկական պատմական հուշարձանները՝ վերածելով դրանք զբոսաշրջության կենտրոնների:

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին