▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուրիկ Խաչատրյանենց տանը կանեփ են ուտում

Սյունիքի մարզպետի որդու մասնակցությամբ վերջին միջադեպը, այն է՝ երկու երիտասարդների ծեծը, ինչ-որ տեղ կանխատեսելի էր. Սյունիքում անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում նման դեպքերի համար: Կանխատեսելի էր ոչ թե այն առումով, որ ծեծին մասնակցել է Տիգրան Խաչատրյանը, այլ նրանով, որ անպատժելիության մթնոլորտը պարարտ հող է ստեղծում նման դեպքերի համար: Անմեղության կանխավարկածը, ցավոք փոխարինվել է անպատժելիության կանխավարկածով և դրա հետևանքները մենք երկար կզգանք: Տարօրինակ է, որ որևէ մեկը չի վնասվել.չեմ ուզում գնահատել՝ սա պատահականություն էր, թե՞ դիտավորություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հայտարարելով, որ որպես Բուդաղյանների փաստաբան՝ չէր ցանկանա մեկնաբանել վերջին դեպքերը, ուստի՝ նա այդ մասին կարծիք հայտնեց սոսկ որպես իրավաբան: 

«Հատկապես Սյունիքում հաճախ ենք տեսնելու նման դեպքեր, եթե մարդիկ չտեսնեն, որ մեղավորները ենթարկվում են քրեական պատասխանատվության»,-ասաց նա:

Անդրադառնալով Տիգրան Խաչատրյանի, Զարզանդ Նիկողոսյանի և Սուրիկ Խաչատրյանի հետ կապված 2013 թվականի դեպքին՝ նշեց, որ գործը քննվում է 3 տարբեր ատյաններում: Սյունիքի մարզի դատարանում քննվում է Արտակ Բուդաղյանի մեղադրանքով քրեական գործը, Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների  դատարանում Բուդաղյանների բողոքները, իսկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարությունում արդեն  գրանցվել է  Բուդաղյանների գանգատը:

«Բազմաթիվ նոր խախտումներ, եթե չասեմ՝ կեղծիքներ են հայտնաբերվել: Հրավիրվել և հարցաքննվել են Բուդաղյանների գործը քննած 2 քննիչները: Պարզաբանումներ ստանալու փոխարեն ավելի խճճվեցինք՝ իրարամերժ, տարօրինակ ու զավեշտալի ցուցմունքների հետևանքով»,-հայտնեց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ դատարանը որոշել էր  թույլ տալ Սուրիկ Խաչատրյանի  երեք մերձավորների հեռախոսազանգերը գաղտնալսել, ըստ քննիչի, գաղտնալսում չի կատարվել՝  տեխնիկական պատճառով, սակայն փաստաբանը կարծում է, որ գաղտնալսման նյութը պարզապես  անհետացել է գործից, այսինքն՝ ըստ փաստաբանի, առկա է կեղծիք: Սուրիկ Խաչատրյանի կատարած զանգերի մասին 26 թղթից մնացել է 16-ը: 

«Քննիչը նաև խախտում էր կատարել. դեպքի վայրի զննության արձանագրության մեջ նշելով, որ տեսագրություն է կատարել: Վերջինս գործում չկա»:

Անդրադառնալով հայտարարություններին, թե ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության ներքո չի եղել, Ալում,յանը նկատեց. «Շատերը են փորձում կասկածի տակ դնել, թե իբր Տիգրան Խաչատրյանը թմրանյութի ազդեցության տակ չի եղել: Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ նրա արյան ու մազի մեջ հայտնաբերել են թմրանյութի հետքեր: Դա նրանք պատճառաբանում են, թե իբր դա առաջացել է նրանից, որ տանը իրենք կանեփը բովում ու ուտում են: Բայց դատաբժիշկը միանշանակ ցուցմունք է տվել, որ այդ եղանակով նման բան չէր կարող հայտնաբերվել»: 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին