▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարամ լինի այդ հացը...

Բոլորը զբաղված են «ստատուս քվոի» պահպանմամբ

Ժամանակն է ճշմարտությունն ասել բաց տեքստով, որովհետև «ռետինե խողովակի» կարգավիճակով ապրելը դառնում է այլևս  վտանգավոր սովորույթ, համազգային չարիք : Այսօր՝ հայրենիքից մինչև Սփյուռք իշխանությունները, նրանց տեղական և սփյուռքյան մանկլավիկները, վերից վար բոլոր սպասարկուները, մեծ ու փոքր եղջրավորները, ամեն բան անում են պահպանելու իրենց ստատուս քվոն, այսինքն, այն ինչն ունեն, ինչը «նվաճել» են տարիների ընթացքում: Սա իհարկե շատ բնական է և բնավ ոչ ոքու մոտ հատուկ զարմանք չի առաջացնում: Սակայն շատ զարմանալի է, իսկ գուցե շատերի մտքով անգամ չի էլ անցել, որ իրենց ունեցած ստատուս քվոի պահպանմամբ են զբաղված նաև նրանք, ովքեր թվում էր, թե պետք է շահագրգռված լինեին այս ողորմելի վիճակի փոփոխությամբ: 

Պարզվում է, որ այդպես միայն տրամաբանությունն է հուշում, իսկ իրականում բոլոր նրանք, ովքեր աշխատանք ունեն, մի բան «կպցրել» ու թեկուզ մի կերպ պահում են գլուխները, էլ չխոսենք նրանց մասին մասին, որոնք զբաղված են անձնական կարիերայի բարգավաճմամբ, այնքան էլ իրենց չեն պատռում երկիրը ստրկապետության ճիրաններից ազատագրելու համար:

Նրանք ինքնաբերաբար, ակամայից, առանց դրան անդրադառնալու, դողում են չարաբաստիկ «ստատուս քվոի» պահպանման վրա: Ստացվում է այնպես, որ մարդիկ իրենց ունեցածը կորցնելու վախից, իրավիճակի փոփոխության որևէ քայլ չեն ձեռնարկում, իսկ ամենասարսափելին այն է, որ այս հարցում շահագրգռված են միայն աղքատները, ռեժիմի օրոք կարիերայի հետևից չնկած, այլ ռեժիմի դեմ պայքարած «միամիտները»: 

Ապա մի եկեք առանց քաշվելու, առանց ճշմարտությունից վախենալու, հաշվենք ու տեսնենք, թե 10 մլն. հայության քանի՞ տոկոսն են կազմում վերջիններս: Պատկերը շատ ավելի տխուր է քան մենք պատկերացնում ենք...

Հ.Գ. Վա՜յ այն ժողովրդին, որին իր երկրի, զավակների ապագան ավելի քիչ է հետաքրքրում, քան  օրվա փախցրած հացը: Հարամ լինի այդ հացը...

Արմեն Զատիկյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին