▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

47 րոպեում կներկայացնեն Արշիլ Գորկու կյանքի ողբերգական հատվածները

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 19-ին տեղի կունենա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակն է «Հզոր զգացմունքներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանը, բեմի ձևավորումն ու հագուստների ձևավորումն իրականացրել է Համբուրգ բալետի հիմնական պարող, դիզայներ Օտտո Բուբենիչեկը: Ներկայացումն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող խորհրդի աջակցությամբ:

Բալետը 1 գործողությամբ է, ներկայացվելու են Արշիլ Գորկու կյանքի վերջին 2 տարիները.

«47 րոպեի ընթացքում կներկայացվեն Արշիլ Գորկու կյանքի ողբերգական հատվածները.3 անգամ փորձել է ինքնասպանություն կատարել, կինն ու երեխաները հեռացել են, վառվել է արվեստանոցը, ինքը մեծ դեպրեսիա է տարել»,-ասաց Արսեն Մեհրաբյանը:

Ժնևի Մեծ թատրոնի մենապարուհի Անժելա Լի Ռեբելոն, ով ներկայացման մեջ կատարելու է Արշիլ Գորկու կնոջ` Ագնես Մագրուդերի դերը, ասաց, որ այս նախագծին մասնակցելու իր հիմնական մոտիվացիան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է, բայց ինքը նաև որպես արտիստ մեծ հետաքրքրություն ունի Արշիլ Գորկու նկատմամբ և իր համար մեծ պատիվ է նման ներկայացման մի մասը կազմել:

Նշենք, որ նեկայացման առաջին հատվածում հանդես է գալու «Բարեկամություն» համույթը` կատարելով «Հերոսական բալլադ»-ը:

Արշիլ Գորկին արևմտյան գեղանկարչության խոշոր վարպետներից է: Իսկական անուն- ազգանունը՝ Ոստանիկ Ադոյան, 1925 թ-ին վերցրել է ռուս ականավոր գրող Մաքսիմ Գորկու ազգանունը: 

1915 թ-ի գաղթի ժամանակ մոր և քույրերի հետ եկել է Երևան, որտեղ զբաղվել է ատաղձագործությամբ և տպագրական գործով: 1919 թ-ին տեղափոխվել է Թիֆլիս, ապա՝ ԱՄՆ: Գորկին սովորել է Փրովիդենսի և Բոստոնի դիզայնի դպրոցներում, 1926 թ-ին ավարտել է Նյու Յորքի արվեստի կենտրոնական դպրոցը (որտեղ դասավանդել է 5 տարի): Սկզբնական տարիներին խորապես կրել է Մոնեի, Սեզանի, Մատիսի, Պիկասսոյի արվեստի ազդեցությունը, սակայն աստիճանաբար մշակել է իր ուրույն ոճը և ստեղծել դպրոց: Հայրենի բնությունն ու պատմական հուշարձանները, ժողովրդական ծեսերն ու ավանդույթները Գորկու համար դարձել են ստեղծագործական ներշնչման աղբյուր: Ստեղծագործական առաջին շրջանում հիմնականում նկարել է դիմանկարներ, այդ թվում՝ «Նկարիչն ու իր մայրը» (լուսանկարից՝ 1928–32 թթ.), նատյուրմորտներ և բնանկարներ: 

1930-ական թվականների կեսից Գորկին հակվել է դեպի վերացապաշտական (աբստրակտ) նկարչությունը: Կյանքի վերջին տասնամյակում ստեղծել է վառ գույներով ինքնատիպ կտավներ՝ «Այգիներ Սոչիում» (1938 թ., նկարաշարի նախկին անվանումը` «Այգիներ Խորգոմում»), «Ջրվեժ» (1943 թ.), «Ծաղկավետ ջրաղացի ջրերը» (1944 թ.), «Ինչպես է մորս ասեղնագործ գոգնոցը բացվում իմ կյանքում» (1944 թ.), «Հոգեվարք» (1947 թ.), «Արորը և երգը» (1947 թ.), որոնցով հետագայում արժանացել է համաշխարհային հռչակի:

1938 թ-ին Գորկին Հայաստան է ուղարկել 4 կտավ, իսկ 1941 թ-ին Նյու Յորքում կազմակերպված վաճառք-ցուցահանդեսում 2 կտավ է նվիրել` ի նպաստ Կարմիր բանակի: 1946 թ-ին այրվել են Գորկու 30-ից ավելի կտավներ: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:

Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր (Ուիթնի ամերիկյան արվեստի, Մետրոպոլիտեն և այլն), Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում և  այլուր, ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը:

Այժմ էլ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հուլիսի 9-ին և 10-ին, ժամը 19-ին տեղի կունենա «Արշիլ Գորկի» բալետային ներկայացման պրեմիերան: Բեմադրության հեղինակն է «Հզոր զգացմունքներ» պարային համույթի գեղարվեստական ղեկավար, շվեդական արքայական բալետի հիմնական մենապարող Արսեն Մեհրաբյանը, բեմի ձևավորումն ու հագուստների ձևավորումն իրականացրել է Համբուրգ բալետի հիմնական պարող, դիզայներ Օտտո Բուբենիչեկը: Ներկայացումն իրականացվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող խորհրդի աջակցությամբ:
Բալետը 1 գործողությամբ է:
Արսեն Մեհրաբյանը նշում է՝  տարիներ շարունակ ուսումնասիրել է Ա. Գորկու կյանքն ու գործունեությունը, բայց այս բեմադրության համար հիմք է հանդիսացել «Առանց Գորկու» կենսագրական ֆիլմը, որում Գորկու կինը, զավակները մանրամասնորեն ներկայացնում են նրա կյանքի վերջին տարիների պատմությունը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին